«Ափսոսում եմ, որ չհասցրի համբուրել»… 8-ամյա Գոռը մահացել է դպրոցից տուն ճանապարհին` հրետակոծության և պայթյունների ձայների վախից
Գլխավոր » Լրահոս » «Ափսոսում եմ, որ չհասցրի համբուրել»… 8-ամյա Գոռը մահացել է դպրոցից տուն ճանապարհին` հրետակոծության և պայթյունների ձայների վախից

«Ափսոսում եմ, որ չհասցրի համբուրել»… 8-ամյա Գոռը մահացել է դպրոցից տուն ճանապարհին` հրետակոծության և պայթյունների ձայների վախից

«Մանկությունը՝ նշանառության տակ» շարքի շրջանակում լրագրող Շուշան Փափազյանն ու ֆոտոլրագրող Անի Գևորգյանը փաստագրել են Արցախի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված երեխաների ճակատագրերը՝ բացահայտելով վիճակագրական թվերի հետևում թաքնված մարդկային զգայական պատմությունները։ 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքեր։ Զոհված երեխաների վերաբերյալ տվյալներն ամբողջական չեն: Թեև ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 երեխա, «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման արդյունքում նշվում է 21 քաղաքացիական զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ։ Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներ և խեղված ապագան։

«Գոռի անունը ես եմ դրել։ Առաջին երեխային ունենալուց հետո 9 տարի չէի հղիանում։ Տարբեր հիվանդանոցներ, վիրահատություններ… վերջապես հղիացա։ Ամուսինս տեսավ, թե ինչքան եմ տանջվում, ասեց՝ էդքան չարչարվում ես՝ դու էլ կարող ես անունը ընտրես։ Ու ես ընտրեցի՝ Գոռ». Զվարթ Առստամյան

2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ սկսվում է Ստեփանակերտի հրետակոծությունը, Զվարթը կորցնում է իր 8-ամյա որդուն՝ Գոռ Առստամյանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեխայի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Դպրոցից տունդարձի ճանապարհին ութամյա տղայի սիրտը կանգ էր առել վախից՝ հրետակործությունների և պայթյունների ձայներից։

Զվարթ Ավանեսյանի ընտանիքը Արցախից բռնի տեղահանումից հետո մի քանի բնակարան է փոխել: «Խաղահրապարակից եկող երեխեքի ձայները մոտս տագնապ են առաջացնում, չեմ կարողանում հանգստանալ»,- ասում է նա։ 

Փոքր որդու հետ վերջին հիշողությունը Զվարթը պատմում է բոլոր մանրամասներով՝ փորձելով բաց չթողնել ոչ մի մանրուք: Վաղ առավոտ էր, Գոռը չէր ուզում անկողնուց վեր կենալ և դպրոց գնալ: Զվարթը գրկել է նրան, համոզել։ Գոռը դպրոց գնալիս սովորաբար միշտ լաց էր լինում, բայց այդ առավոտ ասել է. «Մա, տես՝ մեծացել եմ ու էլ լացելով դպրոց չեմ գնում»։ 

«Ես ամեն առավոտ համբուրում էի երեխաներիս; Այդ օրը ինչ-որ բան եղավ, ինչ-որ բան շեղեց, ու չհասցրի Գոռին համբուրել։ Երբ դուրս եկավ տնից, մոտեցա պատուհանին, որ կանչեմ հետ գա, չհասցրի, արդեն հեռու էր։ Նրա այդ օրվա հայացքը երբեք չեմ մոռանա»։

Մինչև կեսօր իրավիճակը հանգիստ էր։ Զվարթը զբաղված էր տնային գործերով, երբ մայրը զանգեց. «Ասեց, որ կրակոցներ են սկսվել։ Լավ կլինի գնամ Գոռին դպրոցից տուն բերեմ»։ 

Զվարթը մի քանի հոգու է զանգահարում, ապա նաև դպրոց և հարցնում, թե արդյոք կարիք կա՞ երեխաներին դպրոցից վերցնելու: Նրան հանգստացնում են և հավատացնում, թե դասերը ընթանում են բնականոն հունով, ոչ մի արտակարգ բան չկա. «Երբ հրետակոծություններ էին լինում, էրեխեքին դպրոցի նկուղ էին իջացնում, ու ես միշտ իմացել եմ՝ եթե մի բան լինի, երեխեքը դպրոցում ավելի ապահով են, քան ուրիշ տեղ։ Բայց փաստորեն էդ ժամանակ էրեխեքին ոչ թե նկուղ են իջացրել, այլ տուն ուղարկել»։

