«Արցախ ֆոնդ». Պատերազմի հետևանքները մեղմելու կամքով
2020թ. դեկտեմբերի վերջերին Արցախում էր ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Մշակութային Ընկերակցության «Արցախ ֆոնդ»-ի պատվիրակությունը: Տարիներ շարունակ Արցախի վերաբնակեցման, վերակառուցման ուղղությամբ բազում ծրագրեր իրագործած բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը հետպատերազմյան Արցախ էր ժամանել՝ վերլուծելու առաջնահերթություններն ու նոր ծրագրերի ուղղությունները:
Պատվիրակության կազմում էին ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի ԿԿ անդամներ Խաժակ Մկրտիչյանը, Վալոդ Ադախանյանը, «Արցախ ֆոնդ»-ի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը և Նյու Յորքի ներկայացուցիչ Արյուսակ Մարգարյանը:
ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում նրանք հանդիպել են պատերազմի ընթացքում նահատակված երկու տասնյակ զինծառայողների և պահեստազորայինների հարազատների հետ: Վալոդ Ադախանյանը, ցավակցություն հայտնելով հարազատներին, նշել է, որ նրանց կորուստը բոլոր հայերի կորուստն է և հիմնադրամի անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ մեղմելու անդառնալի կորուստներ ունեցած ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրները:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Խաժակ Մկրտիչյանը նշել է, որ ցանկացած բարեսիրական գործ չափազանց փոքր է նահատակների զոհողությունների դիմաց, իրենց նպատակը պատերազմի հետևանքների որոշ չափով մեղմացումն է: «Պատերազմի զոհերի թիվը ահռելի մեծ է: Պետությունն այսքան թվով ընտանիքներին օժանդակելու խնդիր ունի, բայց գիտենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, ուստի մեր պես բարեգործական կազմակերպությունները ևս այս գործում իրենց ներդրումն են ունենում»,- ասել է Խաժակ Մկրտիչյանը՝ հավելելով, որ աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:
«Արցախ ֆոնդ»-ի պատվիրակության անդամները հանդիպել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ հետ, այցելել Արցախի մի շարք բնակավայրեր, ծանոթացել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: