Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված ԱՀ ԱԺ հայտարարությունը

ԱՀ Աժ արտահերթ նստաշրջանում պատգամավորների կողմից առաջարկվել է փետրվարի 20-ին գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված ԱՀ ԱԺ հայտարարությունը։
Նիստի սկզբում շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ։ Շարժումը հիրավի ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից։
Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ.-ի իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում և հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով։
Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր հայրենիքին վերամիավորվելն էր։
Ղարաբաղյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն է։ Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ մարզխորհրդի պատգամավորները 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությանը միավորելու մասին պատմական որոշում կայացրին։ Այդ որոշմամբ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն, սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով։ Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները։
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով։ Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել։ Վիրավոր Արցախն այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով։

Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան։ Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը։
Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաշրջանում ավելի խորացան։ Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը, սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրագործումը։
Ադրբեջանն հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը։ Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք։
Թանկագի՛ն հայրենակիցներ, մեր ազգային հպարտությունն աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել։ Մենք վճռական ենք մեր պայքարում, անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։
Շնորհակալություն»։
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան գոյապայքարի ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակը։

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիիրված ԱՀ ԱԺ հայտարարությունը ներկայացրել է ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով տանելու համար։
1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային զարթոնքի խորհրդանիշ, իսկ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը:
1988 թվականի փետրվարի 20-ի անկյունաքարային նշանակության որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման գործընթացը:
35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988թ.-ի իրադարձություններն էին:
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը:
ՊԱՅՔԱՐԸ պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը:
Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:
Դիմում է Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով՝ վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:
Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ՝ լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին»։
ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը նշեց, որ հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է, և կոչ արեց ԱԺ-ին այն ընդունել որոշման տեսքով։
Մտքերի փոխանակոթւյան ժամանակ ելույթ ունեցավ ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Մարդու ազատությունը աստծո կողմից մարդուն շնորհված ամենամեծ արժեքն է, և հետագա ժամանակներում միջազգային կոնվենցիաներում այդ ամենն ամրագրվել է։
Մ․թ․ա․ 2492թ․ օգոստոսի 10-ին, երբ Հայկը եռաթևյան նետով տապալեց Բելին, այն ժամանակից սկսված Հայկ նահապետը հայ ժողովրդին պատգամել է մի բան, որ հայրենիքը պահելու համար պետք է պայքարել։ Այս բանաձևը միայն հայ ժողովրդի համար չէ։ Այն ժողովուրդները, որոնք առաջնորդվել են և շարունակում են առաջնորդվել այս սկզբունքներով, նրանք, ըստ էության, հաջողված են։
Երբ մենք մոռանում ենք պայքարի գաղափարը, ապա մեր պատմությունը վկայում է, որ բազմաթիվ դժվարություններ ենք ունենում և չենք կարողանում հաղթահարել մարտահրավերները։
17-րդ դարում Անգլիայում, 18-րդ դարում Ֆրանսիայում, Միացյալ նահանգներում քաղաքացիական պատերազմից հետո մարդու այդ հիմնարար իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը, դարձել է օրենք, կարգ ոչ միայն այդ ժողովուրդների համար, այլ նաև այն ժողովուրդների համար, ովքեր իսկապես ուզում են այս երկրագնդի վրա արարել ու ստեղծել։
Պետք է ասեմ, որ մեր ժողովրդի լավագույն զավակները, թեկուզ և դժվար ժամանակներ են անցել, և շատ դեպքերում հանրությունը չի արժևորել դա, բայց մեր ժողովրդի լավագույն զավակները, դա սկզբունք դարձնելով դարերի ընթացքում, պայքարել են, որպեսզի հայոց աշխարհում հայ մարդն ապրի ու արարի։
Հենց փոտրվարի 20-ի պատմական նստաշրջանի այդ որոշումը, ըստ էության, այդ պայքարի արդյունքն է։ Ես պետք է ասեմ, որ մենք այդ ճանապարհով գնացինք որպես միջազգային իրավակարգը մարդու ազատ ապրելու իրավունքները հարգող ժողովուրդ։ Ինչո՞ւ եմ ես դա այդպես ասում։ Որովհետև դեռևս խորհրդային տարիների արշալույսին՝ 1918թ․ դեկտեմբերի 12-ին, Խորհրդային Ռուսաստանի ԺողԿոմԽորը պատմական որոշում կայացրեց՝ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան, որտեղ 2-րդ կետով ասում է, որ Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդները ազատ են և իրավունք ունեն նաև իրենց անկախ պետությունները ունենալ, անկախություն ստանալ։
Ի դեպ նկատենք, որ բոլշևիկյան ռեժիմը տոտալիտար է եղել, սակայն նա չէր կարող համամարդկային այդ արժեքներից վեր կանգնել։ Թեկուզ և դեկլարատիվ ձևով այն պետք է ընդունվեր։ Հետագայում այն ամրագրվեց 1978թ․ ԽՍՀՄ սահմանադրության մեջ և 70-րդ հոդվածով այդ իրավունքը տալիս է և փետրվարի 20-ի մեր որոշումը և հետագայում մեր ընդունած որոշումները, որը նաև ձևակերպված է մեր հայտարարության մեջ (խոսքը վերավերում է 1991թ․ սեպտեմբերի 2-ին, դեկտեմբերի 10-ի հանարքվեին) չի հակասում ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային օրենքներին։ Ավելին՝ մեր ազատությունն ու անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Մենք երբևէ հավակնություն չենք ունեցել Ադրբեջանի տարածքի նկատմամբ։
Մենք այլ ճանապարհ չունեինք։ Խորհրդային երկրի կործանվելուց հետո մենք չէինք կարող դրա փլատակների տակ մնալ։ Մենք պետք է գնայինք այդ ճանապարով և մենք ընտրել ենք այդ ճանապարհը։
Այն գաղափարները, որոնք շատ դեպքերում նաև ռուսական հանրային մտքի մեջ էլ է տիրական, այս վերջերս Պետական դումայում պատգամավորներից մեկը դրա մասին խոսում էր խորհրդային միության կործանման մասին և որպես պատճառ նաև Ղարաբաղ կոմիտեի մասին է խոսում։ Դա իրականությանը չի համապատասխանում, այսինքն՝ խորհրդային երկրի կործանումը որևէ կապ չունի ղարաբաղյան շարժման հետ։ Դա խոր տնտեսական, քաղաքական օրինաչափությունների հետևանք է, և այն ժողովուրդները, որոնք այդ օրինաչափություններով են առաջնորդվում, հաջողակ են։ Այդ օրինաչափություններից մենք չենք կարող դուրս գալ և փորձել կազմակերպել, մեր հանրային կյանքը. մենք հաջողություն այդտեղ չենք կարող ունենալ։
Մենք այդ ճանապարհով գնացինք նաև 1991-1994թ․ պատերազմի տարիներին ու հաջողության հասանք։ Մենք մեր հույսը չդրեցինք որևէ մեկի օգնության վրա։ Այն ժամանակ էլ մենք զենք չենք ունեցել, բայց ժողովուրդը միակամ, իր կամքին հավատարիմ, իր ուժերին հավատարիմ գնաց այդ ճանապարհով ու հաջողության հասավ։
