Արցախը վիրավոր վիճակում է, բայց ոգին ընկճված չէ
ԱՀ նախագահի՝ կրթության գծով խորհրդական, ԱրՊՀ ավագ դասախոս Արմեն Սարգսյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախում կրթական հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների, մշակույթի բնագավառի զարգացման, բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և այլ հարցերի շուրջ:
-Հետպատերազմյան շրջանում որո՞նք եք համարում Արցախի կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները:
-Մինչև պատերազմը գոյություն ունեին պետական ծրագրեր, և շարժվում էինք դրանցով: Նախարարության հետ քննարկում էինք, թե ինչ կետեր կարելի է փոփոխել: Մինչև 2025թ. կրթական համակարգի ուղենիշը հայտնի էր, պատերազմի ընթացքում շատ բան փոխվեց: Դրանից հետո Արցախում կրթության զարգացումը կբաժանեի երկու փուլի: Առաջինը պատերազմից հետո վերականգնումն է: Մենք կորցրինք տարածքներ, որտեղ գործող դպրոցների աշակերտների մեծ մասը տեղափոխվեց Ստեփանակերտ, մասամբ էլ՝ այլ վայրեր: Մի շարք տեղերում տեղի դպրոցների հետ միացան, որոշ դեպքերում նույն աշխատակազմով ու աշակերտներով դպրոցները պահվեցին, օրինակ՝ Հադրութի դպրոցը: ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար վերականգնումը լուրջ գործընթաց էր, որովհետև բռնագաղթվածներն աստիճանաբար վերադառնում էին Արցախ, և աշակերտների թիվը փոփոխվում էր:
Ընդհանուր իրավիճակը քիչ թե շատ կարգավորելուց հետո, երկրորդ հանգրվանը կրթական համակարգի կանոնավոր հուն վերադառնալն է. արդեն կարելի էր մտածել կրթական համակարգի զարգացման մասին: Պատերազմից հետո շատ կարևոր փոփոխություն կատարվեց. դա անցումն է անվճար կրթական համակարգի: Նախ ասեմ, որ անվճար կրթական համակարգը միայն սոցիալական բաղադրիչ չէ: Անվճար կրթական համակարգը խորը վերափոխում է, որի նպատակն է ուսման որակի բարձրացումը: Եթե նախկինում համալսարանն իր ծրագրերն իրականացնում էր ուսանողների վարձավճարների հաշվին, ապա այժմ նրա բյուջեն պետությունն է հոգում: Հետևաբար, պետությունն ավելի շատ պատասխանատվություն է կրում կրթական համակարգի համար, քանի որ հիմնական ֆինանսավորողն ինքն է: Պետությունը հաշվարկում է, թե իր տնտեսության զարգացման համար ինչ մասնագետներ են պետք և ավարտած շրջանավարտները ինչ աշխատանք կարող են գտնել: Արդյունքում մասնագիտություններն արդիականանում են և հարմարվում ժամանակակից պահանջներին, պետության առջև ծառացած խնդիրներին:
Ի դեպ, ավելացնեմ, որ անվճար կրթական համակարգը նաև ՀՅԴ ծրագրային դրույթ է, որն ընդունվել էր դեռևս 1908թ., և անվճար կրթության ասպարեզում ՀՅԴ-ի և պետական քաղաքականությունը համընկնում են:
-Վերջին մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոփոխվում են ԱՀ ԿԳՄՍ նախարարները: Պատասխանատուների հաճախակի փոփոխությունը չի՞ վնասում արդյոք կրթության ոլորտին:
-Կրթական համակարգը պահպանողական է՝ լավ իմաստով: Բայց ներկա իրավիճակում, առանձնապես Արցախի Հանրապետությունում, երբ ամեն օր ծառանում են նոր խնդիրներ և Արցախի Հանրապետությունը պետք է ինտեգրվի միջազգային կրթական համակարգին, կարևորը ճիշտ կադրեր ընտրելն է: Ուստի, փոփոխությունը պետք է դիտարկել ոչ թե թվի, այլ ծառացած խնդիրները լուծելու ունակությամբ:
—Պատերազմի, համավարակի, վերջին օրերի եղանակային պայմանների, գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով մեծապես տուժում է դասագործընթացը: Ձեր կարծիքով, ինչքանո՞վ են այդ չնախատեսված խոչընդոտներն ազդում կրթության որակի վրա:
-Միանշանակ ազդում են, բայց նախարարությունն առավելագույնս միջոցներ է ձեռնարկում բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Համավարակի պայմաններում հեռավար ուսուցման անցնելը միակ ձևն էր, որն սկզբնական շրջանում դժվարություններ հարուցեց, բայց հետագայում լուծում ստացավ: Իսկ բնության տարերքի դեմ ոչինչ չես կարող անել:
