Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան. Հասմիկ Մովսիսյան
Գլխավոր » Լրահոս » Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան. Հասմիկ Մովսիսյան

Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան. Հասմիկ Մովսիսյան

Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցանկում։ Կինոնկարը  2024 թվականին Կինոակադեմիայի որակավորման փառատոնում  արժանացել է 51-րդ Athens International Film Festival-ի Առաջին մրցանակին։

Այս մասին գրում է OBERTON-ի ֆեյսբուքյան էջը։

«250 կմ» ֆիլմի ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը դեռևս 2022-ին կինոաշխարհին տված հարցազրույցում   համոզված ասում էր, որ  կյանքում ամեն ինչ սկսվում է մի պահից։ 2020 թվականին նա սոցիալական մեդիայի համար վավերագրում էր հումանիտար օգնության կազմակերպումը (ուսանում էր Մոսկվայում)։ Լսելով 14-ամյա Վահեի ու 11-ամյա Աշոտի մասին, որոնք, մեքենայով իրենց ընտանիքներին Արցախից հասցրել էին Հայաստան, «ներսում երեխայի թրթիռ է զգում և հասկանում, որ դա խաղարկային ֆիլմի սյուժե է»։  Հասմիկը այդ ժամանակ նախագիծը ներկայացնում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ։

Նա այսօր էլ  նույն համոզմունքն ունի, որ Արցախը Խորհրդային միության «կույր աղիքը» չէ, որ «Արցախը մենք ենք, Հայաստանն է, ու սահմաններ չկան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես քեզ մատուցում աշխարհին՝  որպես հնագույն ազգ, որն ամեն հարվածից խեղճանու՞մ է, թե՞ ազգ,  որը շարունակում է ապրել Ցեղասպանությունից հետո»։

Ֆիլմի համաշխարհային հաջողությունները և տասնյակից ավել միջազգային մրցանակները վկայում են այն մասին, որ հայ ստեղծագործողները ունեն հնարավորություն արվեստի միջոցով միջազգային լսարանների հետ երկխոսելու և բանակցելու բացառիկ ներուժ՝ կրելով պատմության ուժն ու դիմացկունությունը՝ շնորհիվ նաև ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքի։ Oberton-ի համար մեծ պատիվ է մասնակցությունը որպես այս տպավորիչ կարճամետրաժ ֆիլմի համարտադրող և ձայնային հետարտադրության գործընկեր։

1