Ուզում եմ ասել, որ անընդհատ մուրալ խաղաղություն,ազատություն ստանալ մուրալով, այդպիսի բան չի լինում․ ոչ մի ստրկատեր իր ստրուկին ազատությունը սկուտեղի վրա չի մատուցում։ Դա ձեռք է բերվում պայքարի միջոցով և պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ պայքար ու հայրենիք բառերը համատեղ են, մեծատառերով են։ Դա է ճանապարհը։
Ցավոք սրտի, հետագա ժամանակներում մենք երբեմն դուրս եկանք այդ օրինաչափություններից և այն դժբախտություններն ու դժվարությունները, որ մենք ստացանք վերջին պատերազմի ժամանակ հենց այդ օրինաչափություններից դուրս գալու հետևանքն է։
Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք հաղթական պատերազմ մղեցինք 1991-1994թթ․, բայց, ցավոք սրտի, չկարողացանք մեր կյանքը կազմակերպել այնպես, ինչպես պետք է։ Մենք չկարողացանք կենսունակ տնտեսություն կազմակերպել։ Որպեսզի իմ խոսքը մերկապարանոց չհնչի, դուք ականտես եղաք, որ շրջափակումից 2-3 օր անց մենք կարտոֆիլ, գազար չունեինք։ Երբ գյուղերում մենք գնում ենք հանդիպումներ ունենում, այդ ամենը տեսանելի է։
Ես խորհրդային տնտեսավարման մեխանիզմին կողմնակից չեմ, բայց տեսեք՝ մենք ինչքան ենք հետ գնացել, որ շրջում ենք գյուղերում, տեսնում ենք՝ անասնապահական ֆերմաները անմշակ են, հողերը անմշակ են, ցավոք սրտի, հող չունենք այս պահին, բայց գնացեք տեսեք, որ այդ հողերը անմշակ են։ Այդ անկատար մեխանիզմի հետևանքն է։
Մենք ստեղծել ենք մի սարսափելի քաղաքական համակարգ։ Կարծես թե բազմակուսակցական համակարգ ենք ստեղծել, որպեսզի այս երկիրը տանենք առաջ, բայց դրանով մենք մեզ կործանել ենք։ Եթե չեմ սխալվում, 2020թ․ ընտրությունների նախօրյակին 26 կուսակցություն կար գրանցված Արցախի Հանրապետությունում։
Այո՛, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, բայց չեմ կարծում, թե այդքան քաղաքական գործիչներ ունենք, որոնք կարող են ժողովրդին առաջնորդել և հարցերին լուծում տալ։
Այսինքն՝ մենք ստեղծել ենք իրավիճակներ, երբ ընտրություններից ընտրություն կուսակցություններ ենք ձևավորում և այսպես շարունակ ժողովրդի միտքը թմրեցնելով ուզում ենք պետական համակարգ ստեղծել ու ազատ երկիր պահել։ Այդպես չի լինում։ Գուցե որոշ անհատներ օգտվում են դրանից, բայց որպես կենսունակ երկիր, մենք դա չենք կարող պահել։
Մենք հաջողությամբ կործանեցինք մեր կրթական համակարգը։ Այստեղ նստածներից մեծ մասը գիտի, որ այս ժողովուրդը մշտապես ծնել է մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բայց այսօր չկան։ Ի՞նչ է, մեր մայրերի արգանդը չորացե՞լ է, իհարկե ոչ, բայց այդ կրթական համակարգով (բոլոնյան համակար) մեր կենսունակ համակարգը, ցավոք սրտի, կործանեցինք։ Փոքր ժողովուրդները փոքր տարածքի վրա կարող են ապրել, եթե կենսունակ միտք ունեն։ Այդ կենսունակ միտքը աստված մեզ շնորհել է, սակայն չենք կարողանում դա զարգացնել։ Մենք ինժեներներ ենք պատրաստում, որոնք բազմապատկման աղյուսակը չգիտեն, այդպես չի լինում և այսպես կարելի է անընդհատ շարունակել։
Ինչևիցէ, այսօր տոն օր է, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին։ Ճիշտ է, վատ ժամանակներ եքն ապրում, բայց հավատացնում եմ, որ մեր ժողովուրդը սրանից ավելի վատ վիճակներում է ապրել։ Թեկուզ ոչ հեռավոր անցյալում, որին մենք ականատես ենք եղել, սակայն մեր ժողովուրդը հաղթահարել է այդ դժվարությունները, որովհետև նպատակ ուներ, պայքարելու կամք կար, ցանկություն կար, և ես մեր ժողովրդին հորդորում եմ գնալ այդ ճանապարհով ու պաշտպանել մեր հայրենիքը»։
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված ԱՀ ԱԺ հայտարարությունը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն։