«Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ․ խրախուսել ընթերցանությունը և ընթերցասերներին
Գլխավոր » Լրահոս » «Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ․ խրախուսել ընթերցանությունը և ընթերցասերներին

«Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ․ խրախուսել ընթերցանությունը և ընթերցասերներին

Արցախի հայաթափումից հետո հազվագյուտ են դարձել համաարցախյան տարատեսակ միջոցառումներն ու մրցույթները։ Նախկինում մշակութային, կրթական, մարզական ոլորտներում կազմակերպվող համաարցախյան միջոցառումներին այժմ փոխարինում են առանձին նվիրյալ անհատների և հատուկենտ կազմակերպությունների կողմից նախաձեռնվող միջոցառումները։ Այսպիսի եզակի նախաձեռնություններից է Արցախի Մարտունու շրջանի մի շարք համայնքներում բազմաթիվ բարեգործական, զարգացման ծրագրերով հանդես եկած «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության վերջերս հայտարարած «Արցախցին կարդում է» գրքաշավ-մրցույթը։ «Ապառաժ»-ի հետ զրույցում մրցույթի հանձնաժողովի նախագահ Անուշ Քամալյանը նշել է, որ մրցույթի նպատակն է զարգացնելով ընթերցասիրությունը խրախուսել և երիտասարդ սերնդի մոտ գրքի հանդեպ սեր արթնացնել։

«Մեր նպատակն է ունենալ հայրենիքի գաղափարը յուրացրած սերունդ, իսկ դրան հասնելու համար պետք է շատ ընթերցել։ Բացի դրանից՝ մենք նպատակ ունենք համախմբել արցախցի երեխաներին, ուսուցիչներին ու ընտանիքներին՝ ընթերցանության միջոցով այն դարձնել ընդհանուր մշակութային կապ և ոգեշնչման աղբյուր»,- նշել է նա։

Գրքարշավը ՀՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ տարին։ «Այն ավելի լայն արձագանք է ստանում, քանի որ այս տարի թույլատրվում է, որ գրքարշավին մասնակցություն ունենան նաև Հայաստանում ապրող  արմատներով արցախցի երեխաները։ Արտերկրում բնակվող արցախցիները նույնպես հնարավորություն  ունեն մասնակցելու և մաս կազմելու այս մշակութային, ազգային և գաղափարական շարժմանը»,- մանրամասնել է հանձնաժողովի նախագահը։

Նա հիշեցրել է, որ Արցախում «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունն՝ իր  հիմնադրման տասնութ տարվա ընթացքում, իրականացրել է մի շարք ծրագրեր (կառուցել և հիմնանորոգել է մի շարք դպրոցներ, նախակրթարաններ, վերազինել ժամանակակից գույքով, ուսումնանյութական տեխնիկայով)  ունենալով մեկ նպատակ՝ կրթել գիտելիքներով հարուստ, ֆիզիկապես կոփված սերունդ։   Սակայն, այդ ամենով չբավարարվեցին և բարեգործական ընկերությունն իր հովանավորության ներքո գտնվող կրթօջախների (Ճարտարի հ.1, հ2, հ3, հ4, հ5, Քերթի միջնակարգ դպրոցի և Ճարտարի հ1, հ2 մանկապարտեզներ, Քերթի նախակրթարան) հետ սկսեց իրականացնել «Կրթության խթանման և բարելավման» ծրագիր, որի շրջանակներում ձևավորել է «Երիտասարդ Ուսուցիչներ» խորհուրդը։ ԵՈւ խորհրդի միջոցով իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ   թվում՝ մաս են կազմել Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող #Արցախըկարդումէ ամառային գրքարշավին ԲԸ ներքո գտնվող ուսումնական հաստատությունների համար։

«Չնայած շրջափակման ծանր ժամանակահատվածին՝ կարողացել ենք սովորողների համար ձեռք բերել   գրքեր և թանկարժեք նվերներ՝ այդպիսով քաջալերել արցախցի երեխաներին։ Սակայն իրադարձությունները տխուր հանգուցալուծում ստացան և մենք ստիպված բռնագաղթեցինք Հայաստանի Հանրապետություն։ Մայր հայրենիքում մեր ունեցածը փրկելու համար մեր բարերար Աշոտ Ջիվանյանի անձնական նախաձեռնությամբ որոշեցինք շարունակել բարեգործական ծրագրերը արդեն այլ ձևաչափով, այսինքն իրավիճակին համապատասխան։ Մենք մշակեցինք բոլորովին նոր ծրագիր արդեն հանրության լայն շրջանակին  հայտնի #Արցախցին կարդում է։ Սա միանգամայն  տարբեր ծրագիր է իր մրցութային ձևաչափով, գնահատման չափանիշներով, հատուկ մրցանակային տեղերով և այլն»,- նշում է Անուշ Քամալյանը։

Մասնակցել կարող են նախադպրոցական տարիքից մինչև 12-րդ դասարանի սովորող բոլոր ցանկացողները՝ անկախ գտնվելու վայրից։ «Մենք ձգտում ենք տրամադրել հարթակ, որը կհեշտացնի նրանց մասնակցությունը լինի դա առցանց կամ ֆիզիկական ձևաչափով»,- ասում է նա։

Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարվա գրքարշավն ավելի մեծ արձագանք կունենա։ Հատկապես, ուշադրություն են դարձրել նոր սերնդի ներգրավմանը՝ նրանց մոտ ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ Նախաձեռնողների խոսքով՝ մասնակիցների թիվն այս տարի զգալիորեն կաճի՝ կապված աննախադեպ մրցանակների և անակնկալների հետ։

Մրցանակային տեղ է համարվում նվազագույնը 5 ելույթ, որը ներառում է նաև օտար լեզուները, այն չպետք է գերազանցի 15-ը ավագ դասարանների օղակում և 18-ը միջին և կրտսեր։

Հատուկ մրցանակային տեղի համար պարտադիր պայման է պահպանել ելույթների առավելագույն քանակը 18 (տասնութ), ընդ որում՝ նաև ելույթներ օտար լեզվով։

•Յուրաքանչյուր դասարան ունենալու է առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղ: Արդյունքում լինելու է 39 հաղթող:

•Մրցանակային տեղերը սահմանել են I, II, III ՝ ըստ դասարանների։

1.Նախապատրաստական և I-IV դասարանների համար սահմանվել են հետևյալ դրամական պարգևները`

առաջին տեղ — 40000 դրամ

երկրորդ տեղ — 30000 դրամ

երրորդ տեղ — 20000 դրամ:

2. V-IX դասարաններիհամար`

առաջին տեղ — 60000 դրամ

երկրորդ տեղ — 40000 դրամ

երրորդ տեղ — 30000 դրամ:

3. X-XII դասարանների համար՝

առաջին տեղ — 70000 դրամ

երկրորդ տեղ — 50000 դրամ

երրորդ տեղ — 40000 դրամ:

Բացի դրանից սահմանվել են հատուկ մրցանակներ և անվանակարգեր։

Գլխավոր մրցանկային տեղերն են «Լավագույն աշակերտ» և «Գրան Պրի»։

Մրցույթի շրջանակում յուրաքանչյուր օղակից՝ տարրական, միջին և բարձր, ընտրվում է մեկ լավագույն աշակերտ։ Որպես մրցանակ՝ նախատեսվում է բջջային հեռախոս iPhone։

«Գրան Պրի»-ն՝ ճանապարհորդություն դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ և այց Դիսնեյլենդ Փարիզ, կշնորհվի մեկ մասնակցի։ Սակայն ԲԸ-ն, իր հայեցողությամբ, կարող է, որպես բացառություն, մրցանակը շնորհել երկու մասնակցի։ «Լավագույն աշակերտ» և «Գրան Պրի» մրցանակակիրներին ընտրելու է «Մոնթե-Ավո» ԲԸ տնօրենը՝ բացառապես առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների շարքից։

«Գրան Պրի» մրցանակի հաղթողը ստանում է

— օտար երկիր մեկնելու հնարավորություն (մանրամասները կհայտարարվեն նախապես)։ Եթե «Գրան Պրի» մրցանակակիր է ճանաչվում մինչև 12 տարեկան մասնակիցը, ապա ճամփորդությանը մասնակցում է նաև ծնողներից մեկը։

Մրցանակակիրը ստանում է նաև

— ամսական 100 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակ՝ 1-ից մինչև 5 տարի ժամկետով

— արժեքավոր նվերներ ⁠

— ⁠ԲԸ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին մասնակցելու իրավունք։

Մրցույթի մյուս պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Գրքարշավ-մրցույթի մեկնարկը տրվելու է հունիսի 1-ին և ավարտվելու է սեպտեմբերի 2-ին՝ ի խորհուրդ Արցախի անկախության օրվան։ Սակայն երեխաները գրքարշավին կարող են  պատրաստվել  ամբողջ տարվա ընթացքում և այն տեղադրել նշված ժամանակահատվածում։ Հատկապես, որ երեխան ինքն է որոշում, թե ինչ գիրք ընթերցի։

«Մրցույթը կհամարենք կայացած, եթե հաջողվի ներգրավել առավելագույն թվով մասնակիցներ և արթնացնել ընթերցանության հանդեպ հետաքրքրություն։ Բացի այդ, կարևոր ցուցանիշ է, թե որքանով ենք հաջողել ամրապնդել կապերը Հայաստանի և արտերկրում բնակվող արցախցիների միջև, քանի որ մեր հիմնական նպատակներից մեկն էլ հենց դա է»,- հավելել է մրցույթի հանձնաժողովի նախագահը։

Նախորդ մրցույթի «Գրան Պրի» մրցանակը ճանապարհորդություն էր դեպի Իտալիա, և ամսական 100 ԱՄՆ դոլար կրթաթոշակ՝ մեկ տարի ժամկետով։ «Գրան Պրի» մրցանակին արժանացել էին երեք աշակերտներ՝ Ալյոնա Մուսայելյանը, Նարինե Այդինյանը և Լիա Գասյանը։

1