Արցախը Հայաստանի եւ մեր ազգի պաշտպանությունն է
Գլխավոր » Լրահոս » Արցախը Հայաստանի եւ մեր ազգի պաշտպանությունն է

Արցախը Հայաստանի եւ մեր ազգի պաշտպանությունն է

Մայիսի 9-15-ը Արցախում էին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմյանը, IT տնօրեն Ներսես Սեմերջյանը և երիտասարդական ծրագրերի ղեկավար Ալեքս Մանուկյանը: Արցախ կատարած այցի մանրամասների, Հայ դատի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Թերեզա Երեմյանի հետ:

-Ի՞նչ առաքելությամբ եք Արցախում:

-ԱՄՆ Հայ դատի գրասենյակի թիմի անդամներն Արցախ են այցելել, որպեսզի ուսումնասիրեն Արցախի ներկա վիճակը և պետական, հասարակական շրջանակների հետ խոսելով՝ հասկանան իրական վիճակը: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք նպաստել Արցախի անվտանգության ապահովմանը և նաև օգնել պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին, առողջական խնդիրներ ունեցողներին:

Ի՞նչ եք հասցրել իրագործել և ի՞նչ տպավորություններ եք ստացել հանդիպումներից:

-Անցած շաբաթվա ընթացքում շատ զբաղված էինք: Մեր հանդիպումներն սկսել ենք մարդու իրավունքների պաշտպանի հետ, տվյալներ ենք ստացել, թե ինչպիսին է վիճակը, ինչ ճնշումներ են ադրբեջանական և թուրքական պետությունները գործադրում և դա ինչպես է ազդում մթնոլորտի վրա: Սահմանին շատ դեպքեր են արձանագրվում, որը խաթարում է առօրյա կյանքը: Նաև սոցապ նախարարի հետ ենք հանդիպել, տեղեկացել տեղահանված բնակիչների ապրելու պայմանների, ունեցած այլ դժվարությունների մասին: Այս ընթացքում նաև Համազգայինի Արցախի գրասենյակի կազմի հետ ենք հանդիպել, այցելել ենք Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և ականատես եղել, թե որքան աշխատանք է տարվում, որպեսզի այստեղի մանուկներն ազատ ապրեն, հոգեբանական աջակցություն, նորմալ կրթություն ստանան Արցախում: Ուզում ենք, որ ապագա լինի այստեղ, ու փորձում ենք դա ամեն ձևով ապահովել:

Դրսում սխալ տպավորություն կա, թե Արցախում գործունեություն չի ծավալվում: Զարմացել եմ, թե ինչքան շինարարություն է կատարվել այս մեկուկես տարվա ընթացքում: Ամբողջ քաղաքը ոնց որ առաջվանը լինի՝ նոր կառույցներով, բնակարաններով: Բնակչության նպատակն այստեղ մնալն է: Նրանք փորձում են իրենց ապրուստը հոգալ, ուզում են այստեղ ապահով ապրել:

-Պատերազմը ի՞նչ սրբագրումներ է արել Արցախի հետ կապված՝ Հայ դատի աշխատանքների առումով: Ի՞նչ ուղղությամբ եք հիմա աշխատում:

-Մեր աշխատանքը նույնն է մնացել՝ այն առումով, որ Արցախի անվտանգության համար պայքարել ենք նաև սրանից առաջ և հիմա այն շարունակում ենք: ԱՄՆ-ում գոյություն ունի բանաձև («Section 907 of the Freedom Support Act»), որով արգելվում է նախկին Խորհրդային Միության երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, հատկացնել ռազմական ֆինանսական աջակցություն: 2001 թվականից նախագահ Բուշը թույլատրել է, որպեսզի ԱՄՆ-ն այդ աջակցությունը տրամադրի Ադրբեջանին: Սենատոր Մենենդեսը 2020թ. հուլիսի՝ Տավուշի դեպքերից հետո դիմեց ԱՄՆ Հաշվետվողական գրասենյակին (Government Accountability Office), որը պետական առանձին դեպարտամենտ է և հետևում է օրենքի ճշգրիտ կատարմանը: Section 907 of the Freedom Support Act»-ի պայմաններից մեկն այն է, որ ամեն տարի, նախքան նախագահի կողմից հաստատումը, պետք է համոզվեն, որ այդ ռազմական նյութերը չեն օգտագործվելու Արցախի ու Հայաստանի դեմ, և երկու երկրների սպառազինության բալանսը չի խախտվելու:

Մենք տարիներով պայքարել ենք՝ շեշտելով, որ եթե 120 մլն դոլարը նավթային հարուստ երկրին է տալիս, դրանով հուշում է, որ ԱՄՆ-ն իրենց մեջքին կանգնած է, որովհետև պարզապես դրա կարիքը չունեն, և նաև Ադրբեջանին հնարավորություն է տալիս իր բյուջեն օգտագործել ռազմական նպատակով: Մեր աշխատանքի շնորհիվ, սենատոր Մենենդեսի օգնությամբ, երկու տարվա ընթացքում տվյալ բողոքարկումը կազմվեց: Շատ խախտումներ են արձանագրվել: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հետևել և չի ուսումնասիրել, թե ինչքանով է իրենց աջակցությունը խախտել բալանսը: Այդ խախտումներն ակնառու էին հատկապես պատերազմի ժամանակ: Մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունենում տվյալ ծրագրի հաստատումը. այս տարի նախագահը դեռ չի հաստատել: Վերջին երեք շաբաթվա ընթացքում խոսակցություններ են կայացել տարբեր հանձնաժողովների անդամների հետ, մամուլում հրապարակումներ են եղել այդ մասին:

-Ինչքանո՞վ են պատերազմի արդյունքները, պարտությունը, ընկճվածությունը խոչընդոտում ձեր աշխատանքներին:

-Մենք միշտ հպարտ ենք մեր Արցախով և Արցախի բնակիչներով: Այդ առումով չենք տուժել, ավելի մեծ ուժով ենք փորձում աշխատել: Ազդել է այն առումով, որ եթե մենք առաջ պետությանն ասում էինք, որ Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապրել, հիմա դա ավելի հստակ է դարձել: Ադրբեջանն այս վերջին պատերազմին ապացուցեց այն ամենը, ինչ մենք իրենց մասին ասում էինք: Ասում էինք, որ վտանգ են սպառնում հայությանը, որ երեխաներին փոքր տարիքից ատելություն են սովորեցնում: Իրենց անմարդկային վերաբերմունքը գերիների, հասարակ բնակչության նկատմամբ, անգամ մեկուկես տարի հետո Արցախի բնակչությանը հոսանքից, գազից զրկելը՝ հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքի ապացույց են:

Մենք սրանք ներկայացնում էինք՝ օրինակ բերելով Բաքուն, Սումգայիթը, Մարաղան: Անցած 20 տարվա ու այսօրվա ապացույցները նույնն են, ու ավելին՝ այսօր ավելի բարբարոս ձևով են դրանք դրսևորվում: Այս փաստերն օգնում են, որ համոզենք, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն տալու կարիք չունի, և պետք է ավելի հստակ լինի Արցախին օգնելը, ազատ, անկախ պետություն ունենալը, որտեղ հայերը կարող են ապրել և իշխել:

Ինչպե՞ս եք պատկերացնում ԱՄՆ հայ համայնքի դերն այդպիսի ապագա կերտելու գործում:

-ԱՄՆ հայ համայնքի դեպքում՝ հստակ է, որ մեր հայրենակիցները պետք է իրենց քաղաքապետերի, կոնգրեսականների հետ այն խոսակցությունը շարունակեն, որ Արցախը մեռած չէ, որ Արցախն ազատություն է ուզում, դրա համար արյուն է թափվել: ԱՄՆ-ն պետք է հասկանա, թե ինչ է թուրքը հայի համար, որ հնարավոր չէ հայը թուրքի տիրապետության տակ ապրի, և այդպիսի հնարավորություն չպարտադրեն Արցախին: Շատ կարևոր է, որ այս հասկացությունն ամեն անձ փոխանցի իր կառավարական մարմնին, և այդ ճնշումը նաև փոխանցվի ղեկավարության վրա: Ներկա պահին Ադրբեջանի լոբբին ամեն օր փորձում է շեշտել, թե իրենք խաղաղ կապրեն հայերի հետ, Արցախը իրենցն է, բայց հայերին կթույլատրեն խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում: Դա է իրենց նյութը և տարածում են, թե Արցախում ու Հայաստանում այդ առումով համաձայնություններ կան:Մենք որպես Հայ դատ, որպես անձնավորություն, որպես քվեարկող՝ պարտավոր ենք իրականությունը ցույց տալ: Այստեղ ապրող մարդը չի ուզում դա, դա չի լինի:

Մենք չենք կարող միակ ձայնը լինել այդ մարդկանց համար, բայց մենք եկանք լսելու այդ մարդկանց ձայնը: Հնարավորություն ունեցանք Halo Trust-ի աշխատակիցների հետ դաշտ գնալ, ռումբի պայթեցմանը ականատես եղանք: Այս մարդիկ ամեն օր իրենց կյանքը վտանգելով ականազերծում են տարածքը, որովհետև չեն ուզում Ադրբեջանի կազմում լինել: Նրանք ուզում են, որ իրենց հողը խաղաղ լինի, ազատ լինի ամեն տեսակի վտանգներից: Հետ վերադառնալուց հետո թե՛ ԱՄՆ պետության հետ պետք է աշխատենք, թե՛ Սփյուռքի հետ: Արցախում ապրող մարդիկ որևէ ձևով չեն հրաժարվում իրենց հողից, և մենք պարտավոր ենք օգնել նրանց:

-Վերջերս ԱՄՆ Միսսիսիպի նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, ԱՄՆ բոլոր նահանգները ճանաչել են, դրանից հետո որո՞նք են լինելու ԱՄՆ Հայ դատի գրասենյակի աշխատանքի ուղղությունները:

-Այստեղ գալու ճանապարհին ստացանք լուրը, որ Միսսիսիպին ընդունեց համապատասխան որոշում. շատ լավ լուր էր: Հիմա 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ընդունել է, բայց մենք մեր պահանջները բարձրացրել ենք: Նախագահ Բայդենի հետ խոսակցությունը հետևյալն է, որ բավարար չէ ճանաչելը, պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ամեն օր վտանգի տակ չդնի մեր գոյությունը:

Մենք մի շարք կոնգրեսականների հետ բանաձև ենք մշակել, որը կոչվում է «Հայոց ցեղասպանության ուսուցման մասին»: Այդ բանաձևով նախատեսվում է 5 տարվա ընթացքում բյուջեից 10 մլն դոլար հատկացնել, որպեսզի Կոնգրեսի գրադարանից Հայոց ցեղասպանության մասին նյութեր բաժանվեն դպրոցներին, համալսարաններին և այն անձանց, որոնք ցանկանում են ուսումնասիրել Ցեղասպանությունը: Բանաձևը նոր է մշակվում, գրեթե մի ամիս է, որ ներկայացրել ենք, և հուսով ենք, որ մինչև տարվա վերջ այն կընդունվի:

-Թուրքական և ադրբեջանական լոբբիի դեմ պայքարն ինչպե՞ս է ընթանում, և արդյո՞ք այդ առումով համագործակցում եք ՀՀ դեսպանության հետ:

-Թուրքական և ադրբեջանական լոբբիի հետ դժվար է, որովհետև շատ են: Նրանք ավելի շատ գումար ունեն, բայց մենք ավելի կազմակերպված, ավելի ակտիվ  ենք: Բայց որպես ամերիկյան կառույց՝ իրավունք չունենք համագործակցել ՀՀ դեսպանի հետ, և միշտ այդպես է եղել: ԱՄՆ-ում ապրող հայերի հետ խորհրդակցում ենք, բայց մենք մեր ծրագիրն ունենք և դա ենք առաջ տանում:

-Ի՞նչ տեղ ունի Արցախը Հայ դատի պայքարի մեջ, և ի՞նչ հնարավորություն եք տեսնում Արցախի ճանաչման առումով:

-Արցախը Հայ դատի մեր ամենակարևոր պայքարն է: Քանի որ Ցեղասպանությունը չի ընդունվել, արդարություն չի եղել Ցեղասպանության առումով, նոր վտանգներ են կախվել մեր երկրի գլխին: Սփյուռքում շատ է խոսվում, որ Արցախյան պատերազմը Ցեղասպանության շարունակությունն է: Էրդողանը հայտարարություններ էր անում, որ իրենք իրենց պապերի գործն են ավարտին հասցնում, նաև տեսանք, թե ինչ ձևով վերաբերվեցին ադրբեջանցի զինվորները մեր բնակչության նկատմամբ: 80 տարեկան կնոջ վիզը կտրելը, զինվորի գլուխը խոզի վրա դնելը, ամեն ձևով վիրավորական վերաբերմունքը, վտանգ սպառնալը՝ մենք տեսնում ենք, որ չճանաչման հետևանք է:

Արցախյան հարցը խճճված վիճակում է, և ակնհայտ է, թե ինչ պիտի լինի, եթե մենք Ադրբեջանի տիրապետության տակ լինենք: Արցախը Հայաստանի պաշտպանությունն է, մեր ազգի պաշտպանությունն է, դա է իրականությունը: Եթե Արցախը չլինի, Հայաստանը չի լինելու: Արցախն ամենաբարձր մակարդակի կարևորություն ունի մեզ համար:

Արցախի ճանաչման ուղղությամբ շատ աշխատանք կա անելու: Մեր բարձրագույն նպատակն է, որ Արցախն ազատ, անկախ պետություն ճանաչվի, բայց դա նաև այստեղի մարդիկ պետք է ցանկանան: Անցյալում դա էր այստեղի ցանկությունը: Վերջիվերջո, արցախցին պիտի որոշի, թե ինչ է ուզում: Բայց որ մենք պայքարում ենք, որ ինքը անկախ պետություն լինի, դա միանշանակ է:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

1