Արցախը դիմադրեց 44 օր․ Ուղիղ չորս տարի առաջ Արցախում պատերազմ էր
2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը փոխեց ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում։ 44 օր տեւած պատերազմը սկիզբն էր Արցախի՝ արդեն իսկ կանխորոշված, կորստի։ Սակայն Արցախը պայքարում էր, դիմադրում։ Արցախի բանակը փաստացի մենակ էր թուրք-ադրբեջանական բազմահազարանոց բանակի դեմ, նոր սպառազինությամբ եւ վարձկաններով զինված թուրք-ահաբեկիչների դեմ։ Հայաստանը ռազմական դրություն հայտարարեց, զորահավք էր, Արցախում՝ ռազմադաշտը թեժ էր։
Համառ պայքար, դիմադրություն, թշնամու անհավասար ուժերի դեմ, Արցախի բանակը ճեղքվեց, թիկունքից դարպասները բացված էր․․․ Հադրութը ընկավ, ապա՝ Շուշին․․․
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով դադարեցվեց ռազմական գործողություններն Արցախում, Արցախի զգալի հատվածը բռնազավթվեց։
Հինգ հազար զոհ, բազմաթիվ անհայտ կորած, գերեվարված, տեղահանված ժողովուրդ, 4 տարի անց՝ ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։
Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար:
Հայկական կողմը կորցրեց Արցախի զգալի մասը։ Պայմանագրի ստորագրման գիշերը Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Բերձորի միջանցքի երկայնքով:
Տեղահանված մի շարք արցախցիներ հետ վերադարձան՝ իրենց ապագան կապելով Արցախի հետ։ Սակայն, 2023-ի պատերազմը վկայեց, որ խաղաղապահների ներկայությունն անգամ հետ չի պահում Ադրբեջանին իր բռնազավթման քաղաքականությունից՝ 2023-ին ունեցանք ամբողջական Արցախի հայաթափում, նոր ցեղասպանություն եւ գաղթ։
Առայսօր տարբեր գնահատականներ են հնչում 44-օրյա պատերազմի շուրջ, սակայն դեպքերի ընթացքն, ականատեսների վկայություններն ու իրողությունները հուշում են, որ ամեն ինչ կանխորոշված էր, պայմանավորված, միայն մեր զինվորների համառ պայքարի ու հերոսության շնորհիվ՝ Արցախը դիմադրեց 44 օր։
Հավերժ փառք մեր հերոսներին։
Ապառաժ