Արցախը առանցք դարձնելը՝ անշրջելի հրամայական

Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման 100 օրը, իսկ մի քանի օր առաջ տոնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրվարյան զարթոնքի 35ամյակը: Պայքարը շարունակվում է:
Այս օրերի և այս տարիների ընթացքում շատ անգամներ առիթ է եղել խորհելու, վերաիմաստավորելու համար պայքարի նպատակն ու ցանկալի վերջնաարդյունքը: Հատկապես դժվարին պահերին, երբ թվում է, թե հավաքական տոկունությունը տեղիք է տալիս, հարկ է մեկ անգամ ևս վերաթարմացնել մղիչ ուժը:
Իրոք, ո՞րն է մեր պայքարի ուղին, եթե երկու բառով, ապա՝ ազգային-ազատագրական պայքարը: Ինչպես յուրաքանչյուր ազգի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նպատակը իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, զարգանալու և ստեղծագործելու իրավունքի իրացումն է: Իսկ այդ իրավունքի իրացման անհրաժեշտ եւ անշրջադարձելի պայմանը սեփական կառավարման համակարգի՝ հայկական պետականության առկայությունն է:
Այս դիտանկյունից Արցախյան ազատագրական պայքարը հայ ժողովրդի իղձերի իրականացման կարևոր մի հանգրվան է, որը մեր, մեր հայրերի և մեր զավակների արյամբ և քրտինքով միս ու արյուն է ստացել և դարձել համահայկական հաղթանակի, ազգային գաղափարի ներուժի սնուցման աղբյուր:
Այն, որ Արցախը վերջին 30 տարիների ընթացքում համայն հայության մտասևեռման և համախմբման խորհրդանիշն է եղել, անժխտելի է: Իսկ այն ապազգային հոսանքը, որը ցանկանում է առօրյայից հանել Արցախը և համահայկական օրակարգը ձևավորել առանց Արցախի, այլ բան չէ, եթե ոչ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մի քաղաքականություն, որով այսօր զբաղված են Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ապազգային են այն գաղափարները, որոնք սերմանում են այսօրվա ՀՀ իշխանությունները. Հայաստանը միայն 29 000 կմ չէ, Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ:
Հայկական կոչվող պետությունը պետք է հոգա ու տերը լինի իր ազգային առաքելությանը: Հայ ժողովուրդը հայկական պետությանն է պատվիրակել իր իղձերի իրականացման առաքելությունը: Այս դրույթն ամրագրված է հայկական զույգ պետությունների հռչակագրերում:
Շրջափակման 100 օրվա շեմին, պայքարը խորհրդանշող դիմադրության, այս հանգրվանում՝ Արցախի շուրջ համահայկական համախմբումը, Արցախը առանցք դարձնելը, Արցախով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մեկ անգամ ևս վերաիմաստավորելը անշրջելի հրամայական է:
«Ապառաժ»-ի խմբագրական
17 մարտի, 2023թ.