Առանց Արցախի, անհնար է պատկերացնել Հայաստան պետության անվտանգությունը
Գլխավոր » Լրահոս » Առանց Արցախի, անհնար է պատկերացնել Հայաստան պետության անվտանգությունը

Առանց Արցախի, անհնար է պատկերացնել Հայաստան պետության անվտանգությունը

Նշվեց Արցախի Անկախության օրը: Արցախի վերջին նախագահը, հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հոգևորականներ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Արցախի զոհվածներին։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։

2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի այսօր հաստատվել է Հայաստանում կամ հեռացել այլ երկիր, սակայն նրանցից շատ-շատերի երազանքն է՝ կրկին վերադառնալ Արցախ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել եւս` հակամարտության կողմի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում՝ անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՊՄՀ Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:


«ԱՇԽԱՐՀԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՍԻՋ ՓՈԽԱՆՑԵԼ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ»


— Արցախի հարցում ո՞րն է մեր սխալը: Ի վերջո, հայի ինքնությունը խարխլող որոշ անձինք մինչեւ որտե՞ղ են փորձելու հասցնել իրենց նպատակակետը:


— Նախ շատ ցավալի է, որ Արցախի անկախության օրը ոչ միայն պետական մակարդակով չնշվեց, այլեւ պետական մակարդակով ամեն ինչ արեցին, խանգարեցին, որպեսզի չնշվի։ Այդ ամենը շատ հայտնի իրողություն է, որ խանգարեցին նրանց, ովքեր ցանկանում էին Արցախի անկախության օրը հավուր պատշաճի նշել։ Պետք է ընդգծեմ, որ, այնուամենայնիվ ստացվեց։ Օրինակ, ՀՅԴ-ի նախաձեռնությամբ բավականին հանդիսավոր կերպով նշվեց այդ նշանակալի օրը, որը ոչ միայն մեզ ոգեւորելու նախաձեռնություն է, այլ նաեւ աշխարհին որպես մեսիջ փոխանցելու հստակ քայլ է, որ Արցախի հարցը փակված չէ, եւ վերադարձ լինելու է: Եվ այդ վերադարձը լինելու է ոչ թե զուտ պատմական արդարությունը վերականգնելու, ոչ միայն արցախցիներին իրենց բնակավայրում ապրելու իրավունքը վերականգնելու առումով, այլեւ մեր Հայաստան պետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Առանց Արցախի, անհնար է պատկերացնել Հայաստան պետության անվտանգությունը։ Քանի դեռեւս կար Շուշին եւ մերն էր, որեւէ մեկը չէր խոսում անգամ Զանգեզուրի միջանցքի մասին, որեւէ մեկը չէր խոսում Հայաստանի տարածքներն իրենց ուզած ձեւով օգտագործելու մասին, եւ մենք չէինք մտածում Ջերմուկի կամ Ներքին Հանդի անվտանգության մասին։ Այդ նախկին (նախկին բառն այստեղ պետք է օգտագործել) կարգավիճակին վերադառնալու, ինչպես նաեւ Սյունիքը, Վայոց ձորը, Հայաստանի Հանրապետության Արեւելյան հատվածը անվտանգ դարձնելու համար մենք պարտավոր ենք վերադառնալ Արցախի օրակարգին։


«ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է»


— Այնուամենայնիվ, եթե ասում ենք, որ Արցախի վերադարձ լինելու է՝ արդյո՞ք կարող ենք նկատի ունենալ, որ հենց այս իշխանության օրոք կարող է դա լինել, թե այս մասին կարող ենք խոսել միայն իշխանափոխությունից հետո:


— Ակնհայտ է եւ լիովին աքսիոմա է, որ այս իշխանությունների օրոք նման հարց չի կարող անգամ քննարկվել պետական մասշտաբով, քանի որ իրենք են արգելում այդ հարցը քննարկել։ Նույնիսկ տաբու է դրված Արցախ, Արցախի Հանրապետություն եզրույթներն օգտագործելը։ Միայն Լեռնային Ղարաբաղ ու վերջ։ Ի դեպ, ինչպես որ հենց ես հասկացա՝ դա որպես աշխարհագրական տերմին է գործում։
Սակայն հասարակությանը, ինչպես նաեւ մատաղ սերնդին պետք է դաստիարակել այն հույսով, որ ոչինչ հավերժ չէ։

Այս իշխանություններն անգամ հավերժ չեն։ Պետք է տրամադրվել մեր անվտանգության ամրապնդման համար, իսկ անվտանգության ամրապնդումը ենթադրում է նախ այս պարագայում Արցախի վերադարձը։
Սա այսօր հիմնավորում ենք, եթե կցանկանաք անգամ միջազգային իրավունքի տերմիններով որպես արցախահայության իրավունքների վերականգնում, սեփական հայրենիքում ապրելու իրավունքի վերականգնում, բայց վերջապես դա պետք է ավարտվի Արցախում հայկական պետականության դե ֆակտո վերականգմամբ և դրանով մեր պետականության անվտանգությունն առավել ամրապնդելով։

Սա աքսիոմա է եւ պետք է դառնա յուրաքանչյուր հայի համար բանաձեւ, հավատամք, վարդապետություն, ինչպես ադրբեջանցիները երկար տարիներ, տասնամյակներ, քսանից ավելի տարիներ իրենք իրենց համոզել են, իրենց սերնդին անգրագետ են մեծացրել, բայց համոզել են, որ Ղարաբաղն իրենցն է, եւ այդ սերունդը համոզվելով՝ եկավ Ղարաբաղը նվաճելու։ Մենք էլ պետք է համոզենք, ինչպես նաեւ բացատրենք, որ դա ոչ միայն, կրկնում եմ, զուտ իրավունքի վերականգման խնդիր է, այլեւ մեր ապագայի, մեր անվտանգության, մեր կենսատարածքի այդ մի հատվածը մեզ վերադարձնելու խնդիր է։ Կենսատարածք եզրույթը պետք է օգտագործել։


Արցախը ապահովել է մեր կենսական կարիքները եւ ունի կարեւոր մաս ոչ միայն անվտանգության մասով։ Սա էլ պետք է բացատրել սերունդներին, որ մեր տեսակի միության պահպանման անվտանգության համար Արցախ վերադառնալը եւ Արցախը վերադարձնելը պատմական անհրաժեշտություն է։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում:

1