Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում
Գլխավոր » Լրահոս » Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում

Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում

Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում: Այս մասին հունիսի 29-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Արցախում ադրբեջանական ապրանքներ վաճառելու մասին սոցիալական ցանցերում արված հրապարակումների վերաբերյալ հարցին:

ԱՀ նախագահն այդպիսի գրառումները դավաճանական քայլ ու սադրանք է որակել: «Տեղեկություն էր տարածվում, թե իբր ադրբեջանական արտադրանքը մտել է Հայաստան, և հետո իբր գնումների արդյունքում բերել են Արցախ: Նման ինֆորմացիա չկա, այդ գրառումը կատարող անձն իմ տեղեկություններով հիմա գտնվում է ԱԱԾ-ում: Դա նպատակադրված սադրանք է մեր երկրի նկատմամբ ու ընդհուպ մինչև դավաճանություն: Եթե կա նման ինֆորմացիա, զանգեք տեղեկացրեք համապատասխան ծառայություններին: Այսքան ծանր հոգեբանական վիճակում գտնվող հասարակությունում ամեն ինֆորմացիա չպետք է տարածել: Հասարակությունը պառակտելու, քայքայելու քայլերը ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն: Նման մեխանիզմներով են ապստամբություննեը իրականացնում՝ ուղեղները լվանալով, հասարակությանը կեղծ ինֆորմացիա տալով, իշխանությունը պառակտելով»,- իր խոսքում նշել է ԱՀ նախագահը:

Հավելենք, որ հունիսի 28-ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան»,Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ, լափեք ու լռեք»: ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը, նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:           

Գրառումը մեծ տարածում է գտել հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում: Նանե Իսրայելյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, ով նաև «araratnews.am»-ի լրագրող է, այսպիսի գրառում է կատարել. «բա ՀՀ իշխանությանն եք դավաճան ասում, Հայաստանի հետ սահմանը փակվեց, որոշեցիք Ադրբեջանի հետ առևտուր անել, հիմա կասե՞ք՝ հող ծախողն ու դավաճանը ով ա:

Ու առանց ամաչելու կոչ եք անում, որ Հայաստանը բանակցությունները դադարեցնի: Հայաստանը դադարեցնի բանակցությունները, որ դուք Ադրբեջանի հետ առևտուր անեք ու Հայաստանին ներքաշեք ձեր կեղտոտ խաղերի մեջ ու արնաքամ անեք մեր պետականությունը:

Հ.Գ. ազերթեյն էլ արդեն վայելում են Արցախի բնակիչները, հյուրասիրում հյուրերին»։

Ի դեպ, նույնիսկ ԱԱԾ-ի հայտարարությունից, տարբեր օգտատերերի հերքող գրառումներից հետո էլ Ն. Իսրայելյանը չի հերքել գրածը, դեռ ավելին՝ հայաստանցի-արցախցի պառակտում մտցնող ևս մեկ գրառում է կատարել:

1