Արցախը անցյալ չէ, Արցախը խոհեմ ու իմաստուն ներկայի պահանջ է և լուսավոր գալիք
Գլխավոր » Գաղափարական » Արցախը անցյալ չէ, Արցախը խոհեմ ու իմաստուն ներկայի պահանջ է և լուսավոր գալիք

Արցախը անցյալ չէ, Արցախը խոհեմ ու իմաստուն ներկայի պահանջ է և լուսավոր գալիք

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Սուրբ Ծննդյան քարոզ-ուղերձը

«Որ այսօր մարմնացաւ ի սրբոյ կուսէն յաղագս անիծիցն, և եբարձ զպատուհաս նախաստեղծին»:

«Նա այսօր մարմին առավ Սուրբ Կույսից անեծքների համար և իր վրա վերցրեց նախաստեղծի (մեղքի) պատիժը»

Սուրբ ծննդյան Շարական

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

Աշխարհի ամենանվիրական Ծնունդը նկարագրող շարականագրի այս հուսառատ խոսքերով մեր հոգու ուրախությունն ու անկեղծ զգացումներն ենք փոխանցում ամենքիդ: Կամոքն Աստուծո և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի` երջանիկ հնարավորությունն ունեցանք Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ մատուցելու վերապայծառացյալ Մայր Տաճարի Սուրբ Խորանին:

Երբ որևէ ընտանիքում նոր զավակ է լույս աշխարհ գալիս, բոլորը կամա թե ակամա այդ հրաշալի իրադարձությունը համարում են իրենց համար մի նոր սկիզբ, վերարժևորում են մինչև այդ ծնունդն իրենց ապրած կյանքը, կրած տառապանքները և զգում են, որ մի տեսակ նոր մարդ են դարձել, և իզուր չեն եղել իրենց նախընթաց բոլոր ջանքերը, իսկ հոգևոր տեսողությունը չկորցրած մարդիկ զգում են, որ ամեն մի նոր մանկան ծնունդ Աստծո տեսանելի այցելությունն է իրենց այս երկրավոր կյանքում: Եթե մենք այսքան կարևորում և ուրախանում ենք մարդկային ծնունդի ժամանակ, ապա որչափ առավել ևս պիտի ցնծանք և նորոգվենք Բեթղեհեմյան Հրաշամանուկի Սուրբ և անմեկնելի Ծննդյան ժամանակ:

Եվ ինչպես ամեն նոր մարդու ծնունդ կոչված է լինելու սիրո պտուղ, այնպես էլ Աստվածորդու ծնունդը մարդկության հանդեպ Աստծո գերագույն և անսակարկ սիրո զորավոր ապացույցն է։ Քրիստոս Իր ծնունդով սկիզբ դրեց մարդկության փրկչագործությանը, որն իր կատարումին հասավ Իր կյանքի, մահվան ու հրաշափառ Հարության միջոցով։

Ամենակարող Աստված ընտրեց մարդկային ծննդի ճանապարհը՝ իջնելու մեր աշխարհ և հիշեցնելու իր արարածներին, որ իրենք ստեղծված են դեպի վեր, դեպի Իրեն գնալու համար, ու Իր կյանքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի այդ ընթացքը:

Սուրբ Ծննդյան տոնը մեզ մշտապես հրավիրում է վերատեսության ենթարկելու մեր կյանքի ընթացքը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն տոնախմբելը՝ մտորումի նյութ է դարձնում ազգային մեր կյանքի անցյալը, ներկան ու ապագան:

Իրապես, բազմաթիվ փորձություններ և դժվարություններ դիմագրաված մեր ժողովուրդն անցնող տարիների ընթացքին տեսավ պատերազմ, բռնագաղթ ու մահվան արհավիրք, և տակավին պակասում է հիմնավոր վստահությունն ապագայի անվտանգ կյանքի հանդեպ: Բայց այս անորոշության և վտանգների միջից մի վառ փարոս է վերստին վառվել մեզ համար՝ վերաօծյալ և վերանորոգյալ Մայր Տաճարի տեսքով: Որքան ախորժելի և ցանկալի է այսօր հնչում մեզ համար պատմիչ Առաքել Դավրիժեցու խոսքը, թե «Ի վերայ Աջոյն Լուսաւորչի եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»:

Սուրբ Էջմիածինն է այն հոգևոր բարձունքը, որին պետք է ձգտի ամեն մի հայի միտք ու հոգի. ինչպես սաղմոսերգուն է ասում. «Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն»: Մենք պետք է վերանայենք մեր ազգային մտածողությունը, որ նուրբ թելերով կապված է այս Տաճարի և նրա խորհրդի հետ:

Ինչպես Հայոց Հայրապետը իմաստություն, տեսիլք և կամք ունեցավ համախմբելու համազգային ջանքերն և առնվազն մի քանի հարյուրամյակ երկարացնելու Միածնաէջ Մայր Տաճարի կյանքը, նույն կերպ մենք պետք է այսօր ազգովի իմաստություն, տեսիլք և կամք ունենանք երկարացնելու մեր պետականության կյանքը և չթողնենք այդ սրբազան առաքելությունը բախտի քմահաճույքին:

Այսօր, երբ ֆիզիկապես զրկված ենք վերջին տասնամյակներում մեր ազգային կյանքը միավորող, ոգեշնչող և ուղղորդող վառ ջահերից մեկից՝ Արցախից, իսկ գոյաբանական սպառնալիքները շարունակում են կրակե կայծերի պես կուտակված մնալ Հայոց երկնակամարում, մենք չպետք է մեզ զրկենք Արցախի տեսիլքից, որովհետև Արցախը անցյալ չէ, Արցախը խոհեմ ու իմաստուն ներկայի պահանջ է և լուսավոր գալիք: Սուրբ Ծննդյան մսուրի առաջ ծնկած՝ մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար:

Հիմա, երբ մեր սրտերում խաղաղության հստակ սպասումն ու հույսն է թևածում, մենք ակամա հարցնում ենք ինքներս մեզ՝ որտե՞ղ է Աստծո կողմից խոստացված այն խաղաղությունը, որ հրեշտակները ավետում էին Փրկչի Ծննդյան գիշերը: Թվում է, թե Աստծո մարմնացումից մինչև մեր օրեր, մարդկությունը դեռ շարունակում է փնտրել այդ խաղաղությունը: Սուրբ Գրքի խոսքերը, անկասկած, ճշմարիտ են, ինչը նշանակում է, որ խաղաղությունն այդ օրվանից իսկ իջել է երկրի վրա: Այդ խաղաղությունը Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնացումն է: Աստվածային սկիզբը՝ հավերժ միավորված մարդկային բնության հետ, մարդուն վերադարձրեց հնարավորությունն ապրելու Աստծո սիրո օրենքի համաձայն, գործելու հավատքով և հույսով նայելու ապագային: Աշխարհում խաղաղությունը տեսնելու համար նախ պետք է գտնես և սիրես այն քո ներսում: Այդ խաղաղության անունը Հիսուս Քրիստոս է։ Այդ խաղաղությունը, որ եկավ որպես սիրո մարմնացյալ արտահայտություն, մեր թե՛ ազգային, թե՛ հասարակական և թե՛ ընտանեկան կյանքերում ևս մարմին ու արյուն կարող է ստանալ միայն սիրո միջոցով։ Սեր Աստծո և մերձավորի հանդեպ։ Սեր հայրենակցի հանդեպ, սեր հավատակցի հանդեպ, սեր տառապյալի ու կարիքավորի հանդեպ։ Եվ վերջապես, սեր մեր հավաքական արժեքների ու առաքելության հանդեպ։ Սեր, որը ոչ միայն խոսքերով ու ճառերով է արտահայտվում, այլև մարմին ու արյուն է ստանում գործերով։ Աստված, Ում Հավիտենական Խոսքով արարվեցին երկինքն ու երկիրը, Իր սերը մարմնացումի և մարդեղացումի ճանապարհով արտահայտեց։ Մեզ համար ևս այս է իրական խաղաղության ճանապարհը։

Ճրագալույցի գեղեցիկ այս երեկոյին մենք պիտի եկեղեցում վառած մոմի միջոցով Քրիստոսի խաղաղարար լույսը տանենք մեր օջախներ, որպեսզի մեր տները ևս լցվեն Բեթղեհեմյան քարայրի սիրով, ջերմությամբ և ուրախությամբ։ Խոնարհության պայմաններում ծնվող այդ լույսն է, որ դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդի հավատավոր զավակներին, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այդ նույն լույսի տեսիլքով է հիմնել Հայոց Լուսո Խորան Էջմիածնի Մայր Տաճարը, որտեղից մշտավառ կերպով շողարձակում է Քրիստոսի համախմբող և զորացնող Լույսը։

Ուստի սիրելիներ, Սուրբ Ծննդյան տոնախմբումը թող չլինի միայն հիշատակումը Սուրբգրային մի գեղեցիկ պատումի, այլ այն դառնա Քրիստոսի Ծննդյան տեղի փնտրտուք՝ ոչ թե հեռավոր Բեթղեհեմում, այլ յուրաքանչյուրիս սրտում և հոգում։ Թող ամենքս այսօր մեզ հարցնենք. «իսկ իմ սրտում ես ծնունդ տվե՞լ եմ սիրո գործերի, իմ հոգում պատրաստե՞լ եմ տեղ հավատի համար, և իմ մտքում վա՞ռ եմ պահել արդյոք հույսի ջահը»։ Միայն դրական պատասխանի դեպքում Մանուկ Հիսուսի Ծնունդը պիտի լուսավորի մեր կյանքը և մեզ համար դառնա իրապես Սուրբ Ծնունդ։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Ձեզ և մեզ մեծ ավետիս:

1