Արցախը 275 օր է շրջափակված է․ 1․945 քաղաքացի զրկված է վիրահատվելու հնարավորությունից
Գլխավոր » Լրահոս » Արցախը 275 օր է շրջափակված է․ 1․945 քաղաքացի զրկված է վիրահատվելու հնարավորությունից

Արցախը 275 օր է շրջափակված է․ 1․945 քաղաքացի զրկված է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,945 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Այս մասին ասվում է Արցախի կառավարության տեղեկագրում:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը  շրջափակված  է արդեն 275: Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 794 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 223 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (275 օրվա ընթացքում մարդկանց 673,750 -ի փոխարեն՝ 3,015 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 13 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 85 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (275 օրվա ընթացքում 253,000 -ի փոխարեն՝ 2,984 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:

Շուրջ 19 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (275 օրվա ընթացքում մոտ 110,000 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 208 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 246 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կա՛մ փաստացի են կասեցրել, կա՛մ գործում են խիստ սահմանափակ ծավալով։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:
 

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 523 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

1