Արցախի ձայնը, անկախ աշխարհագրական սահմաններից, շարունակում է հնչել՝ միավորելով բոլորին
Գլխավոր » Լրահոս » Արցախի ձայնը, անկախ աշխարհագրական սահմաններից, շարունակում է հնչել՝ միավորելով բոլորին

Արցախի ձայնը, անկախ աշխարհագրական սահմաններից, շարունակում է հնչել՝ միավորելով բոլորին

2021 թվականին, պատերազմի ավարտից հետո, Համազգայինի Արցախի գրասենյակը նախաձեռնեց «Ապրելու ձայնը» ծրագիրը։ Այս նախագծի շրջանակներում Հայաստանից, Արցախից և սփյուռքից հրավիրված գրողները յոթ օր շարունակ այցելեցին Արցախի տարբեր համայնքներ՝ մասնակցելով գրական-մշակութային հանդիպումների։

Ծրագիրը նախատեսված էր որպես շարունակական նախաձեռնություն, որի նպատակն էր ամրապնդել Հայաստանի, Արցախի և սփյուռքի գրողների միջև կապերը, նրանց ստեղծագործական համագործակցությունը խթանելու միջոցով։ Ցավոք, Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների պատճառով, այլևս հնարավոր չէ ծրագիրը շարունակել Արցախում։ Չնայած դրան, Համազգայինի Արցախի գրասենյակը որոշեց շարունակել հնչեցնել Արցախի ձայնը՝ նախագիծը տեղափոխելով Հայաստան։ Կայացել է ծրագրի երրորդ հանդիպումը. գրողները հավաքվել էին՝ պոեզիայի, կիթառի և թեյի շուրջ, իրար հետ կիսվելով իրենց ստեղծագործություններով և Արցախի մասին պատմություններով։

Համազգայինի Արցախի գրասենյակի կազմակերպած գրական-երաժշտական երեկոյին մասնակցել են Հայաստանի և Արցախի գրողների միության անդամներ։ Նրանք կարդացին իրենց բանաստեղծությունները, իսկ երաժիշտները հնչեցրին իրենց կատարումները։ Երեկոյին իրենց ստեղծագործություններով հանդես եկան գրողներ Դավիթ Մշեցին, Հուսիկ Արան, Ալիսա Բաղդասարյանը, Արմեն Ավոն, Սոնա Համբարձումը, Արմինե Գրիգորյանը, Սիլվարդ Մարգարյանը, Զարինե Սառաջյանը և շատ ուրիշներ։ Այս հանդիպումը ոչ միայն գրականության և արվեստի երեկո էր , այլև Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սիրո ու հարգանքի արտահայտություն։ Արցախի ձայնը, անկախ աշխարհագրական սահմաններից, շարունակում է հնչել՝ միավորելով բոլորին։

1