Առաջին քայլը՝ Արցախում ականազերծման աշխատանքներին ԱՄՆ օգնության շարունակման ուղղությամբ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը առաջին քայլն է արել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հանձնաժողովն ընդունել է օրենսդրական հաշվետվությունը՝ անուղղակիորեն կոչ անելով շարունակել Արցախում անցկացվող մարդասիրական ծրագրի ֆինանսավորումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ 2021թ. ֆինանսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում:
«Ողջունում ենք այս հաշվետվությունը որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունն այս ծրագրին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ականազերծման և վերականգնման աշխատանքներին համար Արցախին ուղղված օգնության շարունակումը ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի առանջնահերթություններից է: Հանձնախմբի Կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երեմյանիի խոսքով՝ ԱՄՆ կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության ծրագիրը փոքր ծախս է պահանջում, բայց այն ԱՄՆ կողմից խոշոր ներդրում է խաղաղության պահպանման համար:
Նա նշել է, որ չնայած նախորդ տարիներին HALO Trust-ի գործադրած ջանքերին, Արցախում դեռևս ականազերծման ենթական տարածքներ կան: 1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ականների կամ այլ պայթուցիկների հետևանքով 385 մարդ է զոհվել կամ վիրավորվել, այդ թվում՝ HALO Trust — ի աշխատակիցներ:
Ավելի քան 10. 000 հոգի կապ են հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախին հատկացվող օգնությունը շարունակելու համար:
Հատկացումների հանձնաժողովը 2021թ. ֆինանսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագիծն ու դրան կից հաշվետվությունն ընդունել է 29 կողմ, 21 դեմ ձայնով: Նախատեսվում է, որ այն շուտով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Սենատի Հատկացումների հանձնաժողովն Արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը կդիտարկի առաջիկա շաբաթների ընթացքում: Ներկայիս միջոցառումը չի հստակեցնում Հայաստանին կամ Ադրբեջանին անմիջականորեն հատկացվող օգնության ծավալը՝ հնարավորություն տալով Պետքարտուղարությանը որոշելու ֆինսավորման չափն ու իրականացվելիք ծրագրերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նախորդ տարի կոնգրեսականների մի շարք պատվիրակություններ են ժամանել Արցախ և տեղում փաստել ականազերծման աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: