Առաջին դիրքերում՝ ազնիվ և անաչառ գործելաոճով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Առաջին դիրքերում՝ ազնիվ և անաչառ գործելաոճով

Առաջին դիրքերում՝ ազնիվ և անաչառ գործելաոճով

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցածը հայկական աշխարհը կանգնեցրել է նոր իրավիճակի դեմ հանդիման: Կարծես թե պարտադրվեց իրականությանը նայել բաց աչքերով՝ պատրանքի ու լավատեսության շղարշը մի կողմ թողնելով և զգոնությունն ու աչալրջությունը մեր առօրյայում երբեք չկորցնելու հրամայականով:

Պարզ և հստակ դարձավ, որ հայկական պետության սահմանային թեժ գիծը ոչ թե միայն ազատագրական պայքարի արդյունքում ազատագրված Արցախի սահմաններն են, այլ հայկական զույգ պետությունների սահմանային գիծն ամբողջությամբ: Հայկական բանակն այսօր Հայրենիքի սահմանն է պահում ինչպես Տավուշի, այնպես էլ Մռովի, Թալիշի, Ակնայի, Արաքսի ափի, Սյունիքի, Վայոց ձորի, Ախուրյանի ափի  դիրքերում և սահմանային հենակետերում: Հայրենիքի անվտանգությունն սկսվում է այս ընդհանուր սահմանից և պահպանվում է հայ ժողովրդի դարավոր թշնամու՝ պանթուրքիստական նկրտումներ իրականացնող Թուրքիայի և իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի ոտնձգություններից:

Վերջին իրադարձություններն ապացուցեցին,  որ Թուրքիան ցանկանում է վճռորոշ դերակատարություն ապահովել ոչ միայն տարածաշրջանի արևելյան և հարավային հատվածներում, այլ նաև կովկասյան հատվածում: Դա համաշխարհային ուժերի սևեռուն ուշադրության կենտրոնում է, և այդ առումով՝ աշխարհաքաղաքական խնդիր: Ասյպիսով, այլևս սահմանները ոչ միայն առարկայական սահմաններ են, այլ տնտեսական, տեղեկատվական և զանազան երկրներում առկա համայնքային շահերի բախման օջախներ: Այստեղ է, որ զգալի է դառնում ցանցային  համակարգի, նրա կառավարման և վերահսկման կարևորությունը:

Տավուշյան դեպքերից հետո, երբ զանազան երկրներում ցույցերը, դրանց հետևած բախումները, ինչպես նաև Հայ Դատի գրասենյակների լայնածավալ դիվանագիտական աշխատանքներն ապացուցեցին, որ հայկական իրականության մեջ առկա է ցանցային համակարգ, որի գլխավոր դերակատարներից է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Դրան զուգահեռ, դեպքերի զարգացումն ապացուցեց նաև, որ հայկական պետական կառույցները, արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի հետ առնչվող համապատասխան օղակները հաճախ ուշ արձագանքեցին տեղի ունեցածին, քան համայնքներում առկա ՀՅԴ կառույցներն ու Սփյուռքի ինքնակառավարման ավանդական համակարգը: Դեպքերի այս հոլովույթը պարտադրեց ՀՀ իշխանություններին, որ հաշվի նստեն իրենց գնահատմամբ «քաղաքական զրո ազդեցություն» ունեցող ուժի հետ: Մինչև իսկ իշխանության խոսափող հանդիսացող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հարցազրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ:  

Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Դաշնակցությունն ազնիվ և անաչառ է իր գործելաոճով, հայրենիքի անվտանգությունն առաջնային է և չի կարող սակարկության ենթարկվել:

ՀՅ Դաշնակցությունն իր աշխարհասփյուռ կառույցով բոլորանվեր զինվորն է հայրենիքի ու հայ ժողովրդի:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 հուլիսի, 2020թ.

1