Առանց Մարտակերտ չկա Արցախ, առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ…
Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի ծննդյան օրն է այսօր, նա կդառնար 57 տարեկան:
Նորայր Դանիելյանը ծնվել է Վարդաձորում և հաճախել տեղի դպրոցը: Սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: Դեռևս ուսանողական տարիների ընդհատակյա պայքարի մասնակից Նորայր Դանիելյանն իր անձնական օրինակով շատերի համար ուղենշել է պայքարի մեծ ճանապարհը:
1990թ. ամռանը Նորայր Դանիելյանի նախաձեռնությամբ ու շրջանի ղեկավարների աջակցությամբ վերակառուցվել է Ջանյաթաղի պաշտպանական կարևոր նշանակություն ունեցող դաշտային օթևանը՝ կնքվելով Քաջավան անունով: Նորայր Դանիելյանն էլ համարվել է համայնքի ղեկավար:
1990թ.հոկտեմբերի 24-ի լուսաբացին Նորայրը 2-րդ անգամ գերեվարվում է և մեկ տարի ու հինգ ամիս մնում Շուշիի, ապա՝ Բաքվի բանտերում: Միայն 1992թ. ապրիլին է ազատվում ու վերադառնում հայրենի գյուղ՝ Վարդաձոր՝ շարունակելու իր կիսատ մնացած պայքարը: Շրջանում անհավասար ու թեժ մարտագործողությունների ընթացքում երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարքեր:
1992թ. նոյեմբերին Ն.Դանիելյանը նշանակվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար: Գունդը նրա ղեկավարությամբ մասնակցել է բազմաթիվ, այդ թվում՝ Մարտակերտի, Քարվաճառի և Կուբաթլուի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին:
Հաջողված ռազմական գործողությունների համար 26-ամյա հրամանատարին շնորհվել է փոխգնդապետի կոչում:
Մարտակերտի ազատագրումը Նորայրի համար անիրական նպատակ չէր, նա համոզված էր, որ հերոս ու խաղաղասեր արցախցին պետք է իր հողում ապրի: «Այստեղ մենք ընկերներ ենք բոլորս՝ մեկս մյուսի թիկունքին կանգնած, և մեր հողն ենք պաշտպանում. սա է մեր հաջողության գաղտնիքը»,- ասում էր Նորայրը:
1993թ. նա ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Ն.Դանիելյանն ապրեց ընդամենը 26 տարի: 1993 թվականի հոկտեմբերի 18-ին դավադիր անհայտ ձեռքը խլեց նրա կյանքը:
Հետմահու նա արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: