Արցախը երբեք չի եղել ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի մաս

Ապրիլի 14–ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ելույթ է ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ » խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպես 1988 թվականին, այնպես էլ հիմա արցախահայության համար առաջնային պլան է մղվել լինել-չլինելու գոյաբանական հարցը:
Աշխարհաքաղաքական բարդ զարգացումների ֆոնին ուժի կիրառման սպառնալիքի տակ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի բռնակցման և հայաթափման իր վաղեմի երազանքին: «Արցախն առանց հայերի». Ադրբեջանի այս տեսլականը պատմական հիմնավորումից զատ արտահայտված է նաև ներկա իրողությունների և գործողությունների տրամաբանության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրության կողմից ամրագրված նորմերը, բացեիբաց հոգեբանական և ֆիզիկական ահաբեկման է ենթարկում արցախահայությանը:
Սա արվում է այն դեպքում, երբ դե յուրե և դե ֆակտո չկան ադրբեջանական իշխանության լծակներ Արցախում: Նման պարագայում օդում կախված է մնում «ինչ կլինի արցախահայության հետ, եթե Ադրբեջանն ունենա այդ լծակները» հռետորական հարցը:
Արցախը չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում:
Այս բացարձակ ճշմարտությունը չնկատելը քաղաքական անհեռատեսություն է: Քաղաքական անհեռատեսություն է նաև պարտադրված խախաղությունից իրական խախաղություն ակնկալելը։ Բոլորս ել կողմ ենք խախաղության, խախաղություն, որ պիտի ունենա անվտանգային երաշխիքներ և չլինի պետականության կորստի հաշվին։
Արցախի հայկական ապագան գոյաբանական հարց լինելուց զատ նաև միջազգային հանրության կողմից վավերացված ինքնորոշման իրավունքի իրացումն է, և անընդունելի է տարածքային ամբողջականության իրավունքի թեզի տակ կոխկռտել մեր ազատ կամարտահայտվելու, այն է՝ ինքնորոշման իրավունքը:
1975 թվականի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և միջազգային իրավունքի դոկտրինի համաձայն՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություններ չկան։
Ավելին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում անգամ Արցախը երբեք չի եղել ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի մաս: Լեռնային Ղարաբաղը, իրացնելով իր ազատ ինքնորոշման իրավունքը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել է անկախություն՝ այնուհետև 1991թ․ դեկտեմբերի 10-ին հաստատել այն հանրաքվեյով բնակչության ուղղակի կամարտահայտման միջոցով՝ որպես ժողովրդավարության բարձրագույն դրսևորում, միջազգային իրավանորմերի և այն ժամանակավա գորժող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն։
Միջազգային հանրությունը կոնֆլիկտի շուրջ ձևավորված Մինսկի խմբի շրջանակներում քանիցս արձանագրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 3 հիմնական սկզբունքները, որոնցից ուժի կիրառման սպառնալիքն ու ուժի կիրառման անթույլատրելիությունըբազմաթիվ անգամ խախտվել է Ադրբեջանի կողմից և շարունակում է խախտվել մինչև օրս: Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասով հակասության բացակայության և առանձին հարթակներում իրավիճակի հանգուցալուծման մասին, բացի միջազգային իրավունքի հիմնավորումից, հատկանշական է նաև 2020թ․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 2022 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկնաբանությունը: մեջբերում «Մենք կողմ ենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ անցնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատմանը։ Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին. դա զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սկսել մշակել՝ դրա համար սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելով» դրանով իսկ արձանագրելով դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների և Արցախի կարգավիճակի՝ իրար հետ կապ չունենալու փաստը:
Ի՞նչ է փոխվել մի քանի ամսվա մեջ: Ինչու՞ պիտի մեր կենսական շահերի հարցում զիջումների գնանք՝ դիմացը չստանալով ոչինչ, ավելին՝ ստանալով գոյաբանական հարցի խորացում և նորանոր մարտահրավերներ»: