Արցախցու ոգին, բազկի ուժն ու համբերությունը ոչ մի ազգ չունի․ Յու․ Մարգարյան
Ինչպես 90-ականներին, այնպես էլ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին արիության դասերը լավ սերտած համալսարանականները, առաջին իսկ օրերից թողնելով համալսարանական նստարանները, մեկնեցին ռազմաճակատ՝ սերտածը գործով ապացուցելու։ Ցավոք, նրանցից շատերին ապրելու իրավունքը բաժին չհասավ, ուսանողական նստարանները մնացին թափուր, սիրած աղջիկները՝ սպասումով։ Նրանք գիտակցաբար ընտրեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործն ու սեփական օրինակով ապագա սերունդների համար ուսուցիչ դարձան։
Մահից փրկվածները իրենց մարտական ընկերներին մոռանալ չեն կարող։ Ստացած վերքերը զգացնել տվող ցավը նրանց միշտ հիշեցնել կտա այն օրերը։ Նրանք մեզ հետ քայլող այն օրերի կենդանի վկաներն են։
Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը իր խոսքն է հղել 44-օրյա պատերազմի մասնակից, ԱրՊՀ մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հիշատակի օր է, օր հերոսացման, օր խնկարկումի։ 2 տարվա չսպիացող վերքի վրա նորից աղ լցնելուց հետո մենք շարունակում ենք կանգուն մնալ։ Այսօր այստեղ ենք խոնարհվելու համար 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոս քաջորդիների սուրբ և անմար հիշատակի առջև։ Նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ապրել և արարել մեր վիրավոր Արցախում։ Նրանց սուրբ պատգամին և երդմանը հավատարիմ մենք պետք է խոստանանք, որ արժանի հետնորդները կլինենք նրանց կիսատ գործին։
Ինչպես ասում են՝ սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Եկեք պայքարենք, ինքնակազմակերպվենք, միաբանվենք մեկ միասնական գաղափարի շուրջ, ազգովի մարտնչենք, մեր հերոսների կիսատ գործը շարունակենք պատվով, մի բռունցք դառնանք, որպեսզի պայքարը լինի իր նպատակին ծառայող։
Մենք իրավունք չունենք ընդմիշտ ապրելու այս ցավով։ Դժվար է, գիտեմ, իրոք դժվար է։
Ես ինքս 44-օրյա պատերազմի մասնակից եմ, կորցրել եմ հարազատ քեռուս, մարտական ընկերների, բարեկամների։ Այս թևաթափ լինելը և կոտրվելը ինձ և Արցախցու համար չեն։ Հավատացեք և համոզված եղեք, որ արցախցու ոգին, բազկի ուժն ու համբերությունը ոչ մի ազգ չունի և չի էլ ունենա։ Մենք պետք է կարողանանք մեր տղաների օրինակով գոտեպնդվել և պայքարել մեր լինելության համար։ Մենք չընկրկող ազգ ենք, մենք դարեր ի վեր պայքարել ենք ու դեռ պայքարելու ենք։
Եկեք իրապես ոչ միայն խոսքով, այլև մեր գործով, պետք եղած դեպքում նաև արյամբ պաշտպանենք մեր հող հայրենին, ապավինենք սեփական ուժերին, որպեսզի մեր պայքարը պատվով պսակի իր պտուղները։
Խաղաղություն մեր երկրին, անփորձանք ծառայություն մեր սահմանապահ առյուծասիրտ մարտիկներին։ Մենք, վրեժի ցասումը սրտներիս առած, մեր համառ կամքի և միասնականության շնորհիվ կերտելու ենք նոր և արժանապատիվ հաղթանակներ։
Ես Արցախն եմ, մենք Արցախն ենք, Արցախն ապրելու է»-, ասել է Յու․ Մարգարյանը։