Արցախի բնակչության կյանքը շրջափակման պայմաններում. փաստահավաք զեկույց
Գլխավոր » Լրահոս » Արցախի բնակչության կյանքը շրջափակման պայմաններում. փաստահավաք զեկույց

Արցախի բնակչության կյանքը շրջափակման պայմաններում. փաստահավաք զեկույց

Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց, սկիզբն՝ այստեղ։


Որքան և որտեղ հնարավոր է եղել, հարցազրուցավարները հավաքել են նաև լուսանկարներ,
փաստաթղթերի պատճեններ, տեսանյութեր և հարցվողների բանավոր վկայությունները
հավաստող այլ ապացույցներ: Հարցվողները նշել են նաև բաց համացանցային աղբյուրներում
առկա լրացուցիչ տվյալների (հիմնականում՝ տեսանյութերի) մասին:
Բոլոր հարցազրույցները, գրավոր և բանավոր եղանակներով հարցվողի համաձայնությունը
ստանալուց հետո, ձայնագրառվել են: Դրանց հիման վրա պատրաստվել են մանրամասն,
բառացի սղագրություններ:
Բոլոր հարցվողները, ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, տվել են իրենց
տեղեկացված համաձայնությունը՝ տրամադրված տեղեկատվությունը գրանցելու և
հետագայում օգտագործելու համար: Մասնավորապես, նրանք տեղյակ են եղել և համաձայնել
են, որ.
 Տրամադրած տեղեկատվությունը, փաստաթղթերը, լուսանկարները կամ իրերը կարող են
օգտագործվել իրավական գործընթացների շրջանակներում և կարող են փոխանցվել
իրավասու պետական և/կամ միջազգային մարմիններին, այդ թվում՝ հետաքննող։
11
 Տրամադրած տեղեկատվությունը, փաստաթղթերը, լուսանկարները կամ իրերը կարող են
օգտագործվել զեկույցներ, վերլուծություններ և այլ հրապարակումներ պատրաստելու
համար։
Վերլուծության փուլում դուրս են բերվել և զեկույցում արտացոլվել ինչպես եզակի և
յուրահատուկ, այնպես էլ՝ խմբային փորձառությունները։ Որտեղ հնարավոր է, դուրս են բերվել
ընդհանուր կամ տարածված օրինաչափությունները, միևնույն ժամանակ՝ արձանագրվել են
դրանցից տարբերվող երևույթները:
Զեկույցում հարցվողների խոսքերից մեջբերումները կատարված են բառացի՝ առանց
փոփոխության կամ խմբագրման: Որոշ տեղերում, եթե Արցախի բարբառը կամ համատեքստը
համարվել է դժվարընկալելի, խմբագրական ծանոթագրություններ ու մեկնաբանություններ են
արվել:

  1. Արցախի բնակչության կյանքը շրջափակման պայմաններում
    2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից սկսված շրջափակման արդյունքում
    Արցախի հայությունը բախվել է բազմաթիվ դժվարությունների, որոնք գնալով սրվել են 2023
    թվականի մայիս-հունիս ամիսներին։
    Շրջափակման առաջացրած խնդիրների սրության և մարդկանց վրա դրանց բացասական
    ազդեցության խորացման 3 հիմնական փուլ է հնարավոր առանձնացնել.
