Արցախցիներին բնակարաններով ապահովելու կառավարության ծրագրերը մատչելի չեն իմ ընտանիքին․ տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել
Ալիկ Զաքարյանի ընտանիքն Արցախի Վաղուհաս գյուղից է տեղահանվել։ Հայրենի գյուղից հեռացել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ թշնամին արդեն փակում էր Վաղուհասի ճանապարհը։ Համագյուղացիների հետ անտառների միջով հասել են Հարությունագոմեր՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Վաղուհասցիները երկրորդ անգամ են զգացել գյուղը կորցնելու ծանր ու երբևէ չանցնող ցավը։
Ալիկը պատմում է 2023-ի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների և տեղահանման մասին
-Սեպտեմբերի 19-ին առօրյա հոգսերի մեջ էինք, երբ կեսօրին մոտ սկսվեցին հրետակոծությունները։ Իրավիճակի բարդությունն զգալով՝ ես իջա մեր տան նկուղը, որ այն նախապատրաստեմ մարդկանց ապաստան տալու համար։ Քիչ հետո շուրջ 25 ընտանիք էին հավաքվել։ Մինչև օրվա վերջն արդեն 100 մարդ կար մեր նկուղում, որոնց մեջ կանայք, երեխաներ ու ծերեր էին։ Տղամարդիկ հերթապահում էին գյուղի շրջակայքում։ Ողջ օրը ռմբակոծվում էին գյուղի չորս կողմերը։ Ոչ մի կապ չէր գործում։ Այդ ընթացքում մենք տեսնում էինք, որ կողքի գյուղերը՝ Գետավանը, Չափարը, տարհանվում են։
Երեկոյան՝ ժամը 11-ի կողմերը, մոտիկից կրակոցների ձայներ էին լսվում։ Տղամարդկանցով հավաքվել էինք գյուղամիջում, որ բարձրանանք դիրքեր (մինչ այդ մի քանի կամավորներ գնացել էին մոտակա դիրքերը)։ Սակայն շրջվարչակազմից ոչ մի հրահանգ չտրվեց ո՛չ տարհանման, և ո՛չ էլ դիրքեր գնալու մասին։ Գիշերվա կեսին եկա տուն ու բոլորին ասացի, որ գյուղից դուրս գալու հրահանգ չկա։ Ժամը 3-ն անց կեսին ինձ զանգահարում և տեղեկացնում են, որ թշնամին փակում է Վաղուհասի ճանապարհը, մնալը վտանգավոր է․ գյուղը կհայտնվի շրջափակման մեջ։ Ապաստարանում գտնվողներին բացատրում եմ իրավիճակը և պատրաստվում ենք հեռանալու։ Ուշադրություն չգրավելու համար մթության մեջ դուրս ենք գալիս գյուղից։ Փոքր մասը՝ մեքենաներով, մեծ մասը՝ ոտքով, գրեթե 3 կմ անցնելով, հասնում ենք Հարությունագոմեր։ Մեր գյուղից ընդամենը 3-5 ընտանիքի է հաջողվում տանից փաստաթղթեր ու գումար վերցնել։ Նկուղներում ապաստան գտած մարդկանց մտքով չէր անցնում, որ այլևս տուն չեն գնալու։ Մեծամասնությանը չի հաջողվել անգամ անձնագրերը վերցնել, քանի որ 19-ի ողջ ցերեկը հրետակոծությունները չէին դադարում։ Հարությունագոմերից բեռնատար մեքենաներով տարհանվեցինք Դրմբոն, իսկ լուսադեմին՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Հետո մեզ հրահանգեցին գնալ Ստեփանակերտի հրապարակ, որտեղ պետք է որոշվեր մեր գյուղացիներին գիշերակաց տալու հարցը։ Տեղավորվեցինք՝ ով ինչպես կարող էր։
Գյուղի բնակչությունն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին։ Վաղուհասում ենք թողել գրեթե բոլոր սեփական մեքենաները, և տեղավորվելով գյուղից դուրս բերած մի քանի բեռնատար մեքենաներում, մեծ դժվարությամբ հասել ենք Հայաստան՝ 48 ժամ հետո։
Երկրորդ անգամ են հեռանում գյուղից։ Արցախյան պատերազմի ժամանակ գյուղը գրավվել էր թշնամու կողմից, լրիվությամբ այրվել։ Գյուղն ազատագրվելուց հետո վաղուհասցին կրկին վերադարձել է մոխրացած իր գյուղը, վերստին տուն կառուցել, գյուղը շենացրել։ Մինչև տեղահանումը գյուղում ապրում էր ավելի քան 760 մարդ։ Վաղուհասն Արցախի ծաղկուն գյուղերից էր․․․
Ալիկը մեծ տնտեսություն էր վարում՝ օրեցօր ավելի զարգացնելով այն
-Արցախում աշխատում էի պետական համակարգում, որին զուգընթաց զբաղվում էի գյուղատնտեսական գործունեությամբ՝ խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։ Նոր էի մեղրը քամել ու առատ բերք ստացել։ Ձմեռվա համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտել էինք․ հոնի օղի, բանջարեղեն, պահածոներ․․․ Գյուղը լքելու ոչ մի մտադրություն չունեինք ու սպասում էինք ճանապարհի բացմանը։ Գյուղական համայնքում ապրողների համար հեշտ էր հաղթահարել շրջափակումը, քանի որ մեր անտառներն ու հողը կերակրում էին մեզ։ Կարողանում էինք մեր ունեցածից բաժին հասցնել քաղաքաբնակներին, առավելապես՝ Ստեփանակերտի բնակչությանը։
Շրջափակման օրերին որոշեցի մեր անտառում ծառերի պատվաստում անել, և տիկնոջս հետ շուրջ 70 ծառ պատվաստեցինք։ Իմ կյանքն անցել է հայրենի բնության մեջ, և նոր սերնդին որևէ բան թողնելու ցանկությունն ինձ փոխանցվել է ժառանգաբար։ Ցավոք, չկարողացանք պահել մեր հողը, ու ամեն ինչ մնաց թշնամուն։ Կորցրինք մեր տղաների արյամբ սրբացած հողը, ինչի համար երբեք մեզ չենք ներելու։
Չի պատրաստվում ՀՀ քաղաքացիություն ընդունել, քանզի նա իրեն Հայաստանի քաղաքացի է համարում
-Վիրավորվում եմ, երբ ասում են՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունենք, որ մեզ իրավունք տրվի լիիրավ քաղաքացի լինել, օգտվել աջակցություններից։ Մի՞թե մենք Հայաստանի քաղաքացի չենք։ Ինչպես բոլոր արցախցիները, այնպես էլ ես, Մայր Հայաստանը համարում եմ իմ հայրենիքը, որն իր հարկի տակ է ընդունել հազարավոր իր զավակներին։
Այստեղ տաքսու ծառայություններ եմ մատուցում, կինս՝ դաստիարակչուհի է մանկապարտեզում, մայրս՝ թոշակառու։ Տղաս՝ Ալեքսը, սովորում է ավագ դպրոցում։ Թեկուզ դժվարությամբ, բայց փորձում ենք հարմարվել իրականության հետ, վաստակել օրվա մեր հացը։ Ինչպես արցախահայության զգալի մասը, մենք նույնպես ապրում ենք վարձավճարով։ Իսկ վարձերի աստղաբաշխական թվերը հայտնի են բոլորին։
Ամենակարևոր խնդիրն այսօր բնակապահովման հարցն է։ Արցախցիներին բնակարաններով ապահովելու՝ կառավարության ծրագրերը մատչելի չեն իմ ընտանիքին։ Տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Տղաս շուտով ուսանող է դառնալու, և, բնական է, որ պետք է շարունակենք ապրել Երևանում։ Արցախցին չի կարող ապրել որևէ մարզում, միաժամանակ ուսանող պահել Երևանում։ 50 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մեր վիճակն ավելի է ծանրանալու։ Արցախահայությանը դժվար օրեր են սպասվում։ Առանձնապես մեծ խնդիրների առաջ կկանգնեն 1-3 հոգանոց ընտանիքները, որոնք ապրիլից հետո չեն դասվելու աջակցություն ստացողների շարքին։ Ինչպես պետք է գոյատևեն այն մարդիկ, ովքեր ոչ թոշակային տարիքի են, ոչ էլ կարողանում են աշխատանք գտնել։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