Արցախցի ընտանիքը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ՝ փորձելով հոգալ սոցիալական կարիքները

Արցախից տեղահանվելուց հետո Հովակիմյանների ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Մխիթարը կապավոր էր ԱՀ ՊԲ—ում, իսկ կինը՝ Մարտան, ռուսաց լեզու էր դասավանդում Դահրավի հիմնական դպրոցում։
Արցախցի ընտանիքը նոր բնակավայրում զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ՝ փորձելով հոգալ սոցիալական կարիքները, որը, սակայն, մեծ դժվարությամբ է հաջողվում․․․




-2023-ի սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի մոր և մանկան հիվանդանոցում էի։ Բարդ հղիությանս պատճառով գտնվում էի բժիշկների վերահսկողության տակ։ Երբ սկսվեցին առաջին հրետակոծությունները, հասկացա, որ կրկին պատերազմ է։ Այն ապրումները, որոնք զգացի այդ պահին, չեմ կարող նկարագրել։ Աղջիկս՝ Մարիան, տանն էր, ու ես րոպե առաջ ուզում էի երեխայիս մոտ լինել։ Հիվանդանոցում իրարանցում սկսվեց․ հղի կանայք լացում էին, որովհետեև նրանց բալիկները կամ դպրոցում էին, կամ մանկապարտեզում։ Սրտաճմլիկ տեսարան էր, որը երբեք իմ հիշողությունից չի կարող վերանալ։ Հիվանդանոցից մի կերպ տուն հասա, և դստերս գրկելով՝ մի փոքր հանգստացա։ Ամուսինս ծառայության մեջ էր։ Հաջորդ օրն արդեն զինադադար էր, սակայն չէի պատկերացնում, որ արցախահայությունը մի քանի օր հետո ստիպված է լինելու լքել Արցախը և տուն վերադառնալը երազանք է դառնալու․․․
Սեպտեմբերի 25-ին մեր գերդաստանով ճանապարհվեցինք դեպի Հայաստան։ Դեռևս չէինք հատել Հակարին, երբ լսեցինք, որ վառելիքի պահեստում խոշոր պայթյուն է եղել․ զոհերն անթիվ են։ Կոտրված ու ընկճված հասանք Հայաստան։ Մի քանի օր բարեկամի տան մնալուց հետո տեղափոխվեցինք Տարոնիկ գյուղ ու մինչև այսօր ապրում ենք այստեղ,-պատմում է Մարտան։
Տեղահանումից ընդամենը մի քանի օր հետո ծնվել է Մարկը։ Ճիշտ են ասում՝ արցախցի կանայք հերոս են, առանձնապես հղի կանայք, որ իրենց կրծքի տակ կրել են փոքրիկներին։ Շրջափակման դժվար ամիսների ընթացքում նրանք պատրաստ էին մայր դառնալու՝ անտեսելով ամեն մի զրկանք ու դժվարություն։
Մարտայի որդին լույս աշխարհ է եկել Արցախից շատ հեռու, սակայն նա մոր կրծքի տակ ապրել ու զգացել է Արցախը։ Փոքրիկ արցախցին՝ աշխարհից անտեղյակ, իր նման հարյուրավոր երեխաների հետ մեծանում է Մայր Հայաստանում․․․
-Ստեփանակերտում երկու հարկանի տուն ունեինք։ Ապրում էինք մեծ ընտանիքով՝ ամուսնուս ծնողները, եղբայրը, քույրը և մեր ընտանիքը։ Մեր հիմնական աշխատանքին համատեղ՝ զբաղվում էինք հողագործությամբ։ Բացի մեր տնամերձ հողամասից, Ստեփանակերտից դուրս ևս հողակտոր ունեինք, որոնք մշակում էինք, բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնում։ Երբ տուն վարձակալեցինք ու հաստատվեցինք այս գյուղում, որոշեցինք ջերմատնտեսությամբ զբաղվել։ Տան հողամասում ջերմոցներ էին տեղադրված, ինչն էլ հեշտացրեց մեր գործը։ Ցանում ենք տարբեր տեսակի բանջարեղեն, կանաչու տեսականի։ Ժենգյալով հացի համար նախատեսված մի շարք կանաչեղեն ենք աճեցնում, քանի որ դրա պահանջարկը մեծ է։ Հիմնականում դրանով ենք զբաղվում, սակայն եկամուտը այնքան էլ մեծ չի․ վաստակում ենք միայն օրվա հացի գումարը։
Ամուսինս հիմնական աշխատանք չունի։ Երբեմն հաջողվում է օրավարձով աշխատանք գտնել որևէ շինարարական կազմակերպությունում։ Ապրիլ ամսից, երբ փոփոխվի արցախցիներին տրվող աջակցության կարգը, ինչպես շատերը, մենք ևս կհայտնվենք ծանր կացության մեջ։
Դուստրս ի ծնե տեսողական խնդիր ունի։ Տարիներ շարունակ բժիշկների հետ պայքարել ենք տեսողությունը վերականգնելու համար, սակայն երեխայիս մոտ դեռևս փոփոխություն չկա,-ասում է Մարտան և ավելացնում, որ երեխայի տեսողության վերականգնման հույսով է ապրում։

Արցախից տեղահանվելուց հետո տասնյակ հազարավոր ընտանիքներ մի կերպ են իրենց գոյությունը պահում, իսկ բնակվարձերի աջակցության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումն արտագաղթի նոր ալիք է կանխորոշում։ Սոցիալական խնդիրների պատճառով հազարավորներն արդեն իսկ լքել են Հայաստանը՝ ինտերգրվելու փոխարեն ընտրելով արտագաղթը։ Հավանաբար, Մխիթար և Մարտա Հովակիմյանների ընտանիքը ևս կդասվի արտագաղթողների շարքին։
-Ինչքան էլ գերադասում ենք ապրել Մայր Հայաստանում, որը միանշանակ մեր հայրենինք ենք համարում և փորձում հարմարվել նոր կարգավիճակին ու դրանից բխող իրադարձություններին, միևնույն է՝ չի հաջողվում։ Օրեցօր դժվարանում է կյանքը, խնդիրները դառնում են անլուծելի։ Մտածում ենք՝ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տան վարձավճարները ցածր են, աշխատանք գտնելը՝ ավելի հեշտ։ Մեր հայրենակիցներից շատերն են տեղափոխվել ՌԴ և դժգոհ չեն այնտեղի կյանքից։ Շատերն ասում են՝ Արցախի կորստից հետո ի՞նչ տարբերություն մեզ համար, թե որտեղ ենք ապրում․․․
Մեր երեխաները ուժ են տալիս չկորցնել հավատը, հուսալ, որ մի գեղեցիկ օր կվերադառնանք տուն, և այս ամենը մղձավանջային երազ կթվա,-ասում է Մարտան․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