«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը
Գլխավոր » Լրահոս » «Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

Այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքի մեկնարկին շուրջ 7 ամիս կալանավայրում անցկացրած Նարեկ Մանթաշյանն իր խոսքը սկսեց` ազատություն մաղթելով կալանավորված մյուս գործիչներին:

«Այս պայքարը քաղաքական չէ, սա ինչ-որ մեկի համար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, իսկ հաղթանակը շատ մոտ է: Այս պայքարի մասին բամբասողները վաղը չեն կարողանալու իրենց երեխաների աչքերի մեջ նայել, մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ մոտ»,-ասաց նա:

https://youtu.be/qEy4-sHijP0

Այնուհետեւ ելույթներ ունեցան ԵՊՀ դոցենտ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, ընդդիմադիր պատգամավերներ Թադեւոս Ավետիսյանը, Արամ Վարդեւանյանը, Հայկ Մամիջանյանը:

Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Դիմադրություն» շարժման դաշնակցական երեք երիտասարդներ, ովքեր ձերբակալված էին գյումրեցի «պապիկներին» ծեծի ենթարկելու գործով, ազատ են արձակվել գրավի դիմաց: Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը դեռես կշարունակեն մնալ կալանքի տակ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը իր խոսքում ասաց. «Մենք դուրս ենք եկել պայքարի ոչ միայն մեր անվտանգության, հայ մնալու, մեր հայրենիքը պաշտպանելու, այլև մեր հայրենիքում լավ ապրելու համար։ Ապիկարների այս իշխանությունը ոչ միայն մեր հայրենիքն է հանձնում, այլև տանում է թրքացման, ամեն ինչ անում է, որ հայ մարդն իր բնօրրանում ամեն հաջորդ օրն ավելի վատ ապրի, որովհետև այս իշխանությունները չունեն ազգային նպատակ, ազգային երազանք։ Սրանց երազանքը միայն իրենց աթոռները պահելու մասին է»:

Հայաստանում ԵՄ դեսպանն ասում է, որ Հայաստանում, իբր, քաղբանտարկյալներ չկան։ Դա իրականությունից կտրված և այսօրվա իշխանություններին աջակցելու քաղաքականություն է. իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ օրվա իշանությունները համաներում չեն կիրառելու, քանի որ իրենց աթոռին կառչած մնալու համար համատարած վախ են սփռում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ելույթում ասաց. «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև մշակվող փաստաթղթում ոչինչ չի ասվում հայ ռազմագերիների մասին, մեկ բառ անգամ չկա, որ Ադրբեջանում նրանք պահվում են անմարդկային պայմաններում»:

Նրա խոսքով՝ անգամ ՀՀ արտգործնախարարությունն իր պաշտոնական հաղորդագրություններում չի հիշատակում Արցախի կարգավիճակի, ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթեյանը:

«Այսօր պետություն չկա։ Բոլոր կառույցները գերեվարված են դավաճան Նիկոլի կողմից և դարձել են նրա կամակատարները»,- ասաց նա։

Նա նաեւ նշեց՝ ընդդիմությունն իր առջև խնդիր էր դրել կարճ ժամանակում հեռացնել գործող իշխանություններին, սակայն, ցավոք, Հայաստանը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյնաը։

«Բայց եթե պայքարը երկարում է, դրանից պետք է ոչ թե ընկճվել, այլ արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ։ Պայքարը պետք է դարձնել մեր առօրյան։ Մենք պետք է վերադասավորվենք, մոբիլիզացնենք մեր ուժերը և գնանք հաղթանակի հետևից։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով»,- ասաց Սաղաթելյանը։

Նա շեշտեց՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա բացառապես այն օրակարգով, որը ձևավորել է ժողովուրդը Ֆրանսիայի հրապարակում՝ ՀՀ գործող վարչապետի հեռացում, Հայաստանի և Արցախի առջև ծառացած սպառնալիքնրի դեմ պայքար։

«ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներց զրկելու շանտաժով մեզ չի կարող ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ։ ՔՊ-ական ուսապարկերն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով ԱԺ դահլիճում չեն տեսնի: Հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան այս փողոցն է ու այս հրապարակը։ Մեր փողոցային պայքարն այս պահին, այլընտրանք չունի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը դեռեւս շարունակում է իրականացնել քաղաքական հետապնդումներ։

«Մեր պայքարի ընկերներից շատերն այս պահին անազատության մեջ են՝ իբրեւ քաղբանտարկյալ։ Բայց իրենք շատ ավելի ազատ են, քան նրանք, ովքեր մեր տղաներին կալանավորելու հրահանգ են տվել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:

Այնուհետեւ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը:

Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփվեց հանրհավաքը:

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժումը համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում. հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Նույն օրը հանրահավաքներ եւ միջոցառումներ տեղի կունենան նաեւ Արցախում։ Սա չի նշանակում, թե ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ եւ շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որեւէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետեւելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որեւէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ օգոստոս ամսվա ընթացքում շարունակվելու են շարժման անդամների մարզային այցելությունները։

«Մարզային խորհուրդները ձեւավորված են, դրանց պետք է միս ու արյուն տանք ու լիարժեք աշխատացնենք։ Մեր հանձնախմբերի եւ կոմիտների աշխատանքը եւս պետք է դարձնենք լիարժեք։ Ապա կամփոփենք արված աշխատանքները եւ հանդես կգանք հաշվետվությամբ։ Օգոստոսի կեսերին կկազմակերպենք համահայկական «Դիմադրություն» ֆորում, որտեղ կհրավիրենք Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայտնի գործիչների եւ մտավորականների»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի եւ կենտրոնացնել ուժերը, քանի որ այլ տարբերակ չկա։

«Ովքեր ուզում են, կարող են գալ այս հարթակ։ Ուզում են՝ թող գնան այլ հարթակ, մենք կկանգնենք իրենց կողքին։ Չեն ուզում կանգնենք իրենց կողքին, կօգնենք։ Ամենակարեւորը՝ լինի միասնական նպատակ՝ այս չարիքի իշխանության հեռացումը»,- ասաց նա։

arfd.am

1