Արցախը միասնական է և վաղուց ընտրել է իր ուղին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արցախը միասնական է և վաղուց ընտրել է իր ուղին

Արցախը միասնական է և վաղուց ընտրել է իր ուղին

Վերջին 30 տարվա ընթացքում Արցախը դիտարկվում է որպես հայկական քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործոն: Այս ժամանակահատվածում Արցախյան պայքարն իր մեջ խտացրել է հայ ժողովրդի իդեալների իրականացման առարկայական իրողությունը և այդ հանգամանքից ելնելով՝ դարձել հայկական ներուժի կենտրոնացման կիզակետ: Պատահական չէ, որ Հայաստանի վերանկախացման շրջանում պետական համակարգում ձևավորվող ընտրախավում Արցախյան շարժման ակունքներում կանգնած անձնավորություններ են եղել, իսկ 1998թ. իշխանափոխության հիմնական գործոնը եղել է Արցախյան հարցի վերաբերյալ դիրքորոշման տարակարծությունը:

Ժամանակի ընթացքում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ընտրախավի տեսակետների հստակ արծարծումն ու ներկայացումը կորցրել են իրենց  կարևորությունը՝ իրենց տեղը զիջելով քաղաքական կողմնորոշման ուղենիշ դարձած քաղքենի ապրելակերպ քարոզող «լավ ապրելու» լոզունգին: Այնուամենայնիվ, 2020թ. պատերազմը և հայկական կողմի կրած պարտությունն ապացուցեցին, որ քաղքենիությանը տրված քաղաքական դիրքորոշումները մեր պետականությունն ու ազգային արժեքները, ըստ ամենայնի, կործանման ուղու վրա են դնում:

Վերը նշվածի հիման վրա՝ վերջին օրերին Հայաստանի ընդդիմության կողմից սկսված Արցախի օրակարգը Հայաստանի քաղաքական բեմի առաջին օրակարգ դարձնելու գործընթացն արդարացված է: Դրա միջոցով նախ և առաջ կասեցվում է հայկական պետության պարտության հետևանքով առաջացած արժեքային համակարգի անկումը: Անշուշտ, այստեղ կարևորվում է նաև Արցախի տեսակետը և մոտեցումների հանրայնացումը հայաստանյան դաշտում: Այդ առումով մինչ այժմ ապարդյուն են եղել ՀՀ իշխանությունների կողմից կիրառված այն քարոզչական հնարքները, ըստ որոնց Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումները համընկնում են ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: 2022թ. ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովը հրապարակել է հայտարարություն, որտեղ պարզորոշ կերպով կոչ է արել ՀՀ իշխանություններին «հրաժարվելու իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից», որին միացել են հասարակական ու քաղաքական այլ ուժեր ևս: Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները և նրանց կից ու  արբանյակ լրատվամիջոցները, «խաղաղություն» բառը լսելով, ոգևորվում են և փորձում են անտեսել ՀՀ իշխանություններին ուղղված զգաստացման՝ Արցախի միասնական կոչը:

ԱՀ Ազգային ժողովի ապրիլի 14-ի հայտարարությունից հետո Արցախի պետական, հասարակական գործիչներն ու Ազգային ժողովի պատգամավորները բազմիցս անդրադարձել են կոչի յուրաքանչյուր դրույթին ու մոտեցումների սկզբունքայնությանը: Արցախում տիրող այս միասնական մթնոլորտը բազմապատկում է Արցախի վճռական խոսքի ուժն ու արժևորում այն հայկական քաղաքական դաշտում:

Այսօր նշված հայտարարության ոգով և սկզբունքներով է առաջնորդվում նաև ՀՀ ընդդիմության և հասարակական լայն շրջանակների կողմից սանձազերծված պայքարը: Ուստի պետք է արձանագրել, որ ի հեճուկս թուրք-ադրբեջանական հոխորտանքների և նրանց քաղաքականությանը նպաստող կեղծ «խաղաղության» ջատագովների, ՀՀ-ում ձևավորվող լայնամասշտաբ հասարակական-քաղաքական շարժումն ու Արցախը բնական դաշնակիցներ են:

«Ապառաժ»-ի խմբագրական,

30 ապրիլի, 2022թ.

1