«Արցախ կարպետ» ընկերությունը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում
Գլխավոր » Լրահոս » «Արցախ կարպետ» ընկերությունը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում

«Արցախ կարպետ» ընկերությունը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում

2023-ի պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, «Արցախ կարպետ» ընկերության՝ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը եւս դադարեցրին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում հարյուրավոր աշխատողներ զրկվեցին աշխատանքից և տեղահանվեցին Հայաստան։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013-ի ամռանը։ Արցախում արտադրություն հիմնելու գլխավոր նպատակը գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթի անբաժան մաս, պահպանելը, հանրությանը ներկայացնելն ու ապագա սերունդներին փոխանցելն է։ Նախքան 44-օրյա պատերազմը՝ ընկերությունն ուներ շուրջ 150 աշխատակից։ Արտադրամասեր էին գործում Ստեփանակերտում, Շուշիում, Ճարտարում, Հադրութում և Բերձորում: Թշնամու վերահսկողության տակ անցած արտադրամասերում են մնացել հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշ համարվող բացառիկ գորգեր։

Այսօր «Արցախ կարպետ» ընկերությունում աշխատում է ընդամենը 5 գորգագործ։ Ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է Երևան քաղաքի «Տաշիր» առևտրի կենտրոնում։

-2020-ի պատերազմից հետո 60 աշխատողներով շարունակեցինք մեր գործունեությունը Ստեփանակերտի և Ճարտարի մեր արտադրամասերում։

2017-ին ընկերությունը Երևան քաղաքում խանութ էր բացել, և ամեն ամիս մենք գորգեր էինք ուղարկում, որոնք նախատեսվում էին խանութի համար։ Հենց այդ գորգերն են փրկվել, որոնք այսօր առկա են մեր խանութում։ 2023-ի Արցախի տեղահանումից հետո խանութում տեղ ենք հատկացրել գորգագործության համար, տեղադրել 5 հաստոց։ Մեր գորգագործներն արցախցիներ են․ 3 հոգի՝ Ստեփանակերտի մասնաճյուղից, 2-ը՝ Շուշիից։ Ունենք նաև մեկ տնայնագործ, նախատեսում ենք 2 տնայնագործ ևս ավելացնել եկող տարուց։ Գորգագործության հետ մեկտեղ հայկական գորգանախշերով և արցախյան խորհրդանիշներով արտադրում ենք հագուստ, շարֆեր, սեղանի սփռոցներ, ծածկոցներ, պայուսակներ, տարբեր աքսեսուարներ, գուլպաներ, խաղալիքներ։ Բոլորը ձեռագործ աշխատանքներ են, որոնք վաճառվում են ինչպես խանութում, այնպես էլ՝ օնլայն հարթակում։ 2023-ից հետո ընկերությունը վեր է ածվել ձեռագործ արվեստների և արհեստների ընկերության։

Բռնատեղահանումից հետո սկսել ենք «Ձեռագործված է Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն էր Արցախից տեղահանված, ձեռագործության մեջ հմտացած կանանց համար ստեղծել հարթակ, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Ծրագիրը միտված է լուծելու և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիրները։ Արցախցի շնորհաշատ կանանց ձեռքերով մանկական հագուստից սկսած պատրաստվել են տարբեր տեսակի ձեռագործ իրեր՝ այն ամենը, ինչ հնարավոր է պատրաստել թելով։

Սկզբից նախաձեռնությանը միացել է շուրջ 100 արցախցի կին։ Տրամադրվել են հումք և դիզայն, ապա նրանք ներկայացրել են պատրաստի արտադրանքն ու աշխատանքի դիմաց ստացել համապատասխան գումար։ Նախաձեռնությունը շարունակվում է, այս պահին մեզ հետ համագործակցում են մոտ 30 կանայք,- ասում է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

«Արցախ կարպետ»-ի խանութ-սրահներում կարելի է գտնել հայկական գորգարվեստին առնչվող ամեն ինչ, ձեռագործ իրեր, հագուստ, աքսեսուարներ, հուշանվերներ: 2024-ին «Արցախ Կարպետ» ընկերությունը և «Fakejian Jewelry»-ն՝ ոգեշնչված արցախյան հարուստ գորգարվեստով, ստեղծել են արցախյան զարդերի անկրկնելի հավաքածու՝ ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրանքը՝ սպառողներին ներկայանալով նոր գաղափարներով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ապառաժ

1