Արցախը հանձնել է Փաշինյանը՝ պայմանավորված պարտությամբ, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս. Արցախի հարցը փակված չէ, պանդորայի արկղը Շահրամանյանը չի բացել. Հակոբ Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո փորձում է ընդհանրապես վերացնել «արցախահայություն» խոսույթը և այնպես անել, որ արցախցիներն իրենք էլ մոռանան Արցախը։ Նա չի հասկանում, որ արցախցու մեջ պետականության գաղափարն ավելի ամուր է նստած, քան իրենց շատ ու շատ պաշտոնյաների մեջ։ Հակաարցախյան նոր էտապ է սկսվել։ Դա աններելի և անթույլատրելի է։
- Եթե ինչ-որ ուժ կա, որ արցախցուն բերել է ցույցերի, դա մեր թշնամու վարած քաղաքականությունն է ու Հայաստանի իշխանության՝ հակաարցախյան քաղաքականությունը։
- Պետք է փաստերը համադրելով հետ վերադառնանք ու տեսնենք՝ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2020թ․նոյեմբերի 9-ին, երբ թշնամին շատ ավելի քիչ տարածքներ վերցրեց, քան հանձնեց Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ։
- Արցախի շրջափակման ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները գեթ մեկ անգամ չասացին, որ շրջափակման բեռը թոթափելը նաև իրենց պարտականությունն է։ Իսկ 2023թ․սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմն իր ինտենսիվությամբ մի քանի անգամ գերազանցում էր 44-օրյա պատերազմին, ու դրանից հետո ասել՝ արցախցիները չպայքարեցին, թողեցին, փախա՞ն…
- Պետք է նայել՝ որտե՞ղ էինք մենք 2018թ., երբ իրենք եկան իշխանության, և որտե՞ղ ենք մենք հիմա։
- Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեր կուսակցության ստեղծման օրվանից միշտ եղել է մեր քննադատության կիզակետում, բայց երբ մարդը չի կարող քեզ պատասխանել, բարոյական չէ ասել բաներ, որոնք նույնիսկ հերքվել չեն կարող։ Ու սա այն դեպքում, երբ նույն Արցախի Անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանը սերտորեն համագործակցում էր Արայիկ Հարությունյանի հետ։ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր բողոքում են այն մարդուց, ով անվերապահորեն սատարել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այսինքն՝ Արայիկ Հարությունյանից։ Ինձ թվում է՝ երբ մենակ են մնում, իրենք էլ են հասկանում՝ ինչ երկիր էր Արցախը և ինչ դարձրին, և դրա համար փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից՝ մեղքը գցելով ցանկացած մարդու վրա։
- Երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, նման հարցադրումներ է անում, ուզում ես հարցնել՝ իսկ ո՞րն է քո շահը։ Իհարկե, Ռուսաստանին հարցեր կան, բայց երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Ռուսաստանը չէր ստիպում նրան նման բան ասել։
- Կա պատվեր, հրահանգ՝ երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար, ու այդ հարցում ՀՀ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Այո՛, Ռուսաստանի հետ պարզելու խնդիրներ կան, բայց արդյո՞ք Ռուսաստանի հետ վատ, թշնամական հարաբերությունները բխում են մեր ժողովրդի ու պետության շահերից։
- Ես կարծում եմ՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, որ այդ պատերազմը վերջանալու է պարտությամբ, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի մաս։ Այստեղ իշխանությունների համար անակնկալներ չեն եղել։ Նույնիսկ մենք էինք զարմանում, որ այդ օրերին տեղի էին ունենում պատերազմի տրամաբանությանը հակառակ գործողություններ, օրինակ՝ զորքերն այն արագությամբ էին տեղաշարժվում, հանձնվում տարածքներ, որ ապշել կարելի էր…
- Եթե ամեն ինչ՝ 44-օրյա պատերազմի պարտությունը, Արցախի հանձնումը պայմանավորված չէր, ինչո՞ւ այսօր Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որևէ կերպ թույլ չտվեցին մասնակցել պատերազմին, ինչո՞ւ մեկուսացրեցին նրանց ու դաշտային գեներալներին, փորձառու զինվորականներին։ Եթե 90-ականներին հաղթանակ կերտած ողջ ռազմաքաղաքական ղեկավարությանն ընդգրկեին 44-օրյա պատերազմի մեջ, այսպիսի պարտություն չէր լինի։ Կար վերին իշխանական մի խումբ, որը չէր ուզում, որ մենք հաղթեինք այդ պատերազմում։
- Նախկինում Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի, ՀՀ նախկին իշխանությունների համար, ինչը այսօրվա գործող իշխանությունը, քաղաքական ուժը ներարկում էր ժողովրդի մեջ, այլ անվտանգային այն վահանն էր, որը պաշտպանում էր Հայաստանը։