Արամ Մանուկյանը՝ «նշաձող»
Գլխավոր » Լրահոս » Արամ Մանուկյանը՝ «նշաձող»

Արամ Մանուկյանը՝ «նշաձող»

2018թ․ հեղափոխությունից առ այսօր ՀՀ պաշտոնական ուղերձներում ուշագրավ էպոպեա է ունեցել Արամ Մանուկյանի բնութագրությունը։ Այս Էպոպեան պատմական գնահատականների պարզ շարան չէ, այլ արտացոլում է իշխանությունների գաղափարաքաղաքական հայացքների փոխակերպության (մետամորֆոզ) մի ամբողջ հոլովույթ, որն իր մեջ պարունակում է էական ազդանշաններ։

Ահա այսպես. 2018թ․ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը իրավացիորեն և ազգային բարձր գիտակցության ցուցաբերմամբ աշխարհին հայտարարում էր․ «․․․Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես նվիրյալ առաջնորդ․․․ Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը․․․»։ Այդ ժամանակ Փաշինյանը ՀՀ առաջին դեմքն էր, ով հաջորդում էր հաղթանակի սխրանքով և դրա պահպանման առաքելությամբ հատկանշվող «նախկին» երեք ղեկավարներին։

2019թ․Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում Փաշինյանը «Արցախը Հայաստան է ու վերջ» քաղաքական իր դիսկուրսի համար կարծես փորձում էր հարմար հող նախապատրաստել՝ հետևյալ ձևակերպմամբ․ «․․․Հանգչեք խաղաղությամբ, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան․․․, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր․․․»։

Այդ տարի Փաշինյանի նշված դիսկուրսին գումարվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» խոսույթը և մատուցվեց Ադրբեջանին՝ որպես մեծագույն պատրվակ բանակցային գործընթացի կասեցման և ռազմական գործողությունների մեկնարկի համար։ Այնուհետև Փաշինյանը, թերևս զգալով և նախատեսելով մեծագույն պատրվակի վտանգավոր հետևանքները, Հանրապետության տոնի առթիվ իր 2020թ․ շնորհավորական ուղերձում այսպես էր ասում․ «․․․Պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը»։

«Մահաբեր գրոհ» ասելով՝ Փաշինյանն արդյո՞ք գուշակում էր ահավոր պատերազմը և Արամի կերպարում էր փնտրում ինքն իրեն։ Նման մի ամբիցիոս համեմատության համար, իհարկե, մեղադրելի չէ Փաշինյանը։ Մեղադրելի են, սակայն, նրա իշխանությունները ավանտյուրիստական խոսույթներով թշնամուն հարմարագույն պատրվակները մատուցելու համար։ Պատրվակներ, որոնց մատուցելուց ամեն կերպ խուսափում էր Արամ Մանուկյանը, և դրանց փոխարեն, առանց «խաղաղության դարաշրջան» հորջորջելու, ճկունությամբ բանակցում էր վաղեմի թշնամու հետ՝ վերջիններիս Վանի հերոսամարտի և Սարդարապատի ճակատամարտի փոխվրեժի մտադրություններից զերծ պահելու հստակ օրակարգով։

2021թ․ Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում՝ արդեն ահավոր պարտության իրավիճակում հայտնված վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսպես էր ասում․

«․․․Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը․․․»։

Ակնհայտ է, որ «թշնամու գրոհը կանգնեցնել» ասույթով Փաշինյանը փորձում էր մի կերպ պատճառաբանել իր այն պնդումը, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ է միայն հնարավոր դարձել «կանգնեցնել» ադրբեջանական գրոհը Ստեփանակերտի ուղղությամբ․․․ Ակնհայտ է նաև, որ Արամ Մանուկյանի անբիծ, անբասիր կերպարի հետ դարձյալ ինքն իրեն համեմատելով՝ Փաշինյանը փորձում էր փոխաբերական իմաստով հիմնավորել «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» իր երկչոտ ինքնարդարացումը։

Այնուամենայնիվ, վերը նշված ուղերձում Փաշինյանն ակնածանքով է հիշատակել Արամ Մանուկյանի «ոգու և կամքի առաջնորդ» լինելու փաստը՝ ինչն արդեն բացակայում էր այս տարվա՝ 2022թ․ շնորհավորական ուղերձում․ «․․․Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը․․․»։

Այս տարի միայն և միայն՝ «անուրանալի դեր»․․․ Բա ի՞նչ եղան նախորդ բնութագրությունները։ Ո՞ւր մնացին «նվիրյալ առաջնորդ», «հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորող» Արամ Մանուկյանի առանցքային դերակատարությունը, հիմնարար հեղինակությունը։ Եվ վերջապես, այս պայմաններում այսուհետ ո՞վ է լինելու Արամ Մանուկյանի սխրանքի և գործի «տեր»-ը․․․

Ո՞վ է Արամ Մանուկյանը։

(Կցանկանայի ներկայացնել Արամ Մանուկյանի կուսակցական, քաղաքական կյանքի գաղափարապաշտական ծալքերն ու բաղադրիչները և հպարտությամբ ընդգծել նրա կուսակցական պատկանելիությունը․․․ դրա օրն էլ կգա անշուշտ, բայց այսօր անհրաժեշտություններն այլ են)։

Արամ Մանուկյանը հայ ժողովրդի այն եզակի ռազմաքաղաքական ղեկավարն է, ով երկու անգամ չարաչար ծնկի է բերել օսմանյան բանակին՝ առաջինը հենց Օսմանյան կայսրության մեջ, 1915 թվականին, Արևմտյան Հայաստանում, Վանում, իսկ երկրորդ անգամ՝ Կովկասյան ճակատում, 1918 թվականին, Արևելյան Հայաստանում, Սարդարապատում և Բաշ-Ապարանում։

Արամ Մանուկյանը հայ ժողովրդի կամքն ու ազգային ձգտումները մարմնավորող այն եզակի մարդն է, ով երկու անգամ հայ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունք է իրացրել, առաջինը՝ Վանում, 1915թ․, երկրորդ անգամ՝ Հարավային Կովկասում, 1918թ․։

Արամ Մանուկյանը ժողովրդի այն եզակի առաջնորդն է, ում շնչի և ոգեղեն ներկայության ներքո երկու անգամ պարտադրվել է Օսմանյան կայսրությանը՝ պաշտոնապես ճանաչել Հայաստանի գոյության փաստն ու անկախության իրավունքը, առաջինը՝ 1918 թվականին Բաթումիում, դե ֆակտո եղանակով, երկրորդ անգամ սեփական զոհաբերությամբ հիմնադրած Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատվիրակության միջոցով՝ 1920 թվականին, Փարիզի խաղաղության վեհաժողովում, դե յուրե եղանակով։

Ահա թե ով է Արամ Մանուկյանը․

Հայ ազգի առաջնորդ, ով եզակի է Հայոց պատմության մէջ․․․

Թշնամու առաջնորդ, ով նույնպես եզակի է Թուրքիայի պատմության մեջ։

Նրան փայլուն գիտեն Թուրքիայի պետական այրերը և նրան լավապես ճանաչեցրել են իրենց կրտսեր եղբոր՝ «Ադրբեջանի Հանրապետության» ղեկավարներին։

Այսօրյա քաղաքական բառապաշարով ասած՝ Արամ Մանուկյանը հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, անվտանգության, հողային ամբողջականության սկզբունքների պահպանման խորհրդանիշն է, անկյունաքարը, եթե կուզեք՝ նշաձողը։

Արամը, իհարկե, քաղաքական նշաձող է։ Կարելի է պատկերացնել, որ եթե ՀՀ իշխանությունն այսօր վարի ազգանպաստ, ուժեղ քաղաքականություն Արցախի ինքնորոշման սկզբունքի դիրքերից, ապա Հայաստանի անկախության ուղերձներում Արամ Մանուկյանը կբնութագրվի՝ որպես հայ ժողովրդի ուժն ու կամքը մարմնավորող նվիրյալ առաջնորդ։

Իսկ հակառակ դեպքում, եթե ՀՀ իշխանությունն այլևայլ պատճառաբանությամբ ուզում է հրաժարվել Արցախի ինքնորոշման սկզունքից կամ այս սկզբունքը ստորադասել «անվտանգության» առասպելին, ապա Հայաստանի անկախության ուղերձում Արամ Մանուկյանի դերը սահմանափակվում, դառնում է ընդամենը «անուրանալի», այն էլ միայն և միայն «Առաջին Հանրապետության» կերտման գործում։

Արամ Մանուկյանի մասին պաշտոնական բնութագրման փոխակերպության էպոպեան որպես ազդանշան լավապես ընկալելի են Թուրքիայի և Ադրբեջանի համար։

Ահա թե ինչպես նաև կարելի է ապակոդավորել՝ «նշաձողի իջեցում» բառակապակցությունը․․․:

Կարեն Խանլարյան

1