Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել 2021 թ. բյուջեի կատարողականի քվեարկությանը
Գլխավոր » Լրահոս » Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել 2021 թ. բյուջեի կատարողականի քվեարկությանը

Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել 2021 թ. բյուջեի կատարողականի քվեարկությանը

Արցախի «Արդարություն» խմբակցության տեսակետը ԱՀ 2021թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ.

«Որքան էլ զարմանալի է, սակայն «Արդարություն» խմբակցությունը չմասնակցեց 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին, չնայած, որ ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ բյուջեի կատարողականի ներկայացումը ԱԺ ընդդիմության համար լուրջ գործիքակազմ է: Ցավոք, մեզ մոտ այդքան էլ այդպես չէ, քանզի բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ-ում չունի որևէ լուրջ իրավաքաղաքական հետևանք՝ նույնիսկ եթե ողջ խորհրդարանը դեմ քվեարկի։ Դուք կասեք, որ այն ունի բարոյական հետևանք, և հենց այս, բարոյական ասպեկտի մասին եմ ուզում հայտարարել։

Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում ընդունվում է մի բյուջե, որտեղ անվտանգային և պաշտպանական հարցերի փոխարեն միակ դրական կողմը իշխանության կողմից թմբկահարվում է սոցիալական լինելը:

Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում այսպես կոչված սոցիալական բյուջեով նախատեսում են, որ տարահանված պետական հիմնարկների աշխատավարձը պետք է պահպանվի 100 տոկոսով, իսկ ընդունվելուց 10 օր հետո կառավարության որոշմամբ այն կրճատում 50տոկոսով։

Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում բյուջեով ապաստարաններ կառուցելու համար հատկացվել է 1 միլիարդ դրամ, և գոնե նմուշի համար գեթ մեկ ապաստարան չկառուցել:

Բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում բյուջեի կատարողական է ներկայացնում ԱԺ-ին մի նախարար, որը մեղադրվում է ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով:

Եվ վերջապես, բարոյակա՞ն է արդյոք, որ հետպատերազմյան Արցախում ԱԺ-ն գրեթե մեկ ամիս զբաղված է վերը նշվածով, այն դեպքում երբ այս օրհասական օրերին անհրաժեշտ է այլ գործընթաց։

Գործընթաց, որը միտված կլիներ օգնելու մեր բազմահազարանոց քույրերի և եղբայրների պայքարին, որոնք ամիսներ շարունակ պայքարում էին Ֆրանսիայի հրապարակում, և հիմա էլ պայքարում են կանխելու այն պրոցեսները, որոնք միտված են հայրենազրկմանը, հայության ոչնչացմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, պատասխանատվությունից խուսափելուն, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելուն կամ արդարացնելուն։

ԱԺ –ում սոսկ նիստեր անելու փոխարեն անհրաժեշտ է պահանջել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից, որպեսզի բանակցային գործընթացներում իրականացնեն բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը միտված գործողություններ և զերծ մնան այս գործընթացը այլ հունով տանելու գայթակղությունից։

ԱԺ–ում սոսկ նիստեր անելու փոխարեն անհրաժեշտ է պահանջել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններից բանակցային գործընթացները չաղավաղել, չներկայացնել բացառապես նախկիններին սևացնելու ցանկության լույսի ներքո։ Որ այսպես կոչված «աննախադեպ» բյուջեի մասին հայտարարություններ անելուց առաջ մտածեն, թե ինչին է ուղղված այդ աննախադեպ բյուջեն՝ հազարավոր բնավեր դարձած ընտանիքներին, անտուն մնացած մարդկանց տարրական բնակության վայր տրամադրելուն և այլն։ Եվ այս ամենի մասին հայտարարում է այս աղետի գլխավոր մեղավորը:

Ուստի մենք չենք մասնակցի նաև 2021 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը»:

1