«Արցախ ֆոնդը»՝ Աղավնոյում
ԱՄՆ Հայ Մշակութային Ընկերակցության «Արցախ ֆոնդ» հանձնախումբը Արցախի Հանրապետության Աղավնո համայնքում մի շարք ծրագրեր է իրականացնում՝ դպրոցի վերանորոգում, բուժկետի կառուցում: Մայիսի 9-ին կայացել է դպրոցի վերանորոգված մասին բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին «Արցախֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը, Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը, համագյուղացիներ:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Տրդատ Մարտիրոսյանը նշել է, որ հանձնախմբի անդամները պատերազմից հետո ժամանել են Արցախ՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին ու դրանց համապատասխան նոր ծրագրեր իրականացնելու: Դրանից հետո որոշվել է վերանորոգել դպրոցի մի մասը որպես նախադպրոցական խմբակների համար դասասենյակներ: Իսկ բուժկետի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Պողոս Աղաբեկյանի տեղեկացմամբ՝ դպրոցում այժմ 30 աշակերտ է ուսանում: Հունվարի 8-ից սկսել են դասապրոցեսը: Մինչ պատերազմը 52 աշակերտ էր սովորում Աղավնոյի դպրոցում: Տնօրենի խոսքով՝ մյուս աշակերտներն էլ մինչև մյուս ուսումնական տարվա սկիզբ կվերադառնան: Դպրոցում այժմ միայն անգլերենի մասնագետի կարիք ունեն:
Նույն օրը կայացած գյուղի նորակառույց տների բաշխման ժամանակ նոր տուն է ստացել նաև Պողոս Աղաբեկյանի ընտանիքը: 2018թ. դպրոցի տնօրեն աշխատող Պ. Աղաբեկյանն ամեն օր Տեղ գյուղից էր Աղավնո հասնում:
«Մինչև պատերազմը չէի էլ մտածում այստեղ մնալու մասին, բայց պատերազմից հետո արդեն պարտավոր ենք մնալ, հանուն այն ամենի, ինչը մեր տղերքը թողել են: Հանուն նրանց պարտավոր ենք մնալ ու մտածել հետագայում նորից հողերը վերադարձնելու մասին: Իմ երկու երեխաներն էլ այստեղ են ապրելու»,- ասել է Պ. Աղաբեկյանը՝ հույս հայտնելով, որ մի քանի տարի հետո հայրենիքը լիարժեք մերը կլինի: