«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը հույս ու հավատ է տալիս այն մարդկանց, ովքեր Արցախի ապագան տեսնում են հայկական ու վերականգնված արժանապատվությամբ

Մեր հավաքական դիրքորոշումն Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի որևէ ձևաչափի, ցանկացած փաթեթավորման պարագայում անընդունելի լինելու մասին բյուրեղացել է վերջին 30 տարիներին մեր ժողովրդի կրած զոհաբերությունների և տառապանքների արդյունքում: Այսինքն՝ սա քմահաճույք չէ, սա միջազգային իրավունքով մեզ վերապահված ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք է: Այս մասին մայիսի 19-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ժամանակ իր հայտարարության մեջ նշել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը.
«ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դիսկուրսում տևական ժամանակ շրջանառվում և տարբեր դիտանկյուններից պարբերաբար քննարկվում են Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերը և որպես դրանց պատասխան՝ ՀՀ կողմից ներկայացված 6 կետերը: Մի կողմ թողնելով Ադրբեջանի կողմից առաջարկված կետերը, որոնք լուրջ սպառնալիքներ են պարունակում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ապագայի համար՝ այս պահին տեղին եմ համարում անդրադառնալ Հայաստանի կողմից ներկայացված 6 կետերին և մասնավորապես հետևյալ ձևակերպմանը. «Հայաստանի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված կետերում ըստ էության որևէ ձևով անգամ ակնարկ չկա Ադրբեջանի կազմից դուրս Արցախի վերջնական կարգավիճակին, կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալ թեմայի վրա: Եթե հայկական աշխարհում կամ մեզ շրջապատող իրականության մեջ կան մարդիկ, ովքեր թյուրիմացաբար կարծում են, թե կարող են անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տարածած ձևակերպումների տակ քողարկել կամ ժողովրդական լեզվով ասած «ջրել» Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հարցը, ուրեմն՝ ընդհանրապես չեն հասկացել Արցախի Հանրապետության խորհրդարանի սույն թվականի ապրիլի 14-ին միաձայն ընդունված հայտարարության իմաստն ու դրանից բխող ուղերձը:
Սա տարիներով բռնությունների ենթարկված հայատյացությունն ու ադրբեջանական խտրական քաղաքականությունն իր մաշկի վրա զգացած ժողովրդի բնական ու տրամաբանական պատասխանն է: Եվ երբ այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության կողմից նախաձեռնված հանրահավաքների ժամանակ հստակ արձանագրվում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հենց այս թեզն է, որ հույս ու հավատ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի ապագան տեսնում են հայկական ու վերականգնված արժանապատվությամբ:
Շատ պարզ է Արցախի ժողովրդի ցանկությունը՝ մենք ուզում ենք, որ ՀՀ-ն իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը միտված լինի պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, առանց սահմանափակումների և որը կբացառի Արցախի բռնակցումը Ադրբեջանին: Այսօր Հայաստանում փողոց դուրս եկած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիները հենց այս օրակարգն են առաջ մղում, և այդքանով հանդերձ տրամաբանական ու ընկալելի է Արցախի ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը այդ օրակարգին՝ հակառակը ուղղակի անհասկանալի կլինի: Իսկ նրանք, ովքեր փորձում են այս հարցը տեղափոխել ներազգային պառակտման դաշտ, ուղղակի ջուր են լցնում թշնամու ջրաղացին»: