Արցախցիների մեծամասնությունը 070-ը համարում է իր ինքնության կոդը եւ դժվարությամբ է հրաժարվում դրանից
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների մեծամասնությունը 070-ը համարում է իր ինքնության կոդը եւ դժվարությամբ է հրաժարվում դրանից

Արցախցիների մեծամասնությունը 070-ը համարում է իր ինքնության կոդը եւ դժվարությամբ է հրաժարվում դրանից

Բռնի տեղահանված  Արցախի  քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով  ՀՀ կառավարությունն աջակցության ծրագիր է հաստատել, որը միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից:

Հատկապես այն խնդիր է փոքրաթիվ անդամներից կազմված ընտանիքների համար, եւ ոչ միայն: Արցախցիներից շատերը դեմ են արտահայտվել ծրագրի դրույթներին, քանի որ այն չի սպասարկում առանց այն էլ դժվար կացության մեջ հայտնված ժողովրդի շահերը եւ չի բխում նրանց պահանջներից: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ-ն նման ծրագրերով նպաստում է արցախցի ընտանիքների արտագաղթին, նրանց սոցիալապես ավելի  խոցելի դարձնում: Արցախցիները հարցի առնչությամբ սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով բարձրաձայնել են իրենց դժգոհությունը, սակայն  մնացել են անպատասխան, փոխարենը ՀՀ Կառավարությունը հաստատել է ծրագրի կարգը, որը մի շարք բացասական կետեր ունի:

Ծրագրով նախատեսված բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար նախընտրելի բնակավայրերը ՀՀ սահմանամերձ տարածքներում են, ինչը մի շարք խմբերի համար անհամատեղելի է:  

Մյուս խնդիրը, որ բախվում են Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցն է, արցախցիների մեծամասնությունը 070-ը համարում է իր ինքնության կոդը եւ դժվարությամբ է հրաժարվում դրանից: Արցախցին դարերով երազել է ստանալ ՀՀ քաղաքացիություն, բայց այսօր ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աստիճանաբար կվերացվի բռնագաղթածի կարգավիճակը, միջազգային ասպարեզում «կթաղվի» Արցախի  հարցը և կիրականանա նաև թշնամու երազանքը, որին չեն քննադատի միջազգային ասպարեզում՝ որպես ցեղասպանություն իրականացրած ոճրագործի:

ՀՀ Կառավարության արցախցիների բնակապահովման ծրագրի, դրանից բխող խնդիրների եւ նրանց հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է մի շարք արցախցիների հետ, որոնցից մի քանիսը առանձնացված ներկայացնում ենք ստորեւ.

Գագիկ Մարտիրոսյան – ԱՀ Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի նախկին տեղակալ

ՀՀ Կառավարության կողմից հաստատված Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ գործող իշխանությունների կողմից հերթական մոնիպուլիացիոն ծրագիրն եմ համարում։ Առանձնապես այն, որ պահանջվում է ընդունել ՀՀ քաղաքացիություն, այսինքն Արցախը որպես օբյեկտ չկա, ցանկանում են վերացնել նաև որպես սուբյեկտ։ Չկան արցախցիներ, չկա Արցախի հարց։ Տրամադրվող գումարները բավարար չեն տուն ձեռք բերելու, իսկ արցախցիների մեծամասնությունը չի աշխատում, և ըստ այդմ մարդիկ չեն կարող օգտվել տրամադրվող հիպոթեքային վարկավորումներից։ Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը՝ արցախցիների համար աշխատատեղերի հեռանկարներ ապագայում չեմ տեսնում։ Ծրագրի շրջանակներում իմ  ընտանիքը մտնում է երրորդ փուլի մեջ, որը սպասվում է 2027 թվականին։ Ապրում ենք անկանխատեսելի ժամանակաշրջանում, և դեռևս չեմ մտածում այդ ուղղությամբ։

Կարինե Բախշիյան – Ասկերանի «Բերդ» թերթի նախկին խմբագիր  

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը անորոշ ու թերի ծրագիր է, որին, կարծում եմ՝ արցախցիների մեծամասնությունը համաձայն չէ։ Իմ կարծիքով, ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադիր պայմանը չի նպաստում Արցախի հարցի հետագա լուծմանը, որին սպասում է ողջ արցախահայությունը։ Դրանով իսկ փակվում է Արցախի էջը, արցախցիները սփռվում են աշխարհով մեկ։ Այդ ծրագրից ոչ բոլորը կարող են օգտվել, տրամադրվող գումարները շատ քիչ են բնակելի տուն ձեռք բերելու համար։ Մեկ կամ երկու հոգանոց ընտանիքը ինչպե՞ս պետք է տուն ձեռք բերի, կամ արդյո՞ք բոլորը կարող են հեռավոր գյուղերում ապրել, որտեղ կարող ես միայն գյուղատնտեսությամբ զբաղվել։ Այդ իսկ պատճառով կառաջանա զբաղվածության լուրջ խնդիր։ Իրական չեմ համարում ծրագիրը, տրամադրվող աջակցությունը համեմատելի չէ մեր ստեղծածի ու կորցրածի հետ։ Կոնկրետ իմ՝ երկու հոգանոց ընտանիքը, չի կարող օգտվել այդ ծրագրից։ Պարզապես դա անհնարին է։ Ավելի ռեալ կլիներ, եթե ՀՀ կառավարությունը աջակցությունը նման ձեւով  տրամադրելու փոխարեն, այդ միջոցների հաշվին կառուցի բնակելի տներ և տրամադրի ընտանիքներին։ Այսօր հուսահատված արցախցիներից շատերը նախընտրում են վերադառնալ, քան օգտվել այս ծրագրից։ Արցախցիների զգալի մասը սպասում է, որ միջազգային գործուն մեխանիզմների կիրառման պայմաններում կապահովվի արցախցիների վերադարձի իրավունքը։ Ապրում ենք այդ հույսով։

Վիտյա Յարամիշյան – ԱրՊՀ նախկին պրոռեկտոր

Արցախցիների բնակապահովման ծրագիրը ոչ մի պարագայում չի նախատեսում արցախցու կարիքների բավարարում: Ծրագիրը նախատեսում է արցախցիների անվան տակ տեղական շինարարական կազմակերպություններին և անշարժ գույքի սեփականատերերին գումարների ուղղակի փոխանցում: Արցախցին գումար չի տեսնելու, գումարը տեսնելու են վերոհիշյալ սուբյեկտները: Այնպես, ինչպես արցախցիներին օգնություն ցուցաբերելու համար դրսից ստացված գումարները ուղղվում են գորածարարներին, որոնք այս կամ այն ծառայությունը մատուցելով՝ հարստանում են…

Միանգամայն անհասկանալի և անընդունելի է այն, որ ՀՀ-ում որևէ անշարժ գույք ունեցող ընտանիքը զրկվում է աջակցությունից: Ստացվում է, որ եթե մեկը, ով անպատասխանատու անձ է եղել, ոչ Արցախում, ոչ էլ որևէ տեղ բնակարան ձեռք բերելու մասին անգամ չի էլ մտածել, այժմ կառավարության աջակցությամբ կունենա այն, իսկ պարկեշտ մի ընտանիք, որը աշխատանքի բերումով կապ է ունեցել ՀՀ- հետ և այդ կապն ապահովելու նպատակով մեկ սենյակ է ձեռք բերել, այժմ կկանգնի կոտրած տաշտակի առջև:

Մյուս խնդիրը նաեւ գիտությամբ զբաղվողների հետ կապված է: Ես ճանաչում եմ մարդու, ով բարձրորակ մասնագետ է և այժմ աշխատանքի է անցել մայրաքաղաքում, որտեղ ապրելու հնարավորություն ծրագիրը չի տալիս: Հետաքրքիր է, ի՞նչ պետք է անի գիտության դոկտորը սահմանամերձ գյուղում:

Տաթևիկ Աղաջանյան – Արցախցի լրագրող

Իմ կարծիքով շատ վատ ծրագիր է, որի մշակման ժամանակ հաշվի չեն առնվել բնակարանների ներկայիս գները, արցախցիների համար նորմալ կենցաղային, հոգեբանական  պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Ավելի շատ արցախցիների արտագաղթին նպաստող ծրագիր է ներկայացվել, որի պայմանների հրապարակումից հետո մեծացել է այն։ Արցախցիների հետ հանդիպումների ժամանակ փոխանակ նրանց կարծիքները լսելու, ծրագիրն էին հիմնավորում, արդարացնում անարդար պայմանները, մասնավորապես քաղաքացիության ընդունման պարտադիր պահանջը։ Կոնկրետ մեր ընտանիքի համար հերթը մի քանի տարի հետո է հասնելու, մենք էլ այդ գումարով ՀՀ-ի ոչ մի մարզում նորմալ բնակարան չենք կարող գնել։ Երևի կարող են օգտվել միայն բազմազավակ ընտանիքները, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության ու այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված։

Կառլեն Մայիլյան – Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի նախկին վարիչ

ՀՀ կառավարության կողմից հաստատված Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իմ համար անհասկանալի ու անընդունելի է։ Եթե ծրագիրը աջակցության ծրագիր է, ապա ինչո՞ւ է պարտադիր ՀՀ քաղաքացիություն ընդունելը։ Ես դա չեմ հասկանում։ Աջակցության գումարը, որը կազմում է մեկ անձի համար 3 մլն դրամ, շատ քիչ ու անբավարար է տուն ձեռք բելերու համար։ Եթե ուսումնասիրվել են շուկայական գները ու հետո կազմվել ծրագիրը, ապա պետք է տեսնեին, որ դրանք զգալիորեն բարձր են և անհասանելի արցախցիների համար։ Ի՞նչ պետք անեն 1-ից 4 հոգանոց ընտանիքները։ Ծրագիրը անորոշ է, և անհնարին եմ համարում այս պահին կողմնորոշվելը։ ՀՀ կառավարությունը համոզված է, որ այդ գումարներով ՀՀ բոլոր բնակավայրերում տուն կամ բնակարան գնելը հասանելի չի լինելու արցախցիներին, և մարդիկ ստիպված ապաստան կգտնեն սահմանամերձ բնակավայրերում։ Այսօր ոչ մի արցախցի չի համաձայնվի կրկին հայտնվել թշնամու թիրախի տակ։ Օրերս Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հանդիպում է կազմակերպվել արցախցիների հետ, որտեղ ներկայացվել է վերոնշյալ ծրագիրը։ Արցախցիները հիմնականում դեմ են արտահայտվել։ Իմ կողմից արվել է առաջարկություն, որ պետության կողմից կառուցվեն բազմաբնակարան շենքեր կամ բնակելի տներ ու հատկացվեն բռնի տեղահանվածներին, եթե դա կոչվում է աջակցություն։ Մեզ հավաստագրեր պետք չեն, այլ պետք են տներ՝ ապրելու համար։

Ապառաժ

1