Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը

Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը

44…

44—րդ օր։ Լրացել է հերթական 44-օրդ օրը և մեր՝ արցախցիներիս հոգում կրկին ամեն ինչ տակնուվրա է լինում։

Չարաբաստիկ այդ թիվը ոչ մի լավ հիշողություն չի բերում իր հետ։ Մեզ մոտ դեժավյու է։

44-օրյա պատերազմից 2 տարի անց Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը։

Այո, այս շրջափակումը ևս պատերազմ է՝ ուղղված Արցախում էթինիկ զտումներ և ցեղասպանության իրականացման։

2020թ․ պատերազմի 44-րդ օրը հազարավոր անմեղ երիտասարդների կյանքի հետ միասին կանգ առավ նաև ողջ մնացածների կյնաքը, նրանց երազանքների հետ միասին կործանվեցին բոլորի երազանքներն ու անդունդի եզրին հայտնվեց մեր պետությունը։

Սրտի ֆիզիոլոգիական զարկերն ու ինքնաբերաբար շնչելն ու արտաշնչելը ստիպեցին հազարավոր արցախցիների առերեսվել իրականության հետ ու չնայած խելագարության հասցնող իրականությանը՝ շարունակել ապրել իրենց որիդների արյամբ սրբացած, ամեն տեղից բզկտված Արցախի մի բուռ հողի վրա, որտեղ հանգչում են իրենց որդիներն ու պաշտպանել այն։

Շրջափակման 44-րդ օրը շատ ցուրտ է Արցախում։ Սառնություն է փչում ամեն տեղից՝ անցորդների դեմքերից, խանութների դատարկ ցուցափեղկերից, մեքենաների շարժից դատարկված փողոցներից, փակված դպրոցներից, մոմի թույլ լույսով լուսավորված տների կիսամութ պատուհաններից։

Իմ տան պատուհանից երևում է դեպի շուշի տանող ճանապարհի, իսկ ներքևում՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատունը։ Իմ տան պատուհանից այն կողմ խավարն է իջնում քաղաքի վրա՝ Եղբայրականի խոսուն լռությունն ավելի ամբողջացնելով, իսկ հեռվում՝ հորիզոնի լազուրին միախառնվում են Շուշիից այն կողմ, կորսված լեռների ձյունաճերմակ գագաթները։

Միացվում են բերդաքաղաքի լույսերը, անջատվում է մայրաքաղաքի լույսերը ու լուսազուրկ փողոցներով սկսում է սուլալ ձմռան սառը քամին, որն, ով գիտե, գուցե իջել է այն լեռների գագաթներից, որոնք մնաձուլվել էին հորիզոնի հետ, շոյելով Ղազանչեցոցի քրիստոնեկանա աղոթքներից զրկված սրբատաշ պատերն ու հպվելով Շուշիի անառիկ պարիսպներին։

Անտարբեր աշխարհի ու հայրենակցիդ սառնությունից առավել հաճելի է այդ սառը քամին, որի մեջ այնքան կարոտ կա, որն հարվածում է դեմքիդ՝ չթողնելով, որպեսզի խավարում կորչող քաղաքի հետ միասին մթագնի նաև միտքդ, կորչի հավատքդ ու մարի հույսդ։

Քաղաքի մթության մեջ աչքերիս առաջ հայտնվում են պատմությունները՝ 90-ականների շրջափակման, սովի,պատերազմի, ուսանողական տարիների մասին, որոնք պատմել են տատիկս և մայրս, երբ փոքր էի և որոնք կարծես արտացոլվում են այսօրվա մեր իրականության մեջ։

Տատս 3 պատերազմ է տեսել և երևի կյանքի դառը փորձից էր, որ միշտ պնդում էր՝ տանը միշտ ալյուրի, շաքարավազի, ձեթի անհրաժեշտ պաշարներն ունենայինք, իսկ մայրս պատմում էր, թե ինչպես տասնյակ կիլոմետրեր քայլում դասի հասնելու համար, հոսանքի միացման ժամանակ միաժամանակ բոլորը փորձում ճաշ պատրաստել, իսկ համակարգը չէր դիմանում և նորից անջատվում էր կամ ինչպես էին ժամերով կտրոնները ձեռքներին հերթ կանգնում՝ 1 հաց ստանալու համար։

Շրջափակման 44-րդ օրն Արցախում չկան մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույնպայմաններ։ Վերջացել է պարնմթերք,դեղորայքը,չկա վառելանյութ, չի հերիքում էլեկտրականությունը, փակված են դպրոցները, հասարակական տրանպորտը ծանրաբեռնվածությամբ է աշխատում, դժվարացել է կապը Ստեփանակերտի և շրջանների միջև։ Մարդիկ շարունակում են պահել իրենց գոյությունը միայն շաքարավազով, ձեթով, մակարոնեղենով, հնձկաձավարով և բրնձով, որի համար նրանց հատկացվուն են կտրոններ, իսկ սննդակարգից բացակայում են վիտամիններով հարուստ ուտելիքները՝ մրգերն ու բանջարեղենը։

Խանութներում հազվադեպ է այս 5-յակից դուրս որևէ ապրանք հայտնվում, դրա մասին կարելի է կռահել խանութների դիմաց առաջացած երկար հերթերից։

Շատ հաճախ դասի կամ աշխատանքի պետք է հասնես ոտքով, որովհետև մեքենաների համար վառելիք չկա, իսկ եթե բախտդ բերի և հասարակական տրանսպորտում ազատ տեղ գտնես, կարող ես ուրախությամբ անգամ 1 ոտքի վրա կանգնած հասնել ուզածդ վայր։

Չի հերքիում նաև էլեկտրականությունը․ արդեն լույս չենք ունենում օրեկան 6 ժամ։ Երեխաները ստիպված են լինում մոմի լույսի տակ սովորել իրենց դասերը, գիրք կարդալ․ ինչպես 90-ականներին, սակայն խանութներում նաև արդեն մոմ գտնելն է անհնար։

Բանկերից գումար հանելու համար պետք է ևս հերթ կանգնես, եթե բախտը ժպտա քեզ և գումարը չվերջանա, կկարողանաս 50 000 դրամ ստանալ։ Հետո հերթ կանգնես խանութում, հետո հերթ կանգնես կաթնամթերք ձեռք բերելու համար, հետո ձու ձեռք բերելու համար, հետո ծխախոտ ձեռք բերելու համար, դե իսկ հիգիենայի պարագաներ գտնելու համար  պետք է ամբեղջ օրը շրջել քաղաքի խանութներում և ոչինչ չգտնել։

Շրջափակման դժվարություններն արցախցիների մոտ մեծացրել են են միմիանց կարեկցելու, օգնելու պատրաստակամությունը։ Արցախում հայտնի ֆեյսբուքյան «Ինձ պետք է այս ինչ բանը» խմբում հաճախ են մարդիկ փնտրում իրենց անհրաժեշտ ապրանքները, սակայն այդ բոլոր «պետք է»-ների մեջ ամենացավալին դա երեխաներ մայրիկների կողմից արվող փոստերն են․ Պատկերացրեք, ձեր երեխան խռովում է ձեզանից ու չի խոսում ձեզ հետ, որովհետև նրա համար չեք կարողանում ապահովել քաղցրավենիք, պատկերացրի՞ք, կամ ձեր երեխան հեռուստացույցով բանան է տեսնում և սկսում լացել, իսկ դուք չեք կարողանում նրա համար բանան գտնել, պատկերացրի՞ք։ Չեմ կարծում․․․

Շրջափակման 44-րդ օրն Արցապում պինդ ենք, ամուր, հույսի սպասումով…

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1