«Ապաշրջափակում» տարակուսելի և զարհուրելի եզրույթը
Գլխավոր » Լրահոս » «Ապաշրջափակում» տարակուսելի և զարհուրելի եզրույթը

«Ապաշրջափակում» տարակուսելի և զարհուրելի եզրույթը

Ստալինը 1920թ․ նոյեմբերի 30-ին, այսինքն՝ ճիշտ այն օրերին, երբ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացվում էին քեմալական սալի և բոլշևիկյան մուրճի արանքում, «Պրավդա»-ին տված հարցազրույցում, համապարփակ կերպով անդրադարձել է Անդրկովկասի (Հարավային Կովկաս) աշխարհա-քաղաքական, ռազմավարական նշանակությանը․«Ռևոլուցիայի համար Կովկասի կարևոր նշանակությունը ոչ միայն նրանով է որոշվում, որ նա հումքի, վառելիքի և պարենի աղբյուր է հանդիսանում, այլև իր դիրքով Եվրոպայի ու Ասիայի միջև, մասնավորապես Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տնտեսական և ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ-ների (Բաթում-Բաքու, Բաթում-Թավրիզ, Բաթում-Թավրիզ-Էրզրում) առկայությամբ։

Այս բոլորը հաշվի է առնում Անտանտը, որն այժմ տիրապետելով Կոստանդնուպոլսին, Սև ծովի այդ բանալուն, կցանկանար պահպանել Անդրկովկասի վրայով դեպի արևելք տանող ուղիղ ճանապարհը։Ով վերջի-վերջո կհաստատվի Կովկասում, ով կօգտվի նավթից և դեպի Ասիայի խորքը տանող ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ․ Ռևոլուցիան թե Անտանտը,- այս է ամբողջ հարցը։

Ադրբեջանի ազատագրումն զգալի չափով թուլացրեց Անտանտի դիրքը Կովկասում։ Անտանտի դեմ Թյուրքիայի մղած պայքարը նույն հետևանքներին հասցրեց։ Այնուամենայնիվ Անտանտը չի վհատում և հյուսում է իր ոստայնը Կովկասում» (Գլխագրով ընդգծումները մերն է,- Կ․ Խ․)։

Ստալինյան հարցազրույցի հետքերով, էական զուգահեռներ կարելի է գծել հարյուրամյա հեռավորության վրա՝ Կովկասի բնական հարստությունների կողոպտման ծրագրերից մինչև հաղորդակցական երթուղիներին տիրանալու ռազմավարական մրցակցություններ, մինչև Թուրքիա-«Ադրբեջան»-ի տեղն ու դերը ռուսական քաղաքականության մեջ և այլն։ Սակայն մի այլ զուգահեռ կա չշարադրված տողամեջերում․ թե այն ժամանակ Ստալինն ու Անտանտն, իրենց նվաճողական իմպերիալ մոտեցումներով, իրավական ի՞նչ սահմանումներ են տվել՝ ստրատեգիական «ամենակարևորագույն» ճանապարհներին, և թե այսօր իրավական ի՞նչպիսի կարգավիճակ է պատկերացվում՝ հաղորդակցական ուղիների «ապաշրջափակում» եզրույթի համար։ Միջանցք, դալան կամ կորիդոր հոմանիշները ճանապարհների դեպքում նշանակում են՝ «անարգել» (unimpeded) անցման հասանելիությամբ և առանց սահմանային-մաքսային անցակետերով (checkpoints) երթուղի, անցք։ Բազմաթիվ աղբյուրներում նշված այս երկու հատկանիշները իրավականորեն առանձնացնում են «միջանցք» հասկացությունը՝ «տրանսպորտային ճանապարհ» հասկացությունից, որն էլ բնորոշ է ինքնիշխան պետություններում առկա հաղորդակցական ուղիներին։

Իսկ «անարգել»-ը (unimpeded) հավաստի բառարաններում բացատրվում է՝ «not blocked» և «unblocked» բառերով, որոնք նույնությամբ համընկնում են՝ «ապաշրջափակված»-ի իմաստի հետ։ Ահա թե ո՞րն է չգրված զուգահեռը։Թե ի՞նչու 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թարգմանության մեջ, «ապաշրջափակել» եզրույթի փոխարեն, չի օգտագործվել՝ «բացել», «վերաբացել», «շահագործել», «վերաշահագործել» կամ այլ տարբերակներ։

Թե ի՞նչու ե՛ւ ոչ մի շահառու պետություն, այդ թվում Թուրքիան ու «Ադրբեջան»-ը ցայժմ լուրջ չեն ընդունել և չեն ընդունում ՀՀ իշխանությունների այն պնդումը, որ «եռակողմ»-ում ոչ մի խոսք չի եղել զանգեզուրյան միջանցքի մասին։

Վախենամ այս տարակուսելի եզրույթի խաբկանքով, ազգովին կանգնենք ևս մի նոր զարհուրելի իրավիճակին դեմհանդիման։

Կարեն Խանլարյան

1