—Դուք 1997-2002թթ. ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, իսկ 2002-2004թթ. ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարն էիք և բավականին ակտիվ կապեր էիք հաստատել Սփյուռքի հետ: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում Սփյուռքի դերը Արցախում կրթության, մշակույթի ոլորտների զարգացման գործում:
-Միանշանակ մեծ դեր եմ հատկացնում Սփյուռքի դերակատարությանն Արցախում՝ վերոնշյալ ոլորտների զարգացման առումով: Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության կարևոր օղակներից մեկը կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությունն է: Սփյուռքի մեր հայրենակիցները, գալով Մայր հայրենիք, տեսնում են այստեղի մեր կրթական օջախները, մենք էլ ականատես ենք լինում, թե ինչպես կարելի է առանց պետության մշակութային, կրթական հսկա օջախներ պահել Սփյուռքում: Այսինքն, երկուստեք սովորելու շատ բան ունենք և, միանշանակ, այդ կապը պետք է լինի ամենաբարձր մակարդակում:
-2019թ. դուք ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էիք, երբ սեպտեմբերին Շուշիում հռչակագիր ստորագրվեց ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ: Ի՞նչ է հաջողվել իրականացնել հուշագրի շրջանակներում:
-Կարևորում եմ հուշագրի ստորագրումը: Առաջին քայլը կատարվել է այն ժամանակ, երբ ԱՀ ԱԺ ԿԳՄՍԵ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն Արպատ Ավանեսյանն էր: Հետագայում երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը շարունակվել է: Երբ ես էի ղեկավարում հանձնաժողովը, արդեն կնքել ենք հուշագիր: Ուրախ եմ, որ մինչև հիմա էլ շարունակվում է համագործակցությունը:
Կրթության, մշակույթի ոլորտում, հանդիսանալով ՀՀ մասնիկը, հնարավոր չէր առանց համաձայնեցված փոխգործակցության կամ դեպքից դեպք կապ հաստատել ՀՀ համապատասխան մարմինների հետ: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, եթե ՀՀ-ում այդ ոլորտում ընդունվում է օրենք, ապա ԱՀ ներկայացուցիչները՝ Ազգային ժողովից և նախարարությունից, ցանկալի է, որ մասնակցեն տվյալ նախագծի քննարկմանը: Մինչ նախագծի ընդունումը՝ այն Արցախում անցնում է քննարկման փուլ: Երբ ժամանակին ընդունվել է հանրակրթության մասին օրենքը, Արցախից 300-ից ավելի առաջարկ է ներկայացվել:
Այդ հուշագրի ստորագրման մեր նպատակն էր, որ ոչ թե նախարարների, Ազգային ժողովի պատգամավորների մակարդակով շփվեն երկու երկրների համապատասխան մարմինները, այլ կարևոր օրենքների դեպքում ամբողջ համակարգը քննարկի և համակարգից ստացված կարծիքները ներկայացվեն:
—Հանձնաժողովների միջև փոխգործակցության փորձը կարո՞ղ է արդյոք օրինակ դառնալ ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի կայացման համար:
-Իհարկե, կարող է. հենց կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովների միացյալ նիստը շատ լավ օրինակ կարող է ծառայել:
—Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՅ Դաշնակցության դերը հետպատերազմյան Արցախի կրթական ու մյուս ոլորտների զարգացման գործում:
-Մեծ տեղ եմ հատկացնում Արցախում ՀՅԴ կառույցների աշխատանքին մի շարք ուղղություններով: Նախ, անկախության տարիներին ՀՅ Դաշնակցությունը Արցախում կրթական, մշակույթի ասպարեզի զարգացման համար ֆինանսական և տեխնիկական առումով մեծ խնդիրներ է լուծել: Օրինակ, մեր համույթները ՀՅԴ-ի և քույր կառույցների հրավերով հրավիրվել են արտասահման: Երբ երաժիշտը մեծ բեմեր չի ունենում, նրա տաղանդն ինչ-որ տեղ սահմանափակվում է: ՀՅ Դաշնակցության միջնորդությամբ մի շարք ֆինանսական հարցեր են լուծվել: Չենք կարող չնշել ՀՅԴ քույր կառույցի՝ ՀՕՄ-ի միջոցով կրթաթոշակների վճարման, մանկապարտեզների կառուցման և այլ ոլորտներում համագործակցությունն Արցախի հետ:
