Առանձնատների և բնակարանների կառուցման մասին
Գլխավոր » Լրահոս » Առանձնատների և բնակարանների կառուցման մասին

Առանձնատների և բնակարանների կառուցման մասին

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության փայտե տները

Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում կառուցվում են փայտե բնակարաններ Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի  կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում:

Այս պահին, ըստ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կայքում նշված տեղեկատվության, հավաքվել է 161 509 254 դրամ:  Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021թ. հունիսի վերջից, իսկ առաջին 6 բնակարանները շահագործման են հանձնվելու 2022թ. հուլիսի վերջին: Նշենք, որ այդ փայտե տներից միայն մեկը  կառուցվում է ՀՀ ԱԺ նվիրատվության միջոցով:

Արդեն վիճակահանությամբ ընտրվել են այն 6 ընտանիքները, որոնք պետք է ստանան այդ բնակարանները:

Ծրագրի համահիմնադիր Սամվել Մովսիսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ վիճակահանությունն անցկացվում է բոլոր շրջանների տեղահանված բնակիչների համար: Նա հավաստիացրեց, որ բոլորը տեղյակ են լինում վիճակահանության մասին:

Ս. Մովսիսյանի խոսքով՝ իրենց կարևոր գործընկերը Արցախի կառավարությունն է, քանի որ ամեն ինչ միասին են անում:

Խոսելով նախագծի ավարտի ժամկետների մասին, Ս. Մովսիսյանն ասաց, որ հստակ ժամկետներ նախանշված չեն, քանի որ կախված է նրանից, թե ինչքան արագ կհավաքվի անհրաժեշտ գումարը: Նրա խոսքով՝ hետպատերազմյան շրջանում Արցախի հետ կապված հետաքրքրությունները մարում են մարդկանց մոտ:

Նա նաև նշեց, որ մարդիկ օր առաջ սպասում են, թե երբ պետք է տեղափոխվեն: Այդ հարցին, թե արդյոք մարդկանց մոտ դժգոհություն չի առաջանում, երբ որ մի մասին քարե տներ են հատկացվում, մյուս մասին՝ փայտե, Ս. Մովսիսյանը պատասխանեց, որ այս տարբերակով ավելի արագ և ավելի էժան տներ են կառուցվում, իսկ մարդիկ էլ անհամբեր են օր առաջ այդտեղ տեղափոխվելու համար:

Ասկերանի քարե առանձնատները

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում բնակարանների շինարարական աշխատանքներ է կատարում նաև «Կապավոր» ՍՊԸ-ն:

«Կապավոր» ՍՊԸ-ի հանրային կապերի պատասխանատու Նարեկ Սահակյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ Նորագյուղ համայնքում «Կապավոր» ՍՊԸ-ն բնակելի թաղամաս է կառուցում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի տեղահանված բնակիչների համար:

«Նախագծով նախատեսված 145 առանձնատնից աշխատանքներ են կատարվում 106-ում: Խոսքը հիմքերի կառուցման, պատերի շարման, ծածկի և տանիքածածկի կառուցման, ինչպես նաև միջնորմների կառուցման մասին է:

Տները կառուցվում են քարով՝ երկաթբետոնե միաձույլ սյուներով ու ծածկով: Շինարարությունը մեկնարկել է 2021թ. հոկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2024-ին: Քարին տակի բնակիչների համար նախատեսված թաղամասը կառուցվում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով՝ պետական ֆինանսավորմամբ»,-ասել է Ն. Սահակյանը:

Ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի և Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում «Կապավոր» ՍՊԸ-ն 2021 թվականի հուլիսից կառուցում է թաղամաս, որտեղ նախագծով նախատեսված է 92 առանձնատուն՝ 2, 3, 4 և 5 սենյականոց, համապատասխանաբար՝ 70-130 քառակուսի մետր բնակմակերեսով:

«Տները քարից են՝ երկաթբետոնե միաձույլ սյուներով ու ծածկով: Այժմ 80 տան պատերն արդեն շարված են, 65 տան մոնոլիտային ծածկերը կառուցված են, 50 տան տանիքածածկի աշխատանքներն ավարտվել են, ներքին հարդարման աշխատանքներից 40 տան միջնապատերը շարված են, կատարվում են սվաղման և սալիկապատման աշխատանքներ: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2023 թվականի վերջին»,-նշել է Ն. Սահակյանը:

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ամենամեծ շինարարական եռուզեռն է ընթանում: Այստեղ միանգամից մի քանի թաղամաս է կառուցվում: Ստեփանակերտ- Իվանյան մայրուղու հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկը կառուցվում է «Գրանդ Ալյանս» ՍՊԸ-ի կողմից:

Ընկերության փոխտնօրեն Վիտալի Շաքարյանը   «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ շենքի կառուցումը նախատեսում են ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընկերությունը բնակարանային շինարարության աշխատանքներ է կատարում նաև Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեում:

Իվանյան-Ասկերան մայրուղու հարակից հատվածում կառուցվում են արագ հավաքվող պանելային և քարե 107առանձնատներ:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Արմեն Գալստյանը նշեց, որ այդ հատվածում քարե առանձնատներ կառուցվում են մի շարք շինարարական կազմակերպությունների կողմից, իսկ արագ հավաքվող տները կառուցվում են բարեգործական միջոցներով, իսկ իրենք էլ հետևում են տեխնիկական պահանջների համապատասխանությանը:

Անդրադառնալով բնակարանների շինարարական աշխատանքների ավարտման ժամկետներին, Արմեն Գալստյանը նշեց, որ տարբեր շինարարական ընկերություններ տարբեր ժամանակահատվածներում են սկսել իրենց շինարարական աշխատանքները, ուստի չկան հստակ նախանշված ժամկետներ, որի ընթացքում պետք է ավարտվեն աշխատանքները:

Վահագն Խաչատրյան

1