Առաջնային խնդիրը եղած սուղ ռեսուրսներով գարնանացանի իրականացման ապահովումն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Առաջնային խնդիրը եղած սուղ ռեսուրսներով գարնանացանի իրականացման ապահովումն է

Առաջնային խնդիրը եղած սուղ ռեսուրսներով գարնանացանի իրականացման ապահովումն է

Շրջափակված Արցախում գյուղատնտեսական մթերքների ներքին արտադրությունը խթանելու,  ոլորտի աջակցության հնարավոր ծրագրերի մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի հետ:

-Շրջափակման շարունակման դեպքում ինչպե՞ս է իրականացվելու գարնանացանը: Կա՞ արդյոք սերմերի և պարարտանյութերի դեֆիցիտ:

-Սա մեր ամենաառաջնային խնդիրներից մեկն է: Գարնանացանի աշխատանքներն իրականացվելու են պահուստային պաշարների, ինչպես նաև Արցախում գործող ագրոմարկետներում առկա սերմերի մնացորդների հաշվին: Նույն կերպ է լուծվելու նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի խնդիրը: Ներկա դրությամբ խնդիրներ ունենք պարարտանյութերի քանակի հետ, որը խիստ սահմանափակ է:

Բայց մեր ունեցած հնարավորությունների սահմաններում արվելու է առավելագույնը՝ վարելահողերը գարնանացան հացահատիկային, բանջարաբոստանային, ընդեղեն, կերային և յուղատու մշակաբույսերով զբաղեցնելու համար:

-Շրջափակման պայմաններում ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել գյուղատնտեսական ապրանքների ներքին արտադրության զարգացման ծրագրերը:

-Ստեղծված իրավիճակում՝ գարնանացանի աշխատանքների լիարժեք կազմակերպման անհնարինության պայմաններում դժվար է խոսել զարգացման ծրագրեր իրականացնելուց: Առաջնային խնդիրն այժմ կայանում է եղած սուղ ռեսուրսներով (վառելիք, սերմեր, բույսերի պաշտպանության միջոցներ և այլն) գարնանացանի իրականացման ապահովումը: Նաև անհրաժեշտ է ներկայումս կազմակերպել աշնանացան մշակաբույսերի սնուցման աշխատանքները, ինչը չի իրականացվում պարարտանյութերի ներկրման անհնարինության պատճառով:

Որպես փոփոխություն՝ թերևս կարող ենք նշել, որ հանրապետությունում առկա բոլոր ոռոգովի տարածքներն այս տարի կօգտագործվեն հիմնականում պարենային մշակաբույսերի մշակության նպատակով՝ զերծ մնալով դրանք տեխնիկական եկամտաբեր մշակաբույսերով զբաղեցնելուց, քանի որ ներքին արտադրության բուսաբուծական մթերքների պահանջարկը, ստեղծված իրավիճակից ելնելով, անհամեմատելիորեն աճել է:

Անասնաբուծության ոլորտում նույն կերպ կշարունակվի կենդանիների մսուրային պահվածքի խթանումը՝ անասնաբուծական նշանակության շենք-շինությունների, դրանց պայմանների արդիականացման, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, կերային կայուն բազայի ստեղծման և մի շարք այլ միջոցառումների հաշվին: Փոփոխության կենթարկվեն ծրագրերի որոշ դրույթներ՝ ֆերմերների համար մատչելիության  և  նախարարության կողմից վերահսկելիության աստիճանի բարձրացման նպատակով:  

-Հետպատերազմյան շրջանում բավականին գումարներ են հատկացվել ջերմոցային տնտեսությունների զարգացման համար. ծրագրվո՞ւմ է արդյոք այդ ջերմոցները պարենային խնդիրների լուծման համար օգտագործել:

-ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պատերազմից հետո «Արցախի Հանրապետությունում ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրի» գործարկումը և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից ջերմատնային տնտեսությունների կառուցման ու զարգացմանն ուղղված փոխառությունների տրամադրումն ի սկզբանե նպատակաուղղված են եղել պարենային խնդիրների լուծմանը՝ տեղական բանջարեղենի արտադրության խթանման միջոցով:

Իհարկե, Արցախում առկա ջերմոցային տնտեսությունների մակերեսները սահմանափակության պատճառով դեռևս հեռու են տվյալ խնդիրը լիարժեք լուծելուց, բայց մոտ ապագայում դրական փոփոխությունները մասնակիորեն նկատելի կլինեն:

Բացի ջերմոցային տնտեսությունների մակերեսների սահմանափակ լինելուց՝ առկա է նաև այլ խոչընդոտ. Արցախում կառուցված ջերմոցների գերակշիռ մասը չջեռուցվող է, այսինքն՝ նախատեսված չէ ձմռանը բանջարեղեն աճեցնելու համար: Դրանք ներկայումս զբաղեցված են կանաչեղենով, որը վաճառվում է տեղական շուկայում:

Ջերմոցների այն փոքր մասը, որը հագեցված է ժամանակակից ջեռուցման համակարգերով, թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով թիրախավորված է, քանի որ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրների պատճառով մշտական և կայուն ջեռուցման ապահովման անհնարինության պայմաններում է գտնվում, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ բերքատվության վրա:

Նաև այդ խնդիրների պատճառով է, որ ջերմատնային տնտեսությամբ զբաղվողները չեն ցանկանում իրենց չջեռուցվող ջերմոցները կահավորել ջեռուցման արդի համակարգերով՝ մտավախություն ունենալով, որ գազի խափանումների հետևանքով ցանված մշակաբույսերի սածիլները կամ բերքը կցրտահարվեն:

Կառավարությունն, իհարկե, փորձում է եղած սուղ հնարավորությունների սահմաններում աջակցել այդպիսի տնտեսություններին, տրամադրելով սահմանափակ քանակությամբ վառելիք՝ ջեռուցման համակարգերի շահագործումը ժամանակ առ ժամանակ ապահովելու համար, բայց բերքի ցրտահարման ռիսկերն այս պահին շատ մեծ են:

Հետագայում նախատեսվում է ջեռուցվող ջերմոցների մակերեսների ընդլայնում՝ պարենային անվտանգության խնդրի լուծման հարցում դրանց դերը զգալիորեն բարձրացնելու նպատակով:

 Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1