Արամ Մանուկյան
Գլխավոր » Գաղափարական » Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան, Արամ կամ Արամ փաշա (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան մարտի 19, 1879, Դավիթ Բեկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — հունվարի 29, 1919, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն; ծնունդով Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի քաղաք), Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

Վաղ տարիներ

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը։ Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվել է դպրոցից, ապա ընդունվել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1907 թվական)։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903 թվականներին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-1908 թվականներին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում։

Պետական գործունեություն

Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան.

1. Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը

2. Երեւանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առա­ջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ

3. 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչեւ նրա անդրանիկ կառավարության ձեւավորումն ընկած ժամանակահատվածը

4. Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։

Վանի հայկական նահանգապե­տության 72-օրյա գոյության ընթացքը ինչպես նաեւ Ռուսական կայսրության նախ­կին Երեւանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վար­չական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ եւ բնույթ էր կրում։

Առաջին փուլ. Գործունեությունն Արևմտյան Հայաստանում

1910 թվականին Արամ Մանուկյանը կրկին վերադարձել է Վան` դառնալով Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Վասպուրականում նա ամեն ինչ էր՝ և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն։ Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականիի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո)։ Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ՝ թե հակառակորդների, թե կողմնակիցների։ Հայ ժողովուրդը բուռն ոգևորություն էր ապրում, քանի որ անկախ պետականության կորստից դարեր անց (թեկուզ ռուսական զինվորական իշխանության ենթակայության ներքո), թեկուզ փոքր տարածքում, հայ ժողովուրդը որոշակի ինքնուրույնություն էր ստացել։

Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ «նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը ի դեմս Վանի կայազորի պետի, եւ որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրութ­յունները»։ Մանուկյանը` ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հեռագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաեւ նահանգապետի պաշտոնում նրա անդրանիկ ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձեւավորվելիք «կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մէջ»:

Նորաստեղծ նահանգը շատ ծանր վիճակում էր. շրջափակում, ավերված տնտեսություն, ցեղասպանությունից մազապուրծ 10.000 գաղթականներ, պարենամթերքի սուր պակաս, համաճարակային հիվանդություններ եւ այլն։ Արամ Մանուկյանից մեծ ջանքեր էին պահանջվում հայկական շահերից բխող քաղա­քականություն վարելու համար։ Նա ձեռնամուխ եղավ նահանգի իշխանության մարմինների ձեւավորման, նահանգի հայության անվտանգության ապա­հովման, տնտեսության վերականգնման, սովի կանխման, օրինականության ապահով­ման եւ այլն անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ։ Նահանգի կառավարության ձեւավորման ժամանակ նրա դրսեւորեց ապակուսակցական, անաչառ մոտեցման շնորհիվ կառավարության մեջ ընդգրկեց բոլոր կուսակցությունների նեկայացուցիչներ, ինչպես նաեւ անկուսակցականներ` հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը։

Նահանգի հայության անվտանգությունը, նախ և առաջ քրդերից ապահովելը, առաջնային նշանակություն ուներ։ Այդ նպատակով շուրջ հազար մարդ ընդգրկվեց ինքնապաշտպանական խմբերում։ Քրդական վտանգի չեզոքացմանը մասնակցում էին նաեւ գավառների ոստիկանության ուժերը։ Ռուսական կառավարությունն ընդդիմանում էր դրան. ոչ միայն թույլ էր տալիս, որ քրդերը նահանգի տարածք վերադառնան, այլև հայությունից պահանջում էր չխոչնդոտել դրան, դեռ ավելին, նահանգապետից էլ պահանջում էր ապահովել նրանց անվտանգությունը։ Հայության շահերից ելնելով` Արամ Մանուկյանը Ռուսական բանակի հրամանատարությանն ուղղած գրություններով հիմնավորում էր հայերի գործողությունների դրդապատճառները` մատնան­շելով 1914 թվականի աշնանը եւ ձմռանը հայերի նկատմամբ քրդերի ոճրագործությունները եւ թուրքերի հետ համատեղ գործողությունները ռուսական զորքերի դեմ։ Նա գրում էր, որ քրդերիմ պետք է վերաբերել որպես ռազմագերիների, քանի որ նրանք սովորական հանցագործներ են և նրանց վերադարձով կխախտվի Վանի անդորրը. ջարդված եւ կողոպտված հազարավոր հայերի հարազատնե­րը չէին կարող անտարբեր մնալ իրենց թշնամիների հանդեպ։ Արամ Մանուկյանը հայ ժողովրդի շահերից ելնելով հանդգնել է ցարական միապետությանը զգուշացնելով մատնանշելով, որ քրդերի վերադարձի դեպքում ինքը չի կարող իր վրա պատասխա­նատվություն վերցնել Վանի շրջանում հանդարտության եւ օրինակարգի համար։ Արամ Մանուկյանն այդ շրջանում նաև զենքի արտոնագրեր է տրամադրել այն հայերին, ովքեր քրդերից (նաև ռուս զինվորների ապօրինություններից) պաշտպանության կարիք էին զգում։

Սովը կանխելու նպատակով Արամ Մանուկյանը ոչ միայն գյուղատն­տեսական աշխատանքները վերսկսելու միջոցներ ձեռնարկեց, այլև հեռատեսություն ցուցաբերելով` օգնության խնդրանքներով դիմեց նահանգի ժողովրդին, Կովկասի եւ գաղութ­ների հայությանը, ինչպես նաև առանձին գրությամբ Ամենայն Հայոց կաթո­ղիկոս Գեւորգ Ե.-ի աջակցությունը խնդրեց։

Ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից 1915 թվականին հուլիսի 11-ից ռուսական զորքերի սկսած նահանջի մասին տեղեկանալով Արամ Մանուկյանը հայրենիքն աղետից փրկելու նպատակով կազմակերպեց ժողովրդի ինքնապաշտպանության ծանր եւ պատասխանատու գործը։ Ապրիլյան հերոսամարտի ավելի քան 1000 մասնակիցների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց 17-45 տարեկան տղա­մարդկանց հավաքագրում, փորձեց զենք-զինամթերք ստանալ ռուսական հրամանատարությունից` թուրքերին դիմադրություն կազմակերպելու նպա­տակով։ Արմ Մանուկյանը Վանում հայ կամավորական ջոկատները կենտրոնացնելու համար ցանկանում էր Կովկասից խնդրել նաև, որ կա­մավորական նոր ջոկատների ուղարկելն արագանցնեն։ Սակայն հնարավեր չեղավ գաղթի կասեցումից խուսափել և նա կազմակերպեց Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։

Նահանգապետության շրջանում ձեռք բերած փորձը Արամ Մանուկյանը կիրառեց հետագայում` Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման եւ ամրապնդման գործում։ 1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչեւ 1917 թվականի դեկտեմբեր ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին:

Երկրորդ փուլ։ Գործունեությունն Արևելյան Հայաստանում

1916-1917 թվականներին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետեւանքով ռուսական Կովկասյան ռազ­մաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանը։ Երեւանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձեւավորելու, 100 հազարավոր արեւմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ա. Մանուկյանը որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանեց Երևան։

Այդպիսով սկսվեց Արամ Մանուկյանի` որպես պետական գործիչ լինելու երկրորդ փուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշակի հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար։ Նրա առաջարկությամբ ստեղծվեց Հատուկ կոմիտե` Երեւանի նահանգի իշխանության նոր մար­մին, որն օժտել է նրան լայն լիազորություններով։ Ապակուսակցական ոգու շնորհիվ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում նա ընտրվեց դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետեւողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր Հայկական կորպուսի երկրորդ դիվիզիան։

Կարգուկանոնի հաստատման տեսակետից ան­չափ կարեւոր էր թաթարական (ներկայումս` ադրբեջանցիներ) հակապետական խռո­վությունների ճնշումը։ 1918 թվականի սկզբին Արամի եւ Դրոյի գլխավորած վճռական եւ անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Արամն իր հեռատեսությամբ եւ պետա­կան մտածողությամբ շարունակեց խռովարար տարրից, նաև այսպես կոչված մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականություն։ Այդպիսով լուծելով նաեւ ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերը։

Անձնական պատասխանատվություն։ Դիկտատոր

Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատ­վությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գեւորգի մահապատիժը։ Այդ որոշումը Ա. Մանուկյանը կայացրեց ավազակային հարձակումները դադարացնելու մասին բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու, և ապա իշխանության դեմ ըմբոստանալու համար։

Հայրենիքի փրկության ճանա­պարհին գաղափարական-քաղաքական խոչընդոտների առաջ կանգ չէր առնում։ Թուրքերին դիմակայելու համար գնաց Խորհրդա­յին Ռուսաստանի հետ համագործակցելուն, չնայած իշխող բոլշեւիկյան կուսակցությունը ՀՅԴ գաղափարական-քաղաքական հա­կառակորդն էր։ Արամի ջանքերով ընդունվեց հայ-բոլշևիկյան համագործակցութ­յան ծրագիր, ըստ որի Արևմտյան Հայաստանը լինելու էր անկախ, իսկ Արեւելյան Հայաստանը ամբողջ Կովկասի հետ միասին հայ-բոլշեւիկյան ուժերով խորհրդայնացվելու էր։

Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուր­քական բանակը գրավեց Արեւմտյան Հայաստանը ու մոտեցավ Արեւելյան Հայաստանին։ Երեւանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երեւանի բնակչությունը, զորքը եւ Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երեւանի նահանգի դիկտա­տոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։

«Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք»
— Հայ ժողովրդին ուղղված Արամ Մանուկյանի կոչից

Թուրքական զոր­քերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երեւանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, եւ ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երեւանից նահանջելու մտքեր։ Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի եւ Ապարանի հաղ­թական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջն­ջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։

Երրորդ փուլ։ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում

1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

«Արամն էր, որ փաստօրէն կառավարում էր երկիրը։ Իբրեւ լիազօր Ազգային Խորհրդի, նա կազմակեր­պել էր վարչութիւնները եւ սպասում էր նորընտիր կառավարութեան եւ Ազգային Խորհր­դի Երեւան տեղափոխուելուն»
— Ա. Բաբալէան, «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից», Գահիրէ, 1959, էջ 8:

Երեւանի Վարչության բաժինների ղեկավարների ընտրության հարցում Մանուկյանը կրկին ապակուսակցական մոտեցում ցուցաբերեց։ Նրա գլխավորությամբ գործող Երևանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ռազմական, վարչական, ընկերային-տնտեսական եւ այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Պետականաշինության գործում լրատվության կարեւորությունը գիտակցելով` հունիսի 23-ին, այդ բարդ ժամանակաշրջանում որոշվեց հիմնել պետական թերթ` «Երեւանի Ազգային խորհրդի լրատու»։

Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի եւ Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երեւան։ Հուլիսի 20-ին Երեւանի եւ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին եւ պատրաստականություն հայտնեց աջակցելու նրան «երկրում կարգ ու կանոն եւ տանելի կյանք ստեղծելու գործում»։ Սակայն «փաստօրէն կառավարութիւնը մնում էր Արամը…»։

Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։

Չորրորդ փուլ։ Ներքին գործերի նախարար

Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արա­մը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկ­րում եւ պետական» շինարարություն սկսել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության ձեւավորման ժամանակ ՀՑԴ-ն խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է ի վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։

1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արա­մի ներկայացրած «Մասնաւոր սեփականութիւն կազմող զէնքերի եւ զինամթերքների պետականացման մասին» օրենքը։ Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանություն­ները, մաուզերիզմը։ Գյուղե­րում բնակիչների մի մասը խուսափում էր հարկերը վճարել։ Արամ Մանուկյանն մասնավոր զենք-զինամթերք պետականացնելը հիմնավորում էր նրանով, որ եթե ժամանակին ժողովրդին զինելն անհրաժեշտություն էր և ինքնապաշտպանական նպատակ էր հետապնդում, ապա այժմ անձի անձեռնմխելիությունը, ունեցվածքի և այլ իրավունքների պաշտպանությունը պետական իշխանության պար­տականությունն էր։ Արամն ամեն կերպ ձգտում էր իր ենթակայության ներքո գտնվողներին զգաստացնել, գործի նկատմամբ պետական մոտեցում սերմանել նրանցում։

Արամ Մանուկյանը կարևորում էր երկրում գրագրությունը հայացնելը։ Նրա առաջարկությամբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշում ընդունեց, որ նոյեմբերի 1-ից հեռագրերը ռուսերենից բացի հայերեն լեզվով պետք է հաղորդվեն։ Որբերին հատուկ ուշադրությամբ և հոգածությամբ էր վերաբերվում` ժողովրդին կոչ անելով օգնել որբերին և փոխադարձ ջանքերով փրկել նրանց։

«Կան դէպքեր…երբ օրէնքն ու իրաւունքը գոր­ծադրելով` մենք յանցաւորներ կը դառնանք, մանաւանդ այնպիսի ծանր ու անբնական ժամանակներում, երբ դէպքերը տեղի են ունենում գահավէժ արագութեամբ եւ ստեղծում դրութիւններ, որոնք օրէնքը չէր կարող նախատեսել»
— Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդ­րություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում եւ մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի:

Ընտանիք

Ամուսանցած էր Հայաստանի առաջին խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր՝ բժշկուհի Կատարինե Զալյան-Մանուկյանի հետ: Ունեին մեկ դուստր՝ Սեդա:

Մահ

Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչը էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համա­ժողովրդական սուգի վերածվեց։ Ներկա էր ամբողջ Երեւանը. մարդիկ եկել էին մի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանին` իրատես ու շրջահա­յաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախն­դիր վարք, համեստ կենցաղ եւ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչին։

Հետաքրքիր փաստեր

Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։

2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։

2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։

Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։

2018 թվականի հուլիսին Երևանում Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ բացվել է Արամ Մանուկյանի հուշարձանը, որի հեղինակն էր քանդակագորձ Դավիթ Մինասյանը։

Մեծերը Արամի մասին

«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»
— Նիկոլ Աղբալյանգրականագետ, քաղաքական գործիչ:

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»։
— Հարություն Թուրշյան, պատմաբան, գրող:

matyan.am

1