Արցախցի կանանց արտադրանքը՝ «Վըսկէ ծերքեր» փառատոնում

Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում նախատեսված փառատոնը ողբերգական հանգամանքների բերումով իրականություն է դառնում Երևանում։ Այստեղ արցախցի կանանց ձեռքի ու մտքի աշխատանքի արդյունքն է. նրանք, հաղթահարելով բազում կենցաղային, հոգեբանական ու սոցիալական խնդիրներ, իրենց մեջ ուժ են գտել շարունակել սիրած գործը, վերջին միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ գործիքներն ու հումքը, կոկիկ դասավորել իրենց աշխատանքներն ու, ժպիտի տակ քողարկելով ցավը, սիրալիր դիմավորում են իրենց սեղաններին մոտեցողներին:
Երևանի Էլիտ պլազա բիզնես կենտրոնում հարյուրավոր տաղանդավոր արցախցիների աշխատանքն է՝ ինչպես կազմակերպիչներն են վերնագրել՝ «Վըսկե ծերքերի» (ոսկի ձեռքեր) արդյունքը:

Տոնավաճառ-ցուցահանդեսի կազմակերպիչն «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպությունը հիմնվել է «Արցախի մայիկների ակումբ» խմբի հիման վրա, որն Արցախում տարբեր հասարակական, բարեգործական ծրագրեր էր իրականացնում անցած հինգ տարիների ընթացքում: «Շրջափակման ընթացքում Արցախի մայրիկներին աջակցելու նպատակով գրանցվել էինք որպես կազմակերպություն, նախատեսել էինք Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում կազմակերպել: Երեք ոստիկանների սպանության, այլընտրանքային ճանապարհի փակման ու տոտալ շրջափակման հետևանքով ծրագիրը չիրականացավ»,- նշում է կազմակերպության համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մայրերը հենց հիմա ամենալուրջ աջակցության կարիքը ունեն, թուլանալու ժամանակ չկա ու պետք է բոլոր ջանքերը ներդնել՝ Արցախի կանանց աջակցելու համար:
Տաթևիկի խոսքով՝ դիմորդները շատ էին, ու մեկօրյա միջոցառմամբ չեն սահմանափակվելու, նպատակը՝ գոնե եռամսյակը, վեցամսյակը մեկ կրկնելն է:
Օրը հագեցած էր մշակութային կատարումներով, անակնկալ նվերներով, սիրված ու ճանաչված հայերի այցելությամբ և, իհարկե, արցախյան հյուրասիրությամբ: Ելույթներ են ունեցել ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը, Արցախի վաստակավոր արտիստ Վիտալի Ղազարյանը, Լիլիթ Ավանեսյանը:


Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի և Հրայր Բադալյանի