Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է արցախցի մի շարք ընտանիքների
5 անչափահաս երեխաների մայր Մարինե Աթաբեկյանը Մարտակերտ քաղաքից է տեղահանվել։ Բռնատեղահանված ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Բազմազավակ մայրն աշխատում է ջերմային տնտեսությունում, ամուսինը մշտական աշխատանք չի կարողանում գտնել։ Մարինեի անվամբ սեփականություն լինելու պատճառով ընտանիքի անդամները մասամբ են օգտվում 40+10 հազար դրամ աջակցությունից։ Ստանում են ընդամենը կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցությունը։
Մի կերպ գոյատևող ընտանիքի մայրը չի պատկերացնում, թե ոնց են ապրելու, ինչպես են դիմակայելու սպասվող դժվարություններին։
-Երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տարհանվեցինք Արցախից, ժամանակավոր հաստատվեցինք Արթիկի հյուրանոցներից մեկում։ Որոշ ժամանակ հետո մեզ ասացին, որ պետք է ազատենք հյուրանոցները։ Կանգնել էի դժվար կացության առաջ, չգիտեի երեխաներիս հետ ուր գնալ։ Մեր ընտանիքի մտերիմներից մեկի միջնորդությամբ մեզ համար մի փոքրիկ տնակ ձեռք բերվեց, ինչի համար ես անչափ երախտապարտ եմ բարի մարդկանց։ Պատերազմի ավարտից հետո վերադարձանք Մարտակերտ ու ապրում էինք վարձով։ Ես Մեհմանա, իսկ ամուսինս Չլդրան գյուղերից ենք, աշխատանքի բերումով ապրում էինք Մարտակերտում։ 2023-ին տեղահանվելուց հետո հաստատվեցինք Արթիկում։ 7 շնչից բաղկացած մեր ընտանիքն ապրում է ընդամենը 64 քառ․ մետր մակերեսով բնակարանում։ Մեծ երեխաս 17 տարեկան է, փոքրս՝ 6։ Որպես սեփականություն ունեցող ստանում եմ միայն կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ աջակցությունը, երեխաներս նույնպես, մինչդեռ 40+10 աջակցության ծրագրի համաձայն այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից պետք է ստանան 50 հազարական դրամ աջակցությունը։
Շիրակի մարզում զբաղվածության խնդիրը համատարած է, այստեղ շատ դժվար է աշխատանք գտնել։ Մի կերպ ենք ապրում, հազիվ հասցնում եմ կերակրել երեխաներիս։
Ըստ շրջանառվող լուրերի՝ 2025-ի հունվարից չենք ստանալու անգամ կոմունալների համար տրվող աջակցությունը, քանի որ սեփականություն ունենք։ Չգիտեմ՝ վերջնական ինչ որոշում է ընդունելու ՀՀ կառավարությունը, սակայն մի բան ակնհայտ է․ ընտանիքս կանգնելու է դժվար իրավիճակում։ Չգիտեմ՝ ինչպես պետք է կերակրեմ 7 երեխաներիս ու վճարեմ կոմունալ ծախսերը։
Դիմել եմ ՀՀ կառավարությանը, Շիրակի մարզպետարանին։ Գրավոր նամակիս պատասխան չի տրվել։ Քանի որ ես սեփականատեր եմ, թող ինձ աջակցություն չտան, բայց իմ երեխաները՝ ովքեր տեսել են շրջափակման ողջ ծանրությունը, պատերազմի արհավիրքը, անցնել են դժոխքի ճանապարհը, ինչու պետք է աջակցություն չստանան։ Արցախցի բոլոր երեխաներն էլ ունեն աջակցության կարիք,- ասում է Մարինեն։
Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է բոլոր արցախցիներին։ Ձմեռվա նախաշեմին
2025-ի հունվարից 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունը վատ անդրադարձ կունենա արցախահայության վրա։ Ցավոք, արտագաղթի հոսքն անխուսափելի կլինի:
Կարինե Բախշիյան