Արցախցիների վերադարձի իրավունքի խնդրի միջազգային արձագանքները
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների վերադարձի իրավունքի խնդրի միջազգային արձագանքները

Արցախցիների վերադարձի իրավունքի խնդրի միջազգային արձագանքները

Ինչպես 2020 թ․ պատերազմից, այնպես էլ 2023 թ. Արցախի հայաթափումից հետո, միջազգային խոսույթում արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ տեղի են ունեցել բազմաթիվ հիշատակություններ, որոնք կարևոր են այս իրավունքի իրացման վերաբերյալ աշխատանքները զարգացնելու, այն միջազգային հարաբերություններում քննարկման առարկա դարձնելու տեսանկյունից։ Ստորև անդրադառնանք այդպիսի հիշատակումներին՝ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների օրինակներով։

Արդարադատության միջազգային դատարան

Կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը[1], որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։

Որոշման մեջ Դատարանը մասնավորապես նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100․000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո, ինչին հաջորդել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերա­հսկողության վերահաստատումը»[2]։ Համաձայն Դատարանի՝ այդ գործողու­թյունը «տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալա­կան անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում։ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի երկարատև խափա­նումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային և էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։

Որոշման գործառնական մասով, ի հավելումն Ադրբեջանի ստանձնած միակողմանի հանձնառությունների և Դատարանի բազմաթիվ այլ պարտադրում­ների, վերջինս Ադրբեջանին նաև պարտավորեցրել է «​​(ա) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և ովքեր ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»[3]:

Պետությունների հավաքական հայտարարություններ

2023 թ հոկտեմբերի 5-ին, Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո (Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ) ընդունված հայտարարության մեջ նույնպես հղում կա վերադարձի իրավունքին «Փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»[4]։

2023 թ․ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ֆրանսիայի ներկայացրած համատեղ հայտարարությանն են միացել Հայաս­տանը, ԱՄՆ-ն, Անդորրան, Արգենտինան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Խրվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիա, Ճափոնիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մարշալյան կղզիները, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան,  Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Ուրուգվայը։ Հայտարա­րության մեջ մասնավորապես ասվում է. «Այս պահին մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի այն հայերի իրավունքներն ու անվտան­գությունը, ովքեր մնացել են, և անհապաղ պայմաններ ստեղծել տուն գնալ ցանկացողների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար»[5]:

Այս հայտարարությունների տակ ստորագրել են Եվրոպական միության խորհրդի նախագահը և 30-ից ավելի եվրոպական երկրներ, այդ թվում ԵՄ անդամ երկրներ։ Հայտարարություններն ստորագրել է նաև Հայաստանի Հանրապե­տությունը։

Միավորված ազգերի կազմակերպություն

 ՄԱԿ-ի տարբեր մարմիններ նույնպես անդրադարձել են արցախահա­յության վերադարձի իրավունքին առնչվող խնդրին։ Այսպես, 2023 թ․ հոկտեմբերին ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն ասել է․ «Կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու տարածքում մնացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու մարդու իրավունքները, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են, ներառյալ վերադարձի իրավունքը, որը պետք է առաջնահերթություն լինի»[6]։ Մինչ այդ, սեպտեմբերի վերջին նման հայտարարություններ են արել ներկայումս ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլքեր Թուրքը[7], և նույն խորհրդի հատուկ զեկուցող Մորիս Թիդբաս-Բինցը[8]։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ

ԱՊՐԻԼ 2024թ․, ԵՐԵՎԱՆ

(Շարունակելի)


[1] https://icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20231117-ord-01-00-en.pdf

[2] https://www.icj-cij.org/sites/default/files/case-related/180/180-20231117-ord-01-00-en.pdf 

[3] ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ — mfa.am

[4] Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն — Մամլո հաղորդագրություններ — Լրատվություն — Հայաստանի Հանրապետության վարչապետ (primeminister.am)

[5] HRC54 – Joint Statement Situation in Nagorno-Karabakh — Embassy of Armenia to Switzerland and Permanent Mission of Armenia to the UN office at Geneva (mfa.am)

[6] UN says ethnic Armenians’ right of return to Nagorno-Karabakh must be prioritized (arabnews.com)

[7] Azerbaijan / Armenia — Comment by UN Human Rights Chief Volker Türk | OHCHR, Azerbaijan must respect and protect the lives of ethnic Armenians in Nagorno-Karabakh: UN expert | OHCHR

[8] Karabakh: Azerbaijan must ‘guarantee the rights of ethnic Armenians’ | UN News

1