Առաջարկվել է ձեւավորել պետական հանձնաժողով

Հուլիսի 6-ին Արցախի Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերը՝ «Արդարություն»-ը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ը եւ ՀՅԴ Արցախի կառույցը, նամակով դիմել են ԱՀ նախագահին, որում անհրաժեշտ են համարել 2022թ.-ի սեպտեմբերի 2-ը նշել պետական մակարդակով եւ այդ նպատակով ձևավորել պետական հանձնաժողով՝ Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նամակում հատկապես նշվում է.
«Այս տարի լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարին: Հայտնի պատճառներով անցյալ տարի չստացվեց արժանավայել նշել 30-ամյակը: 2020թ.-ի պատերազմից հետո Արցախի բնակչությանը հոգեբանական ծանր վիճակից հանելու համար անհրաժեշտ է հանրային լայն մասնակցություն ապահովել և հնչեղություն հաղորդել Արցախի պետականության խորհուրդն իմաստավորող տոներին ու հիշատակի օրերին: Քաղաքական տեսակետից նաեւ այս ծանր շրջանում մեծ նշանակություն ունի Արցախի պետականաշինության կերտման ուղու ներկայացումը եւ անկախ պետության գոյության անհրաժեշտությունը»: