Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում. Ռուբեն Վարդանյան

Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, քննարկվել է «Ինչպե՞ս դառնալ առաջնորդ» թեման: Ռ. Վարդանյանը նշել է, որ մեր մեջ որոշում չկայացնելու, պատասխանատվություն չվերցնելու միտում կա: «Մեղադրում ենք մեր ծնողներին, որ ուղարկեցին մեր չուզած այն համալսարանը, ամուսնացանք մի մարդու հետ, որին չէինք հավանում: Ցավոք սրտի, վախենում ենք որոշում կայացնելուց: Այստեղից է գալիս գոյատևելու ու ապրելու միջև ընտրություն կատարելը»,- ասել է նա: Նա շեշտել է, որ որոշում կայացնելու պատրաստ մարդիկ պետք է պայքարեն, որ Արցախը չկործանվի. «Ինձ համար միևնույնն է՝ ես պաշտոնի եմ թե ոչ, մենակ կլինեմ, թե ինձ կմիանան, բայց որոշում կայացնելուց հետո ամեն ինչ հեշտ է դառնում: Դժվար որոշում է, չկա հետ դառնալու հնարավորություն, այդ ճանապարհին հնարավոր է զոհվես, բայց դա ավելի լավ է, քան թե կորցնես արժանապատվությունը կամ քո հայրենիքը»:
Ռ. Վարդանյանի խոսքով՝ պայքարը միայն զենք վերցնելը չէ, պայքարել նշանակում է ամեն օր արթնանալ և հարցնել, թե ինչ պիտի անեմ, ինչ կարող եմ անել Արցախի համար:

Նա զուգահեռներ է անցկացրել մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, նշել, որ Նժդեհը 100 տարի առաջ նույն բաների մասին էր ասում, ինչպես սկզբից մարդիկ իրեն չէին ընդունում, նրան էլ Երևանից հրահանգում էին զենքը վայր դնել:
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ապագային, պայքարի ուղիներին, տարբեր հարցերի շուրջ նրա դիրքորոշմանը:

Անդրադառնալով Արցախի հետագա կարգավիճակի մասին հարցին՝ նշել է, որ Արցախն առանց Հայաստանի չի պատկերացնում. «Իմ հասկացողությամբ Արցախը Հայաստանի մարզ լինել չի կարող, կարող է լինել ֆեդերացիայի մեջ, հատուկ կարգավիճակում լինել: Բայց դա չի նշանակում, թե Արցախը պիտի Հայաստանից առանձին լինի, պիտի գտնվի այն մոդելը, որը կշեշտի Արցախի յուրահատուկ մշակութային, պատմական առանձնահատկությունը: Հայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց Հայաստան պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են: 30000 տղաներ կամավոր եկել են այստեղ կռվելու, մենք սա չենք կարող մոռանալ: Մենք պետք է ազդենք, որ Հայաստանի դիրքորոշումը փոխվի Արցախի հարցում: Դա առանձին մեծ աշխատանք է: Դժվար, ծանր գործ է, բայց պետք է աշխատենք»: