«Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի օժանդակությունը՝ Հացի համայնքում մեղվաբուծությամբ զբաղվելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի օժանդակությունը՝ Հացի համայնքում մեղվաբուծությամբ զբաղվելու համար

«Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի օժանդակությունը՝ Հացի համայնքում մեղվաբուծությամբ զբաղվելու համար

«Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամը Արցախում ձևավորումից ի վեր  հիմնականում զբաղվում  էր վերաբնակեցված և ազատագրված շրջանների զարգացման, շինարարական և բնակչության սոցիալական վիճակի բարելավման ծրագրերով։

Հիմնադրամն այսօր  էլ իր ուշադրության կենտրոնում է պահում համայնքների խնդիրների լուծման և բնակչության զբաղվածության ապահովման հարցերը։

Այս անգամ, «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի օժանդակությունը Մարտունու շրջանի Հացի համայնքին էր ուղղված։

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը և հիմնադրամի Արցախի գրասենյակի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը 2022թ հունիսի առաջին կեսին այցելություն էին կատարել Հացի համայնք, նախապես ծանոթացել համայնքի խնդիրներին։ Հաշվի առնելով համայնքի անդամների և ղեկավարի առաջարկները՝ որոշվել է օժանդակել բնակչությանը՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար։

Հոկտեմբերի 20-ին մեղվաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հացի համայնքի 12 շահառուների տրամադրվել են պոլիուրեթան նյութից պատրաստված թեթև վերնահարկերից բաղկացած ընդհանուր թվով 30 մեղվափեթակներ։

Շահառուների հետ կնքված պայմանագրի համաձայն՝ հիմնադրամը մեղվաբուծությամբ զբաղվելու համար յուրաքանչյուր շահառուի հատկացրել է 42 000 ՀՀ դրամ արժողության  մեղվափեթակներ, իսկ շահառուները «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամին են վերադարձնելու գումարի 25 տոկոսը:

Ծրագրի շահառու են դարձել նախապես հայտեր ներկայացրած բոլոր դիմորդները։ Փեթակների տրամադրման ընթացքում համայնքի մի քանի անդամներ ևս ցանկություն են հայտնել ներգրավվելու ծրագրի մեջ։

Համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր անդամներին նման նախաձեռնության համար և հավելել, որ բազմաթիվ մտահղացումներ կան համայնքի զարգացման հետ կապված՝ «Մեղվապահության հեռանկարով մեկ ամիս առաջ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել՝ 20 հողօգտագործողների տրամադրելով 20 հա վարելահողի համար կորնգանի սերմնացու, որը մեղուների կերաբազայում ամենահարուստ մեղրատու բույսերից է: Ծրագրի 12 շահառուներից  6-ը բազմաթիվ տարիների փորձառություն ունեն, իսկ 6 հոգի սկսնակ մեղվապահներ են: Մեծ շահույթի պարագայում կփորձենք  կոլեկտիվ ձևով վաճառք կազմակերպել թե՛ արտահանման և թե՛ տոնավաճառի միջոցով»:

Համայնքի ղեկավարը իր խոսքում կատակում է՝  «Ի համեմատ խոշոր եղջերավորների, մեղուները հայ-ադրբեջանական շփման գիծ և սահմաններ չեն «ճանաչում»»։ 

Համայնքի անդամներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել հիմնադրամի Արցախի գրասենյակի տնօրենին և հավելել, որ ցանկալի է շարունակական լինեն նմանատիպ ծրագրերն ու այցելությունները շփման գծին մոտ գտնվող համայնքներ։

Հացեցի Արեգա Աբրահամյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է՝ «Յուրաքանչյուր նմանատիպ ծրագիր հային իր հողում ապրելու հույս է արթնացնում, շեղում մեր ուշադրությունը մտատանջող իրականությունից։ Աստված տա՝ Արցախ աշխարհում հարատև խաղաղություն լինի, դա բոլորիս բաղձալի երազանքն է դարձել։ Թող գյուղացին էլ նորից իր հողը մշակի, իր բերք ու բարիքն ունենա»։

Փեթակներն ընտրելիս կին շահառուներն հաշվի էին առնում նաև գունային համադրությունները՝ իրենց բանջարանոցներն ավելի սիրուն դարձնելու համար։

Գյուղում 40-45 տարի շարունակ մեղվաբուծությամբ զբաղվողներ էլ կան։ Բոլոր գաղտնիքներին ծանոթ և իր գործի մեջ վաղուց հմտացած Ալեքսանդր Ղազյանի խոսքով յուրաքանչյուր փեթակից 10 կիլոգրամ մեղր է ստանում և երբեմն նաև վաճառքի համար արտահանում հայաստան և արտասահման։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել սկսնակ մեղվապահների հետ մեղվաբուծության գաղտնիքները կիսելու։

«Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի գրասենյակի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ այս ծրագիրը աշխատանք չունեցող ընտանիքների համար եկամուտ ապահովելու միջոց կհանդիսանա: Հաշվի առնելով նոր փեթակներ ձեռք բերելու պահանջարկը, շահագրգռվածությունն ու նոր դիմորդների թիվը՝ այս ծրագիրը կփորձեն հնարավորինս շարունակական դարձնել ոչ միայն Հացի համայնքում, այլ նաև շփման գծին մոտ գտնվող Արցախի այլ համայնքներում ևս։

Հացեցու բնավորությանը հավատարիմ շահառուներն իրենց տուն էին հրավիրում ծրագրի նախաձեռնողներին՝ համտեսելու այս տարվա արդեն քամած մեղրը։

1