Արցախը առանցք դարձնելը՝ անշրջելի հրամայական
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արցախը առանցք դարձնելը՝ անշրջելի հրամայական

Արցախը առանցք դարձնելը՝ անշրջելի հրամայական

Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման  100 օրը, իսկ մի քանի օր առաջ տոնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրվարյան զարթոնքի 35ամյակը: Պայքարը շարունակվում է:

Այս օրերի և այս տարիների  ընթացքում շատ անգամներ առիթ է եղել խորհելու, վերաիմաստավորելու համար պայքարի նպատակն ու ցանկալի վերջնաարդյունքը: Հատկապես դժվարին պահերին, երբ թվում է, թե հավաքական տոկունությունը տեղիք է տալիս, հարկ է մեկ անգամ ևս վերաթարմացնել մղիչ ուժը:

Իրոք, ո՞րն է մեր պայքարի  ուղին, եթե երկու բառով, ապա՝ ազգային-ազատագրական պայքարը: Ինչպես յուրաքանչյուր ազգի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նպատակը իր հայրենիքում  ազատ ու անկախ ապրելու, զարգանալու և ստեղծագործելու իրավունքի իրացումն է: Իսկ այդ իրավունքի իրացման անհրաժեշտ եւ անշրջադարձելի  պայմանը սեփական  կառավարման  համակարգի՝ հայկական պետականության առկայությունն է:

Այս դիտանկյունից Արցախյան ազատագրական պայքարը հայ  ժողովրդի  իղձերի  իրականացման կարևոր մի հանգրվան է, որը մեր, մեր հայրերի և մեր զավակների  արյամբ  և քրտինքով  միս ու արյուն է ստացել և դարձել  համահայկական հաղթանակի, ազգային  գաղափարի  ներուժի սնուցման աղբյուր:

Այն, որ Արցախը  վերջին  30 տարիների ընթացքում համայն հայության  մտասևեռման  և համախմբման  խորհրդանիշն է եղել, անժխտելի է: Իսկ այն ապազգային  հոսանքը, որը ցանկանում է առօրյայից հանել Արցախը և համահայկական օրակարգը ձևավորել առանց Արցախի, այլ բան չէ, եթե ոչ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մի քաղաքականություն, որով այսօր զբաղված են Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ապազգային   են այն գաղափարները, որոնք սերմանում են այսօրվա ՀՀ իշխանությունները. Հայաստանը միայն 29 000 կմ չէ, Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ:

Հայկական կոչվող պետությունը պետք է հոգա ու տերը լինի  իր ազգային առաքելությանը: Հայ ժողովուրդը հայկական պետությանն է պատվիրակել իր իղձերի իրականացման առաքելությունը: Այս դրույթն ամրագրված է հայկական զույգ պետությունների հռչակագրերում:

Շրջափակման 100 օրվա շեմին,  պայքարը խորհրդանշող դիմադրության, այս հանգրվանում՝ Արցախի շուրջ համահայկական համախմբումը, Արցախը  առանցք դարձնելը, Արցախով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մեկ անգամ ևս վերաիմաստավորելը անշրջելի հրամայական  է:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մարտի, 2023թ.

1