Արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել աշխարհի աչքերի ներքո․ Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում է
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել աշխարհի աչքերի ներքո․ Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում է

Արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել աշխարհի աչքերի ներքո․ Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում է

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վկայության ելույթ է ունեցել ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։

«Ես ձեր առջև ներկայանում եմ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որը անձնապես վերապրել է Ադրբեջանի համակարգված ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում ես բռնի կերպով տեղահանվել եմ իմ հայրենիքից՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի ներքո։ Ես ձեր առջև ներկայանում եմ նաև որպես օմբուդսմեն, որն իր առաքելության շրջանակներում դարձել է մարդկության դեմ սահմռկեցուցիչ հանցագործությունների վկա և վավերագրող», – այսպես է իր խոսքը սկսել Ստեփանյանը, որը նախագահողի կողմից ներկայացվեց որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան։

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ երբ Բաքուն մեկնարկեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բնապահպանական կեղծ շարժառիթով, նա գտնվել է ՀՀ-ում և երեք ամիս չի կարողացել վերադառնալ Արցախ՝ իր առաքելությունը պատշաճ կատարելու։ «Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են մարդիկ, այդ թվում ավելի քան 30 հազար երեխա ապրում ցուրտ պայմաններում՝ առանց գազի, էլեկտրականության հաճախակի անջատումներով և ամեն օր հաց գտնելու դժվարությամբ։ Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորին շատ տեղեկատվություն, այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»։ Սոված երեխաներ, տանջվող ծնողներ, պատշաճ դեղամիջոցների հասանելիություն չունեցող խրոնիկ հիվանդներ, օրվա հացի խնդիր ունեցեղ մեծահասակներ և հաշմանդամություն ունեցող անձինք, հացի երկար հերթեր, հերթերից դատարկաձեռն տուն վերադարձողներ, հղի կանանց թերսնուցում և մեռելածնություններ։ Գեղամ Ստեփանյանը նկարագրեց շրջափակման ամիսներին Արցախում ստեղծված իրավիճակը։

«Դժոխքն ավելի անտանելի դարձավ, երբ հունիսի 15-ին Ադրբեջանն Արցախն ամբողջապես կտրեց արտաքին աշխարհից։ ԿԽՄԿ-ի կողմից Արցախ հասցվող նույնիսկ այն սակավաթիվ մարդասիրական օգնության փաթեթները Ադրբեջանի պահանջով դադարեցին»։

Անդրադառնալով արդեն մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողությանը, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայթափմանը՝ Գ․ Ստեփանյանն ընդգծեց․ «24 ժամ շարունակ ռմբակոծությունն ու հրետանու կրակը չէր դադարում։ Ադրբեջանը ոչնչացնում էր ամեն ինչ՝ անանցանելի դարձնելով համայնքները կապող ճանապարհները՝ անհնար դաարձնելով նույնիսկ զոհվածների մարմինների տեղափոխումը Ստեփանակերտ»։ «Արդեն՝ սեպտեմբերի 24-ին, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, Արցախի ամբողջ բնակչությունը հարկադրված էր դուրս գալ»։ Վկայակոչելով Freedom House-ին և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային՝ Ստեփանյանը կատարվածը որակել է որպես էթնիկ զտում և ցեղասպանություն։

«Արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել աշխարհի աչքերի ներքո՝ ռուս խաղաղապահների, որոնք պարտավոր էին ապահովել խաղաղություն, ԱՄՆ-ի, որը սեպտեմբերյան ագրեսիայից մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ չի հանդուրժի ԼՂ ժողովրդի դեմ հարձակում, ԵՄ-ի, որը բարձրագույն մակարդակում Ադրբեջանի հետ քննարկում էր անվտանգության և իրավունքների հարցը, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի և քաղաքակիրթ մարդկության։ Գեղամ Ստեփանյանի խոսքից անմասն չմնաց Բաքվում կայանալիք COP 29-ի հարցը, այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչնչացնում է արցախահայերի տները, գետնին հավասարեցնում սրբավայրերը՝ ջնջելով հայկական հետքը, ձերբակալելով հայ ռազմագերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Ելույթի ավարտին՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնչեցրել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․

«Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը բավարար չէ տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար։ Այս պատճառով հազարավոր տեղահանվածներ ապրում են աղքատության մեջ՝ հանդիպելով սոցիալ-տնտեսական խնդիրների, այդ թվում՝ բնակեցման և արժանապատիվ աշխատանքի հետ կապված հարցերի։

Ադրբեջանին թիրախավորող պատժամիջոցներ պետք է գործադրվեն՝ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար։ Տարածաշրջանային խաղաղության համար Ադրբեջանի նկատմամբ անպատժելիությանը պետք է վերջ դրվի։ Խաղաղություն հնարավոր չէ առանց հաշվետվողականության։ Եթե Ադրբեջանը հասկանա, որ պատերազմի միջոցով ավելիին կարող է հասնել, նա խաղաղություն հաստատելու բացարձակապես որևէ դրդապատճառ չի ունենա։

Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար։ Մենք տեսնում ենք, որ բացառապես իրավական գործիքակազմը ի զորու չէ արդյունքներ գրանցել, և միայն հզոր միջազգային ճնշման գործադրումը կստիպի Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար կալանավորվածներին, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։

Ադրբեջանի դեմ համապարփակ միջազգային ճնշում է անհրաժեշտ նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմն ու ոչնչացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մասնավոր սեփականության յուրացումը կանխելու համար։

Անհրաժեշտ է ստեղծել հուսալի միջազգային հարթակ միջազգային պաշտպանության ներքո Արցախի ժողովրդի՝ հավաքական, արժանապատիվ, և անվտանգ վերադարձի հնարավորությունները հասցեագրելու համար։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավքական վերադարձի խնդիրը այժմ բացակայում է հայ-ադրբեջանական բանակցային օրակարգից, ինչն անթույլատրելի է։

Կարծում եմ կհամաձայնեք, որ այն խաղաղությունը, որը հիմնված է հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի և խախտված իրավունքների վրա, չի կարող կայուն և հարատև լինել»։

Շնորհակալություն հայտնելով կարևոր ելույթի և առաջարկությունների համար՝ նախագահող Քրիստաֆոր Սմիթը հավաստիացրել է, որ Հանձնաժողովը կանի հնարավորը Պաշտպան Ստեփանյանի բարձրաձայնած առաջարկներն իրականացնելու համար։

1