Արցախցի մարզիկները բռնցքամարտի միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների
Փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսասաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի օլիմպիական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախագահ Նարեկ Աբրահամյան:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 250 մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից:
«Արցախից մասնակցել են չորս մարզիկ, որոնցից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը գրավել են առաջին մրցանակային տեղ: Ի դեպ, չնայած էրիկն ունի 38 կգ քաշ, բայց նա հանդես է եկել 40 կգ քաշային կարգում և պատվով հաղթանակ կրել: Արդյունքները գոհացուցիչ են, և պետք է նշեմ, որ յուրաքանչյուր մրցաշար մեծ ազդեցություն է ունենում մեր մարզիկների թե՛ հոգեբանական և թե՛ մարտական պատրաստվածության մակարադակի բարձրացման վրա: Մենք նաև կարողացանք այնտեղ ներկայանալ որպես Արցախի պատվիրակներ, և ցավով պետք է նշեմ, որ շատերը չգիտեն Արցախի Հանրապետության մասին: Համոզված եմ, որ արցախցի մարզիկները, մասնակցելով տարբեր մրցաշարարերի, կկարողանան միշտ բարձր պահել մեր հանարապետության պետական դրոշը»,-ավելացրել է Ն. Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ հաղթող մարզիկներն արժանացել են գավաթների, ոսկե մեդալների և դիպլոմների:
Ստեփանակերտցի Էրիկ Առստամյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն արդեն հինգ տարի է, ինչ զբաղվում է բռնցքամարտով:
Մինչ այս հաղթանակը, նա մասնակցել է միջազգայիյն տարբեր մրցաշարերի և գրավել առաջին մրցանակային տեղեր: «Ես ունեցա չորս մենամարտ, և ինձ հաջողվեց մրցակիցներիս հաղթել»,-նշել է Է. Առստամյանը:
Առաջնությունում 57 կգ քաշային կարգում ներկայացած Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի մարզիկ Աշոտ Բեգլարյանը ևս ունեցել է չորս մենամարտ:
Նրա խոսքով՝ մրցաշարն այնքան էլ հեշտ չէր, սակայն ինքը լավ էր պատրաստված: Հպարտ է, որ կարողացել է Արցախի անունն ու պատիվը բարձր պահել և խոստացել է, որ առաջիկայում կրկին հաղթանակներ կունենա:
168.am