Զվարթն ավագ որդու՝ 15-ամյա Գուրգենի հետ տանն էր։ Ամուսինը՝ Մայիսը, աշխատանքի էր Հին Շեն գյուղում։ Զվարթը մի փոքր հանգստանալուց հետո ճաշի պատրաստություն էր տեսնում, ուզում էր դպրոց գնալ, բայց որդին ասում է, թե ինքը կգնա ու կբերի Գոռին. «Անընդհատ կոշիկներիս էի նայում ու մտածում՝ պետք է հագնեմ գնամ Գոռի հետևից։ Մի պահ հագա, նորից հանեցի… իմ ու մեծ տղայիս խոսակցությունն ընդհատեց հրետակոծություն ձայնը։ Կոշիկներս մի կերպ հագա, տնից դուրս վազեցի։ Ոտքերս չէի զգում, բայց գնում էի։ Մի ծնող տեսա, հարցրի՝ Գոռին տեսե՞լ ես, ասեց՝ չէ։ Տեսնեմ՝ Գուրգենն առաջ է վազել, լսեցի գոռաց՝ Գո՜ռ, մտածեցի՝ գտել է։ Սպասեցի, հետ չեկավ, բղավեցի, առաջ գնացի, տեսնեմ՝ տղամարդիկ են հավաքված, Գոռը՝ ընկած։ Մտածեցի՝ ուշքը գնացել է։ Մարդիկ փորձում էին օգնել։ Ու էդ ժամանակ անդադար հրետակոծում էին: Մարդիկ զանգում էին շտապ օգնություն, փորձում երեխայիս արհեստական շնչառություն տալ։ Ես քարացած մնացել էի տեղումս, ոչինչ չէի կարողանում անել։ Նա արդեն մահացած էր»։ 

«Վա՛յ, իմ Գոռը դպրոցում մնաց». Զվարթի վերջին բացականչությունը 

Մայրը դեռ հույս ուներ, որ որդին ընդամենը ուշաթափվել է։ Հավաքվածներից մեկն առաջարկեց իր մեքենայով երեխային հասցնել մոտակա հոսպիտալ. «Մեծ տղես գրկել էր ախպորը ու պինդ պահում էր։ Նա նստել էր մեքենայի հետևում, ես առաջն էի՝ վարորդի կողքին։ Էդ պահին մտածում էի՝ եթե մեքենան ռմբակոծեն, հարվածը ինձ վրա գա… Մենակ հիշում եմ, որ խնդրում էի կողքին պառկեմ, մի քիչ գրկեմ։ Թույլ չտվեցին։ Ծնկի իջա, սկսեցի խնդրել, ասեցին, վիրավորներ են բերում, գոնե նրանք պետք է ապրեն։ Ես իմ տուն էլ չեմ վերադարձել։ Երեխայիս տարան դիահերձարան»,- պատմում է Զվարթը։ 

Նոր փոսերի կողքին, մի փոքրիկ տեղ՝ Գոռի համար 

Արդեն հոսպիտալում Զվարթին ասում են, որ չեն կարող երեխային ընդունել, քանի որ անընդհատ նոր վիրավորներ են բերում և տեղ չունեն։ Գոռին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ էլ գրանցվում է երեխայի մահը՝ սրտի կանգ։ «Հիվանդանոցում մի պահ ինձ հանգստացնելու համար ասին, թե Գոռն աչքերը բացել է։ Ես ուզում էի հավատալ, բայց էդ սուտ էր։ Հեռախոսակապ չունեի, որ զանգեի ամուսնուս կամ ախպորս։ Մի կերպ Գուրգենին հաջողվեց զանգել։ Հարազատներս եկան, հետո սկսեցին բարձր լաց լինել։ Ես գիտակցում էի, որ Գոռն էլ չկա, բայց քարացել էի, միայն լսեցի, որ Գուրգենը գոռալով խոսում էր հոր հետ ու լաց էր լինում»,- հիշում է Զվարթը։ 

Գոռի դպրոցական պայուսակը ողջ ընթացքում մայրն ամուր պահել էր ձեռքում. «Շատ վիրավորներ էին հիվանդանոց բերում։ Բժիշկներն էկան ու ասին, որ վերակենդանացման սենյակը պիտի ազատել…»։ 

Գոռի մարմինը Ստեփանակերտի դիահերձարանում մնում է 4 օր, քանի որ հայրը՝ Մայիսը, պետք է գար Հին Շեն գյուղից՝ որդուն վերջին հրաժեշտը տալու: 

Զվարթը հիշում է, թե ինչպես էր ամուսնու հետ որդու մարմինը հողին հանձնելու համար փոքրիկ փոս փնտրում։ Ասում է՝ անզգայացել էր. «Էնպիսի վիճակ էր… մարդ չկար, որ դիակները տեղափոխեր։ Շատ մեքենաներ Երևանից եկան, որ դա անեն։ Իմ ախպերն ու ամուսինս գնացին էդ աշխատանքներին մասնակցելու, ասին՝ մենք կօգնենք, բայց մեր երեխային էլ պիտի տանենք։ Մի քանի օր նրանք դիակներ են դասավորել… Ողջ ընտանիքով նստում ու քննարկում էինք, թե որտեղ ենք հուղարկավորելու իմ փոքրիկ Գոռին։ Պատկերացնո՞ւմ եք։ Հիմա էլ չեմ հասկանում, թե ոնց չխելագարվեցինք»։ 

Երկար փնտրելուց հետո ընտանիքին հաջողվում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը փոքրիկ տեղ գտնել՝ նոր փորված փոսերի կողքին, մի ծառի տակ։ Հուղարկավորությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 25-ին, երբ Զվարթն արդեն գիտեր, որ պետք է լքեին իրենց տունը, որոշել էր՝ առանց երեխայի ոչ մի տեղ չի գնա։ Ընտանիքը Գոռի մարմինն արտաշիրիմում է անում և կրկին հուղարկավորում Հայաստանում՝ Աբովյան քաղաքում, սեպտեմբերի 27-ին. «Երկրորդ անգամ ես չեմ եղել հուղարկավորությանը։ Սիրտս չէր դիմանա։ Մի քանի օր անց միայն կարողացա գնալ»։ 

Սեպտեմբերի 27-ին Գոռի մարմինը ուրիշ դիակների հետ ուղարկում են Հայաստան։ Մեքենաներից մեկում եղել է Գոռի հայրը՝ Մայիսը։ 

Ընտանիքը նույն օրը լքում է Ստեփանակերտը։ Զվարթը պատմում է, որ իրենց հետ որևէ բան վերցնել չեն կարողացել, քանի որ որդու մահից հետո ամեն ինչ կորցրել էր իմաստը:

Գոռի կարոտն առնելը՝ պատից պոկված նկարներից 

Զվարթը պատմում է, թե ինչպես է սպասել երկրորդ երեխային։ 33 տարեկան էր, երբ կրկին իմացավ, որ տղա է ունենալու։ Ասում է՝ Գոռին մեծացրել է ավելի գիտակցված, հետևել ամեն մանրուքին, քանի որ երկար էր պայքարել երկրորդ անգամ մայրանալու համար։ Գոռի մասին մայրն անցյալով չի կարողանում խոսել, բայց ստիպում է իրեն. լավ էր նկարում, սիրում էր կենդանիներ ու դպրոցում շատ լավ էր սովորում։ Գոռի մանկության դրվագները վերհիշելիս Զվարթը թերթում է որդու նկարած դիմանկարներն ու բնության պատկերները։ 

Սրանք Զվարթը խնամքով պահում է Գոռի հիշատակի անկյունում՝ մանկության խաղալիքը, Գոռի դիմանկարը և մի քանի լուսանկար. «Դպրոցական պայուսակը մի քանի հագուստի հետ հուղարկավորել էինք Ստեփանակերտում։ Ափսոսում եմ, որ որդուցս միայն մի քանի հիշատակներ եմ կարողացել պահել: Էս նկարները Գուրգենս է վերջին պահին պոկել իր սենյակի պատից ու վերցրել հետը։ Լուսանկարներն էլ էստեղ ենք կարողացել տպել։ Ուրիշ բան չունեմ»,- հիշում է մայրը։ 

Ընտանիքը հատուկ պատրաստվում էր հոկտեմբերի 4-ին՝ Գոռի ծննդյան օրվան. այդ տարի նա դառնալու էր 9 տարեկան. «Հյուրերի ցուցակ էր կազմում, ասում էր, թե ինչ պիտի պատրաստենք, ինչ նվերներ է ուզում։ Շատ էր սպասում»։ Այսօր այդ օրն ընտանիքն անցկացնում է գերեզմանատանը։

Գոռի սիրած թխվածքները մայրն այժմ չի պատրաստում, ասում է՝ ապրում է մյուս որդու համար, որ գոնե Գուրգենի երազանքները կիսատ չմնան. «Անընդհատ մտքերով հետ եմ գնում… Ու էդ մտքերից մեր ցավը ես էլ, ամուսինս էլ փակում ենք մեր ներսում, իրար հետ էլ էդ մասին չենք խոսում։ Մտածում եմ՝ եթե Աստված ինձ սիրեր, ինձ կտաներ, բայց հետո հիշում եմ՝ ես էլի երեխա ունեմ»։

Շուշան Փափազյան

Անի Գևորգյան

1