Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան տանդեմն ընդդեմ Մոսիի և այլոց
Նախօրեին մի խումբ արցախցիներ փակել են Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը եւ հանդիպում պահանջել ԱԺ պատգամավորների, ղեկավարության հետ։ Ցուցարարները պահանջել են, որ ինչպես Հայաստանում, Արցախում էլ օրենք ընդունեն ապօրինի հարստացման դեմ, ու ասել, որ նախկիններից բոլորին տեսնում են որպես այդ օրենքի «շահառուներ», սակայն առաջնահերթության կարգով հնչեցրել են երկու անուն՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անունները։
Մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի «հակառակորդներն» են, Մովսես Հակոբյանը նրա հրաժարականն ուղիղ տեքստով է պահանջում եւ պատերազմից հետո ամենասկանդալային բացահայտումներն է արել, իսկ Արկադի Ղուկասյանն օրերս հայտարարեց, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ Արցախում պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձեւակերպել որպես ՀՀ կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, եւ որ «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա:
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցույցի կազմակերպիչները Հայաստանի եւ Արցախի իշխանամերձ շրջանակներն են, որոնք փորձում են Արցախում եւս Հայաստանի մթնոլորտը ստեղծել եւ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի դիրքերն ամրապնդել։ Այդ ակցիայի գաղափարը Նիկոլ Փաշինյանի սորոսական նախկին խորհրդական Արսեն Խառատյանինն է, ով օրերս Արցախ էր այցելել։ Մեզ պատմեցին, որ նրան տեսել են Արցախում նախօրեին կազմակերպված ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Արթուր Օսիպյանի հետ, իսկ, այսպես կոչված, «մասսովկան»՝ 20-25 մարդ, ապահովել է ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Օսիպյանը հենց նրա «մարդկանցից» է համարվում։ Հավաքին ներկա են եղել նաեւ սորոսական թեւի այլ ներկայացուցիչներ, օրինակ, Մասիս Մայիլյանի երբեմնի աջակից Տիգրան Պետրոսյանը։
Բնականաբար, ակցիան համաձայնեցված է եղել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Սրա մասին է վկայում փաստը, որ փողոցը փակելուց րոպեներ անց ցուցարարների պահանջն ի կատար է ածվել, եւ կայծակնային արագությամբ դեպքի վայրում են հայտնվել խորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ։ Նրանք լսել են ցուցարարներին եւ խոստացել քննարկել նրանց առաջարկը։
Մենք կապ հաստատեցինք Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, ով եւս հաստատեց, որ ցուցարարները մի քանի ժամ փողոցը փակել են՝ պահանջելով խորհրդարանից օրենսդրական փոփոխություններ կատարել, մասնավորապես ընդունել ապօրինի հարստացման դեմ օրենք։
Փաստորեն՝ ենթադրվում էր, որ արցախցիների դժգոհությունների թիրախում այսօր պետք է լինեին Արցախի եւ ՀՀ իշխանությունները, եւ նրանց հրաժարականի պահանջով պետք է ցույցեր կազմակերպվեին, բայց ոչ միայն դա չեն անում, այլեւ ցուցարարները չեն նշել անգամ Արայիկ Հարությունյանի անունը՝ որպես Արցախի ամենահարուստ մարդկանցից մեկի, ում գույքը եւս պետք է այդ օրենքի տրամաբանության շրջանակներում բռնագրավվի։
Այսինքն, Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Նիկոլ Փաշինյան տանդեմը շարունակում է Արցախում գործել, եւ նախօրեին դրա վառ դրսեւորումներից մեկն էլ երեւացել է խորհրդարանում, երբ Բաբայանի «Միասնական հայրենիքն» «Ազատ հայրենիքին» մեծահոգաբար զիջել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը, ապա թեկնածուին միաձայն ընտրել պաշտոնում։ ՀՊ անդամ է դարձել հարկայինի օպեր Հրայր Մարգարյանը։
Լուսինե Շահվերդյան
hraparak.am