Արցախցիների բնակապահովման ծրագիրը ձախողված է. այն մարդկանց ոչ թե տնով ապահովելու, այլ՝ վարկերի մեջ խրելու ծրագիր է
Բռնատեղահանված արցախցիների ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ բնակապահովումը։ Մարտի 18-ին հայտարարվել է, որ Կառավարությունն առաջիկայում որոշում կընդունի, ըստ որի՝ ծրագրի շրջանակում Երևանին սահմանամերձ համայնքներում յուրաքանչյուր քաղաքացուն տրվող հավաստագրի արժեքը 3 մլն դրամից կդառնա 4 մլն դրամ, միաժամանակ որոշումը կունենա նաև հետադարձ ուժ՝ տարածվելով նախկինում ստացված և տվյալ բնակավայրերում իրացված հավաստագրերի վրա։ Սոցիալական ցանցերում տեղահանված արցախցիներն ակտիվորեն իրենց տեսակետներն են հայտնում այդ ուղղությամբ։
Հաշվի առնելով այն, որ բնակարանների գներն աստղաբաշխական թվերի են հասնում։ Մարդիկ կարծում են, որ այդ փոփոխությունը հարցի լուծում չէ։ Այսպես կոչված բարեփոխման հետ զուգընթաց կաճեն նաև տների գները։
Մարինեն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։
Աղջկա հետ, ով սովորում է ԵՊՀ-ի 4-րդ կուրսում, բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Մարինեի դուստրը համալսարան է ընդունվել մինչև տեղահանությունը և համալսարանին կից բնակարան վարձակալել։ 2023-ի սեպտեմբերին մայրը միացել է աղջկան։
Տիկին Մարինեն վրդովված է
-Ինչքան էլ փոփոխություն մտցնեն բնակապահովման ծրագրի մեջ, միևնույն է, իմ ընտանիքը երբեք չի կարողանա հավաստագրով տուն ձեռք բերել՝ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Երևանին մոտ բնակավայրերում։ 6 կամ 8 մլն դրամով որտե՞ղ կարող է մարդ տուն գտնել։ Բոլորովին չի վերահսկվում անշարժ գույքի շուկան, տների գները բարձրանում են ամեն օր։ Արցախցիների բնակապահովման ծրագիրն անիրական է, ձախողված։ Այդ ծրագիրը մարդկանց ոչ թե տնով ապահովելու, այլ վարկերի մեջ խրելու ծրագիր է։ Բանկերից էլ ոչ բոլորն են կարողանում օգտվել։ Տեղահանված արցախցիներին պետք է ոչ թե գումար տրամադրեն ըստ շնչերի, այլ փոխհատուցեն մեր կորցրածի չափով, կամ էլ բնակարաններ կառուցեն ու ապահովեն մարդկանց։ Հաշվի առնեն, որ տեղահանված ընտանիքների զգալի մասը չի կարողանում հավաստագով տան տեր դառնալ։ Մինչև ե՞րբ պետք է ուրիշի տան ապրենք, վարձավճար տանք։ Ես խոսում եմ ոչ միայն իմ, այլ հազարավոր արցախցիների անունից, ովքեր հայտնվել են նույն իրավիճակում։ Շատ դժվար կացության մեջ ենք գրեթե բոլորս։ Անգամ բազմանդամ ընտանիքներն են կանգնած նույն խնդրի առջև՝ առանց հիփոթեքային վարկի հնարավոր չէ նորմալ տուն ձեռք բերել։
Փոքրակազմ ընտանիքների հարցն այդպես էլ լուծում չի ստանում։ Մարդիկ այն կարծիքին են, որ այդ ընտանիքներն անտեսված են։ 1-3 հոգանոց ընտանիքները, որոնք զգալի մաս են կազմում, հուսահատության մեջ են։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
