Արցախի ապրելու ձայնը՝ գրականության և մշակույթի լեզվով
Հունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում կկազմակերպի գրական մրցույթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցույթ, ցուցահանդեսներ ու համերգներ, Արցախի արդի գրականության վերաբերյալ զրույցներ, հանդիպումներ, դասախոսություններ։
Մշակութային փառատոնի բացման արարողությունը կայացել է հունիսի 27-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում՝ Արցախի և ՀՀ գրական- մշակութային, հասարակական գործիչների, պետական պաշտոնյաների մասնակցությամբ:
Բացման խոսքում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ գրական-մշակութային օրերի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի հուշահամալիր այցելությամբ:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Հերմինե Ավագյանը նշել է, որ անկախ ներկա մարտահրավերներից, ունեցած անդառնալի կորուստներից, Արցախի սիրտը բաբախում է, Արցախի այս փոքր մասնիկը շարունակում է շնչել, ու այստեղ ապրողի ցանկությունը պատերազմը չէ, այլ սեփական հողի վրա ապրելը, արարելը և ստեղծագործելը: Այս միջոցառումների շարքը Արցախի ապրելու ձայնն է՝ գրականության և մշակույթի լեզվով:
«Պատերազմը միայն սահմանին չէ, սահմանից այսկողմ ուրիշ պատերազմ է՝ մշակույթի, գրականության, ազգային արժեքների պահպանման ու տարածման, ու այս ասպարեզներում յուրաքանչյուր հաղթանակ մեր ինքնության պահպանման, արժանապատիվ ապագա ունենալու գրավականներից է: Համազգայինի Արցախի գրասենյակը նշյալ ճանապարհի անխոնջ ուղեկիցն է, որովհետև Համազգայինի աշխարհասփյուռ կառույցը եղել ու մնում է հայկական մշակույթի զարգացման ու տարածման առաջամարտիկներից մեկը»,- իր խոսքում ասել է Հ. Ավագյանը:
Գրական-մշակութային օրերի կազմակերպման գաղափարը երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանինն է: «Արցախն այսօր խնդիր ունի ամեն ոլորտում ներկայացնելու Արցախի լինելիության, Արցախում մեր ժողովրդի ապրելու կամքի, իրավունքի մասին: 7-օրյա գրական-մշակութային օրերը նախաձեռնեցինք, որպեսզի ցույց տանք, որ արցախցին շարունակում է ապրել այստեղ, որ արցախցին ապրելու է այստեղ , և քանի դեռ այսպիսի նախաձեռնությունններ են իրագործվում, ուրեմն Արցախը կապրի»,- ասել է երիտասարդ գրողը:
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է հատկապես պատերազմից հետո նման միջոցառումների կազմակերպումը: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է»,- բացման խոսքում ասել է Արտակ Բեգլարյանը՝ բարձր գնահատելով Համազգային հայ կրթական և մշակութային միության ջանքերը՝ ուղղված Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը:
Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկած ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը շեշտել է Արցախում ապրելու և ստեղծագործելու կարևորությունը, քանի որ ապրելով է որոշվում ամեն ինչ, ապրելով է սկիզբ առում յուրաքանչյուր կյանք:
ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով էլ զենքից, զրահից զատ Հայաստանի ամենամեծ խնդիրը թե՛ պատերազմից առաջ և թե՛ հետո մշակութային դիվանագիտության խեղճությունն է եղել: «Մենք զլացել ենք, չենք գնահատել այդ ասպարեզի կարևորությունը և այսօր առավել ևս զարմանում ենք, թե ինչու է աշխարհը մեր ցավի հանդեպ անտարբեր մնում: Պատերազմից հետո հատկապես Արցախում այսպիսի միջոցառումներն ամենաանհրաժեշտներից են, քանի որ հոգեբանական տրավմաները, բարոյական դաշտի և ընդհանրապես մեր կեցության խնդիրների վերաբերյալ գրականությունը, լրագրությունն ունեն հզոր դերակատարում»,- ասել է Է. Միլիտոնյանը՝ հպարտորեն մատնանշելով Արցախի երիտասարդների, երիտասարդ գրողների նախաձեռնողականությունը:
ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ողջունելով նախաձեռնության կազմակերպումը, կարևորել է այս դժվարին ժամանակներում գրականության դերը. «Ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակերում եղել է գրականությունը: Չեմ թերագնահատում մյուս ոլորտները, բայց գրականությունն է մեր ազգային ոգու, արժեհամակարգի գլխավոր կրողը»:
Ողջունի խոսքով հանդես են եկել նաև Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի բազմամյա ու վաստակավոր տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը:
Վահագն Գարագաշյանի խոսքով մեծ ոգևորություն է գրական-մշակութային միջոցառումներին մասնակցելը, քանի որ դրա միջոցով ավելի է ամրանում արցախցի գործընկերների հետ բանաստեղծական ոգեղեն կապը:
Տիգրան Ջինբաշյանն իր խոսքում նշել է, որ չկա միասնական հայություն ո՛չ Սփյուռքում, ո՛չ հայրենիքում, այլ կան ազգայինին նվիրված անհատներ ու կառույցներ: «Եթե կա ստեղծագործություն, մշակույթ, գրականություն, նույնիսկ ամենավատ քաղաքական ու տնտեսական պայմանների մեջ ազգը շարունակում է ապրել ու գոյատևել: Ողջունելով Արցախում մշակութային սխրագործության բոլոր երախտավորներին՝ հատուկ հիշատակության են արժանի գրական մշակները, որոնց գրչին վրա է ծանրանում Արցախը պահպանելու, այն վերստին ամբողջական ու հզոր դարձնելու պայքարի գաղափարական խմբագրումը, որի արգասիքը պիտի լինի անխուսափելի հաղթանակը»,- ասել է Տիգրան Ջինբաշյանը:
Հավելենք, որ «Ապառաժ»-ը առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնելու է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի ընթացքը: