Արցախը չկա, խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ վտանգված է ինքնիշխանությունը. Արմեն Ռուստամյան
Գլխավոր » Լրահոս » Արցախը չկա, խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ վտանգված է ինքնիշխանությունը. Արմեն Ռուստամյան

Արցախը չկա, խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ վտանգված է ինքնիշխանությունը. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հարցազրույց է տվել Horizon-Media հեռուստաընկերությանը: Նա խոսել է Հայաստանում արձանագրված վերջին զարգացումների, ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային ուղեգծի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, Սփյուռքի դերակատարության, ինչպես նաև այս հարցերում ՀՅԴ մոտեցումների և դիրքորոշումների մասին:

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների կարևորությանը՝ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշել է. «Մենք հիմա գտնվում ենք մի բախտորոշ շրջափուլի մեջ, երբ առաջիկա ընտրություններով որոշվելու է, թե մեր երկիրը ո՞ր ուղեգծով պետք է առաջ ընթանա: Այն ուղեգիծը, որ իրականացնում է այսօրվա վարչախումբը, մեզ հեռացնում է մեր ազգային, պետական նպատակներից և ավելի շուտ սպասարկում թուրք-ադրբեջանական օտար շահեր: Սա նկատվում է բոլոր ուղղություններով, և իրենք էլ դա չեն թաքցնում: Ուղղակի չեն իրականացնում կառավարության այն ծրագիրը, որ հաստատվել է Ազգային ժողովի կողմից. մասնավորապես Արցախին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և մինչ այս գոյություն ունեցած մեր անվտանգային համակարգին վերաբերող հարցերում: Այս հարցերը նրանք հիմա ճիշտ հակառակ ուղղությամբ են տանում լուծման: Ստանձնելով պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, տեր կանգնել և երաշխավորել արցախահայերի անվտանգությունը, նրանք դարձան այն վարչախումբը, որ փաստաթուղթ ստորագրեց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին՝ արագացնելով մեր կորուստների հետագա ընթացքը: Արցախը հանձնեցին, հայտարարելով, որ դա, իբր, անհրաժեշտ էր որպեսզի ամրապնդենք մեր անկախությունը, բայց տեղի ունեցավ հակառակը՝ բոլոր վտանգները տեղափոխվեցին Հայաստան: Արցախը հիմա չկա, ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վտանգված է ինքնիշխանությունը: Այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարի վրա հիմնված այս ուղեգիծը մեզ ամեն օր հեռացնում է մեր ազգային նպատակներից»:

Խոսելով այս իրավիճակում Դաշնակցության անելիքների մասին՝ նա ընդգծել է. «Մեր խնդիրը նախևառաջ այս ուղեգիծը փոխելն է: Մենք պետք է վերահաստատենք մեր ազգային-պետական ուղեգիծը: Հակառակ պարագայում մենք կարձանագրենք մեր ինքնության կորուստը, Հայաստանի, որպես տարածաշրջանային գործոնի, կորուստը կարձանագրենք և կդառնանք թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդ մի պետություն: Այս հեռանկարը պետք է կանխել: Այս իմաստով Դաշնակցության անելիքը շատ ավելի առարկայական և պատմական է դառնում, և պատահական չէ, որ այս իշխանությունների հիմնական թիրախը Հայաստանում գաղափարական և քաղաքական առումով հենց Դաշնակցությունն է»:

1