Ապրել, աշխատել, արարել՝ ի հեճուկս թշնամու. նոր բեմադրություն արցախյան բեմում
Գլխավոր » Լրահոս » Ապրել, աշխատել, արարել՝ ի հեճուկս թշնամու. նոր բեմադրություն արցախյան բեմում

Ապրել, աշխատել, արարել՝ ի հեճուկս թշնամու. նոր բեմադրություն արցախյան բեմում

Օգոստոսի 23-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրած «Գիշատիչների խնջույքը» հոգեբանական դրաման՝ ըստ Վահե Քաչայի համանուն վեպի: Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում ապրող ընկերների ու դժվար իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:

Թատրոնը երկրորդ անգամ է անդրադառնում այդ ստեղծագործությանը։ Առաջին անգամ այն բեմադրվեց 1988թ.-ին՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին օրերին, երբ կանգնած էինք լինել-չլինելու խնդրի առջև։ «Իսկ այս անգամ բեմադրվում է շրջափակման օրերին, երբ սոցիալական, քաղաքական և հոգեբանական ծանր կացության մեջ հայտնված ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ վերջնականապես ծնկի գա թշնամու առջև, կա՛մ  մնա իր կոչման բարձրության վրա։ Դարձյալ լինել-չլինելու հարցն է։ Մենք՝ արցախցիներս, այսօր ևս հայտնվել ենք էքստրեմալ պայմաններում. ծանր կացության մեջ ենք։ Եվ թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կհաղթահարի այս փորձությունն ու ինչպես կդրսևորի իրեն, կախված է նրանից, թե որքանով է ամուր մեր բարոյական կողմնացույցը»,- խոսելով ներկայացման մասին՝ ասում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի թատրոնն անձնվեր աշխատանք է  կատարել ու ծանր պայմաններում նոր բեմադրութոյւն պատրաստել։ Շրջափակման հետևանքով թատրոնի ռեժիսորը մնացել է Երևանում և բեմադրության պաասխանատվությունն իր վրա է վերցրել ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։

«Ապրել, աշխատել, արարել՝ ի հեճուկս թշնամու։ Այս է մեր եղել մեր թատրոնի թիմի նշանաբանը։ Կարծում եմ՝ սա էլ մեր յուրատեսակ պայքարն է, ընդվզումը, չարին դիմակայելու ձևը»,- համոզված է Կարինե Ալավերդյանը։

1