     2022 թ. դեկտեմբերից մինչև 2023 թ. մայիս-հունիս,
     2023 թ. հունիսից մինչև սեպտեմբեր,
     2023 թ. սեպտեմբեր՝ մինչև բնակչության բռնի տեղահանումը:
    Այս փուլերից յուրաքանչյուրում նկատվել է խնդիրների մասշտաբի և ինտենսիվության
    ավելացում:
    Սննդի պակաս և քաղցի զգացում
    Շրջափակման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը սննդի պակասն էր։ Շատ
    հարցվողներ նշել են, որ սննդամթերքի պակասի պատճառով հաճախ սոված են մնացել։
    Օրինակ, Ստեփանակերտի մի բնակիչ նշել է, որ 6 օր առանց հացի է մնացել։ Մյուսները նշել
    են, որ հացը բաժանել են ընտանիքի անդամների միջև, իսկ երբեմն հացը թխել են տան
    պայմաններում՝ օգտագործելով անորակ ալյուր կամ թեփ։ Չնայած դրան, շատերը կարողացել
    են գոյատևել՝ օգտագործելով տեղական մրգեր, բանջարեղեն և այլն։ Կարմիր Խաչի
    կազմակերպությունը նույնպես սննդի մատակարարում է իրականացրել։
    Սննդի պակասը հատկապես սուր է զգացվել մայրաքաղաքում, որտեղ բնակչությունը չուներ
    անասնապահության և հողագործության նույն հնարավորությունները, ինչ՝ գյուղաբնակները:
    Շրջանների բնակչությունը մթերքով մեծապես աջակցել է Ստեփանակերտին, սակայն
    տեղաշարժը խնդրահարույց է եղել վառելիքի պակասի պատճառով: Հարցվողներից մեկը նշել է,
    որ Մարտունու շրջանի Ննգի գյուղից ուսապարկով մթերք են բերել Ստեփանակերտ:
    Ստեփանակերտում իշխանությունները կիրառել են տարբեր սննդամթերքների
    չափաքանակներ՝ ներդնելով կտրոնային համակարգ: Օրինակ, ամսական տրվում էր 1 լիտր ձեթ,
    որոշակի քանակությամբ ձավարեղեն, շաքարավազ։
    Սննդի պակասի պատճառով շատ ընտանիքներ ստիպված են եղել դիմել ծայրահեղ
    միջոցների, օրինակ՝ օգտագործել անասունների կերակրելու թեփը՝ հաց թխելու համար։ Շատ
    դեպքերում մարդիկ ստիպված են եղել հացի հերթերում կանգնել ժամերով, երբեմն նույնիսկ
    օրերով: Հաճախակի էին դեպքերը, երբ մի ամբողջ օր հերթում սպասելուց հետո էլ ոչինչ չեն
    կարողացել գնել, քանի որ սնունդը սպառված է եղել։
    Մայրաքաղաք Ստեփանակերտի մի բնակիչ նշել է, որ օրական մի հոգուն կես հաց էր
    հասնում։ Այդ չափաքանակը գնալով քչանում էր։ Շրջափակման վերջին շրջանում արդեն մեկ
    շնչին օրական հասնում էր 200 գրամ ցածր որակի հաց։
    Քաղցրեղենի պակասը հատկապես դժվարություններ է առաջացրել երեխաների համար։
    Շատ ընտանիքներ ստիպված են եղել օգտագործել մրգեր և բանջարեղեն՝ քաղցրեղենի
    փոխարինման համար։ Քաղցրեղենի պակասը հանգեցրել է նաև հոգեբանական խնդիրների,
    հատկապես երեխաների մոտ։
    13
    Հարցվողները նշել են, որ մթերային խանութներում դատարկություն էր, և 2023 թ. հունիսի
    15-ից հետո խանութներում միայն ալկոհոլ կար։
    Որոշ սննդամթերքների բացակայությունը ստիպել է դիմել ծայրահեղ միջոցների։
    Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղից մի հարցվող նշել է․ «Աղ չունեինք, որ լցնեինք ճաշի մեջ,
    ձեթ չունեինք, որ ճաշ եփեինք։ Աղը էն ճանապարհի եզրերին որ ցանում ես, որ ձյունը հալվի, էդ
    աղը բերում էինք, եռացնում 2-3 անգամ, նոր ճաշի մեջ քցում»։
    «Օրեր կային, որ առանց հաց էինք մնում»:
    «Մի գդալ կոֆե չէինք գտնում, էն գարին մեկ-մեկ աղում էինք, սուրճ էինք խմում»:
    «Էնքան որ միասին հաղթահարել ենք սովի դեմ։ Ինչ-որ բաներ ճարում էինք, ընենց չի, որ
    լրիվ սոված էինք»:
    «Օր ա եղել, ես եթե հաց եմ հայթայթել, երկու հաց, ես բերել, մի հացը սառեցրել եմ,
    սառնարան եմ դրել, մյուս հացը 8-9 կտոր եմ արել ու էդ 8-9 կտորը 3-4 օր տալիս էի մեր մեծին
    ու մեր փոքրին»:
    «Երեխաները սնիկերսի թղթեր էին գտնում և խնդրում փող՝ կոնֆետ գնելու համար»:
    «Երեխայի հետ խանութի կողքով, բայց աչքերը փակ ենք անցել, որ կոնֆետ չուզի»:
    «Մի օր աղջիկս սնիկերսի թուղթ ա գետնից գտնում, ասում՝ պապա՛, ինձ փող կտաս: Ասում
    ա՝ ինչի՞ համար: Ասում ա՝ գնում եմ խանութ: Պապան 1000 դրամ տալիս ա: Գնում ա խանութ,
    ասում՝ կոնֆետ եմ ուզում, հիմա աշխատողը չգիտի՝ ինչ ասի: Ասում ա՝ ձև ասեմ ձեզ, գնացե՛ք
    պեսոկը գդալի մեջ տաքացրեք, կոնֆետ ա դառնում: Արմենը անում ա էդ մեթոդը, 3 օրը մեկ
    սարքում էինք: Երեխեքը դրանով էնքան էին ուրախանում, ոնց որ աշխարհի վերջ լիներ»:
    Հացի և սննդամթերքի հերթեր
    Հացի և սննդամթերքի հերթերը դարձել էին առօրյա, սովորական երևույթ։ Մարդիկ ստիպված
    են եղել ժամերով, երբեմն օրերով հերթ կանգնել՝ հաց ստանալու համար։ Հերթերում մարդկանց
    միջև լարվածություն, սթրես և կոնֆլիկտներ են առաջացել։ Շատ դեպքերում հերթերում մարդիկ
    ուշագնաց են եղել սովից և հոգնածությունից։
    Շատ դեպքերում մարդիկ հերթերում կանգնել են գիշերվա ժամերին, որպեսզի գոնե
    առավոտյան կարողանան գնել հաց: Սակայն հաճախ նույնիսկ հերթում սպասելուց հետո ոչինչ
    չեն ստացել։
    «Ժողովրդի մեջ արդեն մի տեսակ վայրենություն էր սկսել, գոյության պայքար էր»:
    «Որ հիշում էինք, որ պետք ա գնայինք հացի հերթերը։ Կարծես թե․․․ Ես կողքից նայում էի,
    կեսը արտասվախառը, կեսը հուզումնախառը, կեսը սոված, կեսը․․․ Չգիտե՛մ ոնց նկարագրեմ,
    չգիտե՛մ՝ ոնց պետք ա նկարագրեմ»:
    14
    «Մարդ կա՝ գալիս ա 20 ժամ հերթ ա կանգնում, հետո առանց որևէ բանի գնում ա տուն,
    վաղը առավոտ գալիս ա, տեսնում ա՝ նոր ցուցակ են կազմել ինչ-որ մարդիկ ու ինքը էդ
    ցուցակում չկա ու պիտի 10 ժամ հերթ կանգնի, որպեսզի բան առնի»:
    Սննդամթերքի և այլ ապրանքների թանկացումներ
    Շրջափակման պայմաններում սննդամթերքի և այլ ապրանքների գները կտրուկ բարձրացել
    են։ Օրինակ, մեկ ձվի գինը հասել է 800 դրամի (թանկացել է շուրջ 10-15 անգամ), իսկ
    շաքարավազի մեկ կիլոգրամի գինը՝ 10 հազար դրամի (թանկացել է ավելի քան 20 անգամ)։
    Ստեփանակերտում կարտոֆիլի գինը 3,000 դրամի է հասել, լոբու գինը՝ 5,000, իսկ ձեթի գինը
    հասել է 10,000 դրամի։ Վարունգը վաճառվում էր 2,000 դրամով, լոլիկը՝ 3,000։
    Ստեփանակերտում շատ ապրանքներ վաճառվում էին ռուսաստանցի խաղաղապահների
    կողմից։ Ինչպես նշել է մի հարցվող, նրանց կատակով անվանում էին միռատվոռցի-տառգովցի
    (խաղաղապահներ-վաճառականներ – խմբ.)։
    Ռուսաստանցի խաղաղապահները գյուղացիներին ալյուրի մեկ կիլոգրամը վաճառել են 2,000
    դրամով, իսկ դրա գինը Մարտակերտ քաղաքում հասել է 2,500 դրամի։
    Խաղաղապահները աղի մեկ տուփը վաճառել են 3,000 դրամով, մեկ հատ օճառը՝ 5,000
    դրամով։
    Վառելիքի գները նույնպես կտրուկ բարձրացել են։ Օրինակ, գյուղատնտեսական
    աշխատանքներ կատարելու համար գնվող 20 լիտր սալյարկան Մարտակերտի Առաջաձոր
    գյուղում գնվել է 60 հազար դրամով։ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղում հունիս ամսից
    հետո այն գնում էին 10 կամ 20 հազար ռուբլիով։ Բենզինի 20 լիտրը Մարտակերտի Կուսապատ
    գյուղում եղել է 50,000 դրամ, նույնիսկ 90.000 դրամի է հասել։
    Շատ դեպքերում մարդիկ ստիպված են եղել ապրանքափոխանակության դիմել, քանի որ
    դրամական միջոցները բավարար չեն եղել։ Փոխօգնությունը հատկապես կարևոր է եղել
    երեխաների և ծերերի համար, որոնք առավել խոցելի են եղել շրջափակման պայմաններում։
    «Մեկ սիգարետը մենք առել ենք 3,000 դրամով, մի պաչկա սիգարետը»:
    «Մեկ տուփ ծխախոտը Ստեփանակերտում օգոստոսի վերջին արժեր 5,000 դրամ»։
    «Մարդիկ հիմնականում ծխախոտ էին գնում, որպեսզի հետագայում այդ ծխախոտը ինչ-որ
    բանի հետ փոխանակեն՝ ձեթի, շաքարավազի և այլն»։
    «Տոյոտա քեմրի»-ն փոխել են խաղաղապահների բերած 100 բլոկ ծխախոտի հետ»։
    Ջուր
    Էլեկտրաէներգիայի բացակայության ժամանակահատվածներում ջրի պոմպերը չեն
    աշխատել, ինչը դժվարություններ է առաջացրել։ Շատ գյուղերում ջուրը կտրվել է, և մարդիկ
    ստիպված են եղել դույլերով ջուր պահել։
    15
    Ստեփանակերտի որոշ թաղամասերում ջրի խնդիրները լուծվել են այլընտրանքային
    մեթոդներով, օրինակ՝ աղբյուրներից ջուր բերելով։ Ջրի պակասը հատկապես ծանր է եղել
    ամռան ամիսներին, երբ ջրի պահանջարկը բարձր է եղել։
    «Ջուրը կտրել էին, և մենք դույլերով ջուր էինք պահում»։
    Էլեկտրաէներգիա
    Ինչպես Հայաստանից Արցախ գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը
    ընդհատվել է Ադրբեջանի կողմից, ինչի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումն
    Արցախում եղել է անկայուն։
    Շրջափակման սկզբնական շրջանում հոսանքը տրվում էր 6 ժամը մեկ, հետո՝ 4 ժամը մեկ,
    իսկ շրջափակման վերջին ամիսներին հոսանքը տրվում էր ընդամենը 2 ժամ օրական։
    Որոշ ժամանակահատվածներում էլեկտրաէներգիա ընդհանրապես չի եղել։
    Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մատակարարումը համեմատաբար կայուն է եղել,
    բայց ձմռանը դժվարություններ են առաջացել։ Հոսանքի բացակայության պատճառով մարդիկ
    ստիպված են եղել օգտագործել գեներատորներ, սակայն վառելիքի պակասը խոչընդոտել է
    դրանց երկարատև աշխատանքը։
    Շատ տներում օգտագործվել են հատուկ լամպեր, որոնք հոսանքի բացակայության դեպքում
    մի քանի ժամ լուսավորում էին ապահովում։ Էլեկտրաէներգիայի անկայունությունն ազդել է նաև
    ջրի մատակարարման վրա, քանի որ ջրի պոմպերը չեն աշխատել առանց հոսանքի։
    «Հոսանքը գնում էր, իսկ մենք հեռախոսները լիցքավորում էինք ավտոմեքենայի
    ակումուլյատորով»։
    «Հեռախոսները մանկապարտեզի արևային պանելներից էին լիցքավորման դնում»։
    Ջեռուցում
    Արցախում գազի մատարակարումը վերջնականապես դադարեցվել է 2023 թ. մարտից:
    Շուշիի տարածքում ադրբեջանական կողմի միջամտությամբ վնասվել կամ խոչընդոտվել էր
    Հայաստանից գազ մատակարարող խողովակների գործառումը:
    Ջեռուցման հիմնական միջոցը փայտն էր։ Որոշ դպրոցներում ջեռուցումն ապահովվել է
    փայտի միջոցով, իսկ որոշ դեպքերում դպրոցներն ընդհանրապես չեն ջեռուցվել։ Շատ
    գյուղերում գազի մատակարարումը դադարեցվել էր դեռևս 2022 թ. դեկտեմբերից, ինչը ձմռանը
    ծանր հետևանքներ է ունեցել։ Մարդիկ ստիպված են եղել ջեռուցման համար օգտագործել
    փայտ, սակայն դրա պակասը նույնպես խնդիր է եղել։
    Շատ դեպքերում մարդիկ ստիպված են եղել ձմռան ամիսներին ապրել ցուրտ պայմաններում,
    ինչը հատկապես ծանր է եղել երեխաների և ծերերի համար։
    «Մեր գյուղը ընդհանրապես գազաֆիկացված չի եղել։ Գազը դեկտեմբերից անջատված էր»։
    16
    Կապ և տրանսպորտ
    Տրանսպորտի և կապի խնդիրները եղել են ամենախնդրահարույցները։ Վառելիքի պակասի
    պատճառով մարդիկ չեն կարողացել տեղաշարժվել՝ նույնիսկ հիվանդներին հիվանդանոց
    տեղափոխելու համար։
    Շատ դեպքերում մարդիկ ստիպված են եղել ոտքով անցնել մեծ հեռավորություններ։ Օրինակ,
    Մարտունիից ոտքով հասել են Ստեփանակերտ՝ անցնելով մոտ 45 կմ։
    Հասարակական տրանսպորտը 2023 թ. հունիսից դադարել է գործել։ Տրանսպորտի
    բացակայությունը հատկապես ծանր հետևանքներ է ունեցել գյուղերի համար, որտեղից մարդիկ
    չեն կարողացել հասնել մոտակա քաղաքներ՝ սննդամթերք կամ դեղորայք ձեռք բերելու համար։
    Շատ դեպքերում տեղաշարժվելու համար մարդիկ ստիպված են եղել օգտագործել
    կենդանիներ՝ ձիեր կամ էշեր։
    Կապի, տրանսպորտի, տեղեկատվության փոխանակման հարցն առավել խնդրահարույց էր
    պետական և տեղական իշխանության մարմինների համագործակցության համար։ Տուժել է
    համայնքների և շրջկենտրոնների միջև կապը:
    Կտրոններով տրվող սահմանափակ վառելիքն առաջնահերթ օգտագործվում էր
    գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։
    Տրանսպորտի խնդիրը դրսևորվում էր հատկապես սննդամթերքի տեղափոխման հարցում.
    մեծ դժվարություն էր ցորենը դաշտերից ալրաղաց տեղափոխելու, կամ՝ գյուղատնտեսական
    մթերքները շրջաններից մայրաքաղաք հասցնելու հարցը:
    Երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախելու համար հաճախ ոտքով էին տեղ հասնում՝
    հաղթահարելով մեծ տարածություններ:
    Մայրաքաղաքում էլեկտրոմոբիլներով են փորձել կազմակերպել տեղաշարժը։ Շրջաններում
    տրանսպորտին փոխարինել են կենդանիները՝ ձին, էշը։ Կարևոր դեր է խաղացել նաև
    հեծանիվը։
    «Հեծանիվով էի շարժվում Մարտունիում: Լավ էլ դժվար բան ա։ Բայց գնում Ստեփանակերտ,
    գալիս էի հեծանիվով»։
    «Պիտի զանգեիր վարչակազմին, վարչակազմը 5 լիտր բենզին տար, էն էլ էթայիր, ճամփին
    մնայիր»։
    «Վառելիքը տալիս էին աշխատավորներին, հաշվարկած, գրամ առ գրամ, թե մեկ հեկտարին
    ինչքան պետքա գնա, նպատակային»։
    «Ոչ մի ձև հնարավոր չէր ապահովել, վառելիք չկար, չէին տրամադրում, անգամ երեխաս 40
    աստիճան ջերմության մեջ է եղել, անգամ այդ ժամանակ վառելիք չէն տրամադրել, որ տանենք։
    Մենք մեր ուժերով, 20 լիտր բենզինին 45 հազար դրամ ենք տվել, առել ենք, որ երեխային
    տանենք հիվանդանոց»։
    Ինտերնետ և հեռախոսակապ
    17
    Ինտերնետի մատակարարումը կախված է եղել էլեկտրաէներգիայից։ Երբ հոսանք չի եղել, չի
    ապահովվել նաև ինտերնետ կապ:
    Ադրբեջանի կողմից մի քանի անգամ կտրվել է ինտերնետի մալուխը, ինչը խաթարել է կապի
    աշխատանքը։
    Հեռախոսակապ հիմնականում եղել է, բայց որակը բարձր չի եղել։ Ստեփանակերտում
    հեռախոսով երկար խոսել չի հաջողվել։
    Շատ դեպքերում մարդիկ ստիպված են եղել հեռախոսները լիցքավորել ավտոմեքենաների
    ակումուլյատորներով կամ արևային պանելների միջոցով։ Կապի խնդիրները հատկապես ծանր
    են եղել գյուղերում, որտեղ ինտերնետի հասանելիությունը նույնիսկ նորմալ պայմաններում
    (նախքան շրջափակումը) ցածր է եղել։
    «Կապը ահավոր էր, զուտ հեռախոսազանգ րոպեից ավել չէր լինում, էն էլ ոչ նորմալ»։
    «Պահ էր լինում, որ օրվա մեջ ուզենայիր մի հոգու զանգեիր, երեք ժամ չարչարվեիր, որ
    կարողանայիր զանգել»։
    Բժշկական օգնություն
    Բժշկական օգնության խնդիրները եղել են ամենաբարդն ու զգայունը։ Դեղորայքի պակասի
    պատճառով շատ հիվանդներ չեն կարողացել ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանց մի մասը
    ստիպված են եղել օգտագործել դեղերի փոխարինողներ, ինչը հանգեցրել է առողջական լուրջ
    խնդիրների։
    Շատ դեպքերում հիվանդների բուժումն իրականացվել է տան պայմաններում։
    Հղի կանայք և հաշմանդամներն առավել շատ են տուժել։ Հիվանդներին Հայաստան
    տեղափոխելու համար վառելիք չի եղել, ինչը հանգեցրել է մահվան դեպքերի։ Բժշկական
    օգնության բացակայությունը հատկապես ծանր է եղել երեխաների և ծերերի համար, որոնք չեն
    կարողացել ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
    Մայրաքաղաք Ստեփանակերտում հազվադեպ գործում էին միայն 2 շտապօգնության
    մեքենա. մարդիկ հիմնականում իրենց մեքենաներով էին հիվանդներին տեղափոխում
    հիվանդանոց։
    «Շրջափակման ընթացքում ինձ մոտ խնդիր եղավ: Ես դեղ պետք է խմեի, որի հետ խմեցի ևս
    մի հատ, որը ինձ չէր նշանակված, բայց իմ դեղի փոխարինիչ տարբերակն էր, որովհետև վաբշե
    դեղ չկար էդ ժամանակ Արցախում»:
    Ու ես ալերգիա ստացա, ալերգիկ մեծ ֆոն ունեցա ու էդ պահին, բարեբախտաբար,
    շտապօգնության համար ինչ-որ չափով վառելիք կար, ու էդ վառելիքի միջոցով ես հասա
    հիվադանոց:
    Եթե էդ վառելիքը չլիներ, բժշկի խոսքով, ես մի քանի ժամ հետո ուղղակի չէի լինի»։
    «Ոչ մի ձև հնարավոր չէր ապահովել, վառելիք չկար, չէին տրամադրում։ Անգամ երեխաս 40
    աստիճան ջերմության մեջ է եղել, անգամ այդ ժամանակ վառելիք չէն տրամադրել, որ տանենք։
    Մենք մեր ուժերով, 20 լիտր բենզինին 45 հազար դրամ ենք տվել, առել ենք, որ երեխային
    տանենք հիվանդանոց»։
    18
    «Առավոտից իրիկուն մենք մտածում էինք՝ ոնց մեր հիվանդի հարցերը կարգավորենք, ոնց
    փոքր երեխու կերը գտնենք»։
    Կրթություն
    Երեխաների կրթության հետ կապված խնդիրները ներառել են դասերի ընդհատումները,
    դպրոցների ջեռուցման խնդիրները և երեխաների թերսնուցումը։
    Շատ դեպքերում դասերն անցկացվել են առցանց, բայց դա նույնպես դժվարություններ է
    առաջացրել։ Տներում հոսանքի բացակայությունը կամ էլեկտրաէներգիայի՝ ընդհատումներով
    մատակարարումը խոչընդոտել է կրթությանը։
    Մանկապարտեզները հիմնականում փակվել են՝ բացառությամբ Մարտունի քաղաքի, քանի
    որ Մարտունիի մանկապարտեզում սնունդ եղել է։
    Դպրոցներում դասերի ծավալը կրճատվել է, իսկ որոշ դեպքերում դպրոցները միավորվել են՝
    վառելիքի խնայողության նպատակով։
    Ուսման ընդհատման վառ օրինակ է Մարտակերտի Չլդրան գյուղից հարցվողի պատմածը.
    «Բլոկադայի ժամանակ մեծ տղաս գնացել է Ստեփանակերտ՝ ծրագրավորող դառնալու համար
    սովորելու, բայց էնտեղ հնարավոր չէր մնալ: Պիտի գար տուն, տնից տրանսպորտով ամեն օր
    գնար-գար: Հետո բլոկադայի ժամանակ տրանսպորտ որ արդեն չկար, ուսումը մնաց կիսատ: Ու
    հետո էկավ ստեղ (նկատի ունի՝ Հայաստան – խմբ.), որ մնաց կիսատ, նորից գնաց
    տասներկուերորդ դասարան»:
    Երեխաները հաճախ սոված են գնացել դպրոց, ինչը բացասաբար է ազդել նրանց ուսման
    վրա։ Շատ դեպքերում երեխաները չեն կարողացել հաճախել դպրոց՝ տրանսպորտի
    բացակայության պատճառով, քանի որ ոտքով չեն կարողացել հասնել դպրոց կամ բուհ։
    Կրթության ապահովման խոչընդոտ է եղել երեխաների մոտ գլյուկոզայի պակասը, քաղցր
    թեյի և ընդհանրապես՝ քաղցրեղենի պակասը: Սա առաջացրել է գլխացավեր և թուլություն:
    Հարցվողների մեծամասնությունը նշել է այս խնդրի և այն մասին, որ երեխաների թերսնուցումը
    թույլ չի տվել կենտրոնանալ դասերի վրա։ Եղել են աշակերտների ուշաթափություններ։
    «Երեխաները դպրոց էին գնում քաղցրաջրով, բայց հասնում էին դպրոց և թուլանում»։
    «Քաղցրը գոնե քաղցրաջուր ենք արել, տվել ենք՝ երեխեքը գնան դպրոց: Բայց եղել ա՝ հասել
    են դպրոց, զանգել են, ասել են՝ երեխան լավ չէ, թույլ ա զգում, եկեք, տարեք տուն»։
    «Աղջիկս դպրոցական էր: Էդ ընթացքում իր կոշիկը պատռվել էր, չէի ճարում խանութներում
    իր ռազմերը, ահագին ժամանակ ինքը բացակայեց դասերից դրա պատճառով»։
    Երեխաներին առնչվող խնդիրներ
    Փոքր երեխաները հատկապես դժվարություններ են կրել սննդի և հիգիենայի պակասի
    պատճառով։ Նոր ծնված երեխաների համար սննդի և հիգիենայի պարագաների պակասը
    հատկապես սուր խնդիր է եղել։
    19
    Շատ երեխաներ զրկված են եղել նաև կրթությունից և զվարճանքից, ինչը բացասաբար է
    ազդել նրանց հոգեբանական վիճակի վրա։
    «Վերջում արդեն շամպուն էլ չկար, որ ես երեխեքին լողացնեմ»։
    «Երեխան, ընդհանրապես, լացում էր, շունչ էր պահում, լեզուն կուլ էր տալիս, այդ օրերին
    ընդհանրապես շատ էր կրկնվում, անգամ մինչև հիմա։ Երևանում էդպիսի հիվանդանոց չի
    մնացել, որ չայցելենք։ Հանգստացնող են նշանակել, դրա շնորհիվ մի քիչ թեթևացել է»։
    Հոգեբանական խնդիրներ
    Շրջափակման ընթացքում մարդիկ բախվել են հոգեբանական խնդիրների, ինչպիսիք են
    սովի, անվտանգության և ապագայի անորոշության վախը։ Շատերը նշել են, որ լարվածությունն
    ու սթրեսը հոգեբանական խնդիրների հիմնական պատճառներն են եղել։
    Ադրբեջանի զորավարժությունները և դիրքերից եկած տեղեկությունները մշտական
    լարվածության մեջ են պահել Արցախի ժողովրդին։
    Հոգեբանական լարվածությունը երբեմն ունեցել է ծայրահեղ դրսևորումներ, օրինակ՝
    Ստեփանակերտ քաղաքում մի մարդ օդ է կրակել՝ պատճառաբանելով նրանով, որ հաց չունի,
    որպեսզի կերակրի իր երեխաներին։
    «Ամեն պահ սպասել ենք, որ մեռնենք կամ ապրենք։ Հարմարվել ենք, թե ո՞նց, չգիտենք»։
    «Դու չգիտես, թե վաղը արդյոք քեզ հաց լինելու ա, թե՞ չէ»։
1