Կրթության ասպարեզում Հայ կրթական հիմնարկությունը դպրոցների վերանորոգման, գույքի ապահովման աշխատանք է կատարում: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի նոր մասնաճյուղը ևս ակտիվ աշխատանք են տանում Արցախում: Ներկայումս Հայ դատի միջոցով փորձում ենք միջազգային մակարդակով ներկայացնել Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման հարցը: Վերջերս Եվրախորհրդարանում ընդունվեց բանաձև, որտեղ մեծ դերակատարություն ունեցավ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը:
—Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք պաշտպանել բռնազավթված տարածքների հայկական մշակութային ժառանգությունը, հուշարձանները:
-Եվ պետական առումով, և Սփյուռքի տարբեր կառուցների կողմից աշխատանք է ծավալվում, որպեսզի հայկական հուշարձանների ոչնչացման գործընթացը կանգնեցվի: Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք կազատագրենք մեր հայրենիքի բռնազավթված մասը և տեր կկանգնենք պատմական հուշարձաններին: Ներկայումս կան աշխարհաքաղաքական լուրջ հակասություններ, նոր վերափոխումներ աշխարհի բևեռների միջև, և փոքր ազգերը իմաստուն քաղաքականությամբ կարող են ճիշտ կողմնորոշվել և հասնել հաջողությունների: Պետք է մեր ողջ ներուժն օգտագործել և համայն հայության ջանքերով այս հարցն անընդհատ օրակարգում պահել՝ կանգնեցնելու հայկական հուշարձանների ավերման գործընթացը:
—Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախը համայն հայության հպարտության, միասնականության խորհրդանիշն էր դարձել: Այդ առումով, ներկա պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Արցախի դերը:
— Այսօր պետք է համայն հայությունը միասնաբար գործի՝ հանուն Արցախի, որովհետև Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և Հայաստանի մարմնի այս վիրավոր մասը պետք է բուժվի: Արցախը վիրավոր վիճակում է, բայց ոգին ընկճված չէ: Սրանք միայն բառեր չեն: Թաղավարդում թուրքերը դպրոցից 500 մետր հեռավորության վրա են, բայց աշակերտները հաճախում են դպրոց: Պատերազմից հետո Արցախի դպրոցահասակ երեխաների գերակշիռ մեծամասնությունը շարունակում է այստեղ սովորել: Վիրավոր Արցախը շարունակում է մաքառել:
Պետք է լուրջ դասեր քաղել պատմությունից: Անկախություն ստանալուց հետո, ՀՀՇ-ի ժամանակ խոսում էին, որ Ադրբեջանը հզոր է, նավթ ունի և այլն: Այսօր էլ ինչ-որ տեղ հոխորտում են, որ ժամանակին այսպիսի բան են ասել՝ ցավ չզգալով կորուստների համար: Բայց եկեք հասկանանք՝ ինչպես է եղել, որ 1918-20թթ., երբ Ադրբեջանի նավթը շատ ավելի մեծ դերակատարություն ուներ և արաբական երկրների նավթը հայտնագործված չէր, հնարավոր դարձավ Ազգերի լիգայի կողմից դե ֆակտո ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Բազմադարյա պատմություն ունեցող ազգերի հզորությունը նրա մեջ է, որ կարողանում են դասեր քաղել պատմությունից, որովհետև նույն իրավիճակներն են եղել զարգացման տարբեր փուլերում: Նոր ազգերը այդ հնարավորությունը չունեն:
Ուստի մենք պետք է փորձենք տեսնել մեր սխալները, դրանք ծնող պատճառները և դրանք իրականացնողներին: Այս երեքի համադրությամբ կարող ենք ճշմարտությանը հասնել:
Պատերազմից հետո ընկճվածությունը բնական է: Բայց փաստ է, որ պատերազմից հետո շատ կարճ ժամկետում վերականգնվեցինք, չեմ ասում՝ ամբողջովին: Յուրաքանչյուր պատերազմ սարսափելի է: Այսօրվա 35-ամյա երիտասարդը երեք պատերազմի է ականատես եղել, բայց տեսեք, թե ինչպես է հաղթահարում պատերազմի սինդրոմը: Համոզված եմ, որ պետք է առաջին հերթին Մայր հայրենիքում վերջ դնել պառակտման քաղաքականությանը: Պետք է լինեն ղեկավարներ, ովքեր իրենց հետևից կտանեն ողջ ժողովրդին: Սա ամենահիմնական գործոնն է մեր ազգի միասնության համար: Երբ հայ ազգը կարողանա միասնությունը հասցնել գագաթնակետին, այդ դեպքում շատ ավելի հեշտ կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կունենանք համահայկական նշանակության հաջողություններ